«Նախորդ` ապրիլի 21-ին կայացած դատական նիստում, երբ մեղադրող դատախազը հրապարակում էր մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը, ես հասկացա, որ ի վիճակի չեմ լսել անմարդկային գործողությունների հետևանքով իմ ամուսնու սպանության բոթը և նայել այդ ամբաստանյալների դեմքերին»,- այսօր Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն ընթերցեց հայտնի լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի գրությունը, որով նա բացատրում էր իր՝ ամուսու սպանության գործի քննությանը չմասնակցելու պատճառը:
Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստի ժամանակ միջադեպ գրանցվեց Փառանձեմ Մեյթիխանյանի ու ամբաստանյալ Յուրի Հակոբյանի միջեւ, երբ Մեյթիխանյանը ջրով շիշը նետեց նրա ուղղությամբ:
Փառանձեմ Մեյթիխանյանի նկատմամբ հնարավոր սանկցիա կիրառելու, չկիրառելու հարցն էլ դատարանը որոշեց քննարկել միայն նրա ներկայության ժամանակ ու կոչ արեց նիստի մասնակիցներին կարգ ու կանոն պահել:
Այսօր մեղադրող դատախազը շարունակում է մեղադրական եզրակացությունը հրապարակել, իսկ մեղադրյալներից ոչ մեկն իրեն մեղավոր չի ճանաչում:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ 2016 թվականի հունիսին Նուբարաշենի խճուղում դաժանաբար սպանվեց Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսինը՝ Եղիշե Խաչատրյանը: Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի, Արտաշես Չիչոյանի, Խաչիկ Կոսյանի, Արարատ Նիկողոսյանի, Յուրի Հակոբյանի, Արթուր Զաքարյանի եւ ինքնությունը չպարզված անձի հետ խուլիգանական դրդումներով Եղիշե Խաչատրյանին կյանքից զրկելու միասնական դիտավորությամբ, գիտակցելով մեկը մյուսի գործողությունները եւ մեկը մյուսի գործողությունները լրացնելով, խմբով ձեռքերով եւ ոտքերով անկանոն հարվածներ են հասցրել Եղիշե Խաչատրյանի կենսական նշանակություն ունեցող օրգանի` գլխի, ինչպես նաեւ կրծքավանդակի եւ որովայնի շրջաններում եւ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ` ապօրինաբար Եղիշե Խաչատրյանին դիտավորությամբ զրկել են կյանքից:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ