Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Չեմ ուզում երկրորդ անգամ երազանքներ պահեմ». Վիրավոր զինվորը բանակում երազել է սիրած աղջկա հետ ամուսնանալ

Մայիս 03,2017 14:26

Այսօր «Հենարան» ակումբում էին ապրիլյան պատերազմում վիրավորված զինծառայողներ Հայկ Սեխիլյանն ու Դանիել Դավթյանը:

Մենք հետաքրքրվեցինք՝ ապրիլյան պատերազմից հետո մեծ աղմուկ բարձրացավ անորակ վառելիքի, տանկերը չլիցքավորելու հետ կապված, դուք նման բան ձեր ծառայության ընթացքում նկատե՞լ եք: Հայկ Սեխիլյանը պատասխանեց. «Այդ ամեն ինչը բանակի վրա ցեխ շպրտել է, նման բան չկա: Սեյրան Օհանյանի ժամանակով ես 10 տարի է՝ համակարգում եմ, հարցեր լինում է՝ միշտ բարձրաձայնում եմ, բայց կոնկրետ վառելիքի հետ կապված, որ խոսակցություններ են պտտվում, թե փամփուշտ չկար, գողացել են, տարել են՝ չկա նման բան: Փամփուշտ չի հասել դիրքեր այն ժամանակ, երբ այդ մեքենային հակառակորդն արդեն վնասազերծել էր: Այնպես չի, որ մենք այսօր փամփուշտի խնդիր ունենք կամ վառելիքն անորակ է եղել: Ճիշտ է, տեխնիկան հին է, բայց սարքին վիճակում է: Կարեւորը տեխնիկայի ճիշտ օգտագործումն է: Նույն ԱՄՆ-ի M-16 զենքերը ոչ մի բանով չեն կարող հասնել մեր ռուսական Կալաշնիկովին, որ 80-ականների զենք է, բայց շատ զենքերից առավել է՝ իր ամեն ինչով»:

Ուշագրավ է, որ Դանիել Դավթյանը, որը 22 տարեկան է, հայտարարեց, որ երազանքներ չունի:

Aravot.am-ի հետ զրույցում մեր հարցին՝ մինչ բանակ գնա՞լն էլ երազանքներ չեք ունեցել՝ նա պատասխանեց. «Բանակում լավ երազանքներ ունեի, բայց չիրականացան իմ երազանքները: Երազում էի ամուսնանալ, ընտանիք կազմել, աշխատանք ունենալ ու այդպիսի լավ-լավ բաներ: Իմ երազանքները չիրականացան, դրա համար էլ հիմա երազանքներ չեմ պահում: Գիտեմ, որ հիմա պետք է վիրահատություններ անցնեմ ու չեմ ուզում երկրորդ անգամ երազանքներ պահեմ»:

Դանիելը պատմեց, որ սիրած աղջիկ է ունեցել ու երազել է բանակում նրա մասին: Հիմա նա իր կողքին է, բայց երազանքներ, միեւնույն է, վախենում է ունենալ նրա հետ կապված:

Իսկ Հայկ Սեխիլյանն ասաց, որ երկու տղա ունի, մեկը՝ 9 տարեկան, մյուսը՝ 10: Իր վիրավորվելը ծանր է տարել հատկապես փոքր տղան, որն անդադար հարցնում է՝ «Մի տարի է՝ ասում ես ժամանակի հարց է, կքայլես, բայց ո՞ւր է»:

Հայկ Սեխիլյանի խոսքերով՝ «Աշխատում եմ այնպես անեմ, որ չզգան, տղաներիս հետ, որ դուրս եմ գալիս, ձեռնափայտս չեմ վերցնում»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031