Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ապրիլյան պատերազմի վիրավոր զինվորը լսել է հող հանձնելու մասին ու վիրավորվել. «Անիմա՞ստ էր փաստորեն» (Տեսանյութ)

Մայիս 03,2017 14:06

Հայկ Սեխիլյանն ասաց, որ եթե իշխանությունները նման որոշում կայացնեն, իրենք միանշանակ իշխանությունների դեմ դուրս կգան, որովհետեւ արյուն են թափել այդ հողի վրա: Իսկ Դանիել Դավթյանի խոսքերով՝ ինչքան ես տեղյակ եմ, հողեր են ուզում հետ տալ ու ես էդ ամեն ինչի վրա բարկանում եմ՝ ինչի՞ պիտի այդքան տղաներ զոհ տանք:

Դանիել Դավթյանը քառօրյա պատերազմի ժամանակ գլխուղեղային բեկորային վնասվածք է ստացել Մատաղիսում: Նրա խոսքերով՝ բեկորները դեռ գլխում են, ոտքերի մեջ:

Այսօր «Հենարան» ակումբում նա պատմեց, որ ընդամենը մեկ ամիս էր մնացել, որ զորացրվեր, երբ վիրավորում ստացավ:

Մեր հարցին, թե ինչ փոխեց ապրիլյան պատերազմը ձեր կյանքում, ձեր մտածելակերպում՝ նա պատասխանեց. «Ցավալի է, խի՞ պիտի այդպիսի բան լիներ: Այս կռիվը բոլորի համար էր անիմաստ, ինչի սկսվեց, ինչի այսպես եղավ: Ու այդքան մենք զոհ տվեցինք ու հետո պիտի որոշեն, որ մենք ինչ-որ հողե՞ր հետ տանք: Ինչքան ես տեղյակ եմ, հողեր են ուզում հետ տալ ու ես էդ ամեն ինչի վրա բարկանում եմ՝ ինչի՞ պիտի այդքան տղաներ զոհ տանք ու անիմա՞ստ փաստորեն էդ ամեն ինչը: Իրենք որոշում են, որ Ղարաբաղի ինչ-որ հատված պիտի հետ տան, դուք էլ երեւի լսած կլինեք, որ ուզում են այդպիսի բան անեն: Շատ ցավալի է, որ այդպես են մտածում»:

Թալիշում վիրավորված պայմանագրային զինծառայող Հայկ Սեխիլյանը, թեեւ շարժվում է հենակների օգնությամբ, բայց վստահեցնում է, որ ամեն ինչ անելու է, որ թշնամին չմոտենա մեր սահմաններին. «Մեր ամեն մի զինվորի վիրավորվելը թե կորուստը մեր համար ահավոր ցավալի է: Իրենք կարող է հարյուրավորներ, հազարավորներ կորցնեն՝ իրենց համար դա սովորական բան է»:

Նրա խոսքերով՝ «Մենք միանշանակ թույլ չենք տա, որ հող հանձնեն: Ճիշտ է, թղթերով առաջին կարգի հաշմանդամ եմ, բայց ես ինձ չեմ ընդունում՝ որպես հաշմանդամ: Այնպես չի, որ հաշմանդամ եմ, չպետք է պատերազմի մասնակցեմ կամ զինվորներին օգտակար լինեմ: Սայլակի վրա թեկուզ փամփուշտները պահեստատուփի մեջ լիցքավորելը ահագին մեծ գործողություն է արդեն: Եթե մենք վիրավորվել ենք ու պետությունն էլ կոպիտ ասած մեզ ուշադրություն չի դարձնում, չի նշանակում, որ մենք պետք է հիասթափվենք: Չկա նման բան, որ ասենք՝ մի անգամ վիրավորվել ենք, էլ ինչի համար գնանք: Բոլոր վիրավոր զինվորներն էլ, սաղ էլ էսօր պատրաստ են, մի մարդու նման կանգնած են»:

Մեր հարցին՝ ձեր ընկերը՝ Դանիել Դավթյանն ասաց, որ իրեն շատ վիրավորված կզգա, եթե հողերը հանձնելու հարց բարձրացվի, դուք ի՞նչ կանեք այդ պարագայում՝ Հայկ Սեխիլյանը պատասխանեց. «Մենք մեր ուժերը ամբողջ ներդնելու ենք, որ ոչ մի հող չհանձնվի, դաժե բառիս բուն իմաստով ոչ մի սանտիմետր հող: Այն, ինչ կա ներկա պահին իրենց մոտ, դա ժամանակավոր բնույթ է կրում: Քաղաքական հարցեր են, ներկա պահին մեկնաբանելու չի, թե ինչ պատճառով, բայց համոզված եղեք, որ այն հողերը, որ կա ներկա պահին իրենց մոտ, լինելու է մեր մոտ: Իսկ թե պետությունը կորոշի հող հանձնի, թե չէ՝ դա արդեն պետության խնդիրն է: Բայց բոլոր զինվորները, դաժե 90-ականների մասնակիցները, ԵԿՄ-ականները ոչ մեկը թույլ չի տալու, որ հողերը հանձնվեն»:

Նա ասաց, որ եթե իշխանությունները նման որոշում կայացնեն, իրենք միանշանակ իշխանությունների դեմ դուրս կգան, որովհետեւ արյուն են թափել այդ հողի վրա. «Ո՞նց կարանք էդ հողը տենց թողենք, կանենք ամեն ինչ, որ էդ հողերը չհանձնվի: Եթե մեկը կարող է երաշխավորել, որ եթե մենք այդ հողերը հանձնենք ու Ադրբեջանի կողմից չի լինի կրակոց, միանշանակ համաձայն կլինեմ, բայց մենք Ադրբեջանի հետ գործ ունենք, իսկ իրենց չի կարելի ոչ մի պարագայում վստահել»:

Հայկ Սեխիլյանը հպարտությամբ պատմեց, որ ապրիլյան պատերազմի վիրավոր զինվորներին աջակցում է բարերար, ԱՄՆ-ից ժամանակ Թագուհի Օհանյանը: Նա իր ուժերով թիմ է ստեղծել եւ որոշել քառօրյա պատերազմում վիրավորված զինվորներին աջակցել: Փորձում է պայմանները բարելավել, որ հաշմանդամը կարողանա իր տան մեջ ազատ տեղաշարժվել. «Ուրախ կլինեմ, որ նման հարցերով մեր պետությունը զբաղվեր, ոչ թե թողնեին, որ դրսից բարերարներ գային դրանով զբաղվեին: Մենք տեսանք, որ ապրիլին ոչ միայն զինվորները, այլ ողջ հայ ազգը ոտքի էր կանգնել, պետությունը պետք է հնարավորություն գտնի եւ անի դա»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031