Լրահոս
Օրվա լրահոսը

Վիրավոր զինվորին հիվանդանոցը հրաժարվում է թուղթ տալ, որ չեն կարող բուժել, ինչ է թե իրենց հեղինակությանը վնաս չլինի

Մայիս 03,2017 13:35

Այսօր «Հենարան» ակումբում ապրիլյան պատերազմում հրազենային վնասվածք ստացած զինվորականներ Դանիել Դավթյանն ու Հայկ Սեխիլյանը ասուլիս էին հրավիրել:

Հայկ Սեխիլյանը պայմանագրային զինծառայող է, Թալիշում վիրավորվել է ականի պայթյունից եւ ստացել ողնաշարային վնասվածք. «Կորցրել էի ոտքերիս զգացողությունն ու շարժը, հիմա, փառք Աստծո, բժիշկների օգնությամբ սկսել եմ կամաց-կամաց վերականգնվել, քայլել: Եթե այստեղ ինչ-որ բան չստացվի, նոր կուղարկեն արտերկիր»:

Արդեն մեկ տարի է՝ նրա արտերկիր մեկնելու հարցը դրված է քննարկման. «Դեռ որոշում են, ապարատուրա այստեղ չկա, բայց մեր մասնագետները լավն են, բարձրակարգ մասնագետներ են, սարքավորման խնդիր է: Արտերկիր մեկնելն ինձ լիարժեք քայլելու հնարավորություն կտա»:

Գերմանիայից տեսնելով Հայկի էպիկրիզները, խոստացել են, որ արդյունավետ կլինի բուժումը:

Դանիել Դավթյանը նույնպես վերականգնողական փուլում է գտնվում: Նա գլխուղեղային բեկորային վնասված է ստացել քառօրյա պատերազմում, որի հետեւանքով առաջացել է ձախակողմյան թուլություն եւ աչքերի ձգվածություն:

Զինվորները նեղվում են, որ արտերկիր իրենց ուղարկելու հարցն անընդհատ ձգձգվում է. «Չստացվեց, բայց կարիք կա արտերկիր մեկնելու, որովհետեւ իմ գլխի մեջ երկու բեկոր կա, դա պետք է հեռացնեն: Պետք է վիրահատություն անեն: Պետությունը արտերկրից էլ բժիշկների է հրավիրել, որ քառօրյա դեպքերի տղաներին վիրահատեն: Հուսով եմ, այստեղ կանեն»:

Հարցին՝ վիրավորվել եք պատերազմում, պետությունն ինչքանո՞վ է աջակցում, որ ձեր սոցիալական խնդիրները լուծեք՝ Դանիել Դավթյանը պատասխանեց. «Աջակցում է այնքանով, որ թոշակ ենք ստանում՝ 91 հազար դրամ: Խնդիրներն ավելի շատ են, իրենց տված գումարով, ոնց ասեմ, հազիվ ճանապարհի ծախս, բոլոր հոգսերն ընտանիքի վրա են»:

Հայկ Սեխիլյանն ասաց, որ, ճիշտ է, պետությունն անվճար վերականգնողական կուրսերի է իրենց տանում, բայց շատ հարցերի ուշադրություն չեն դարձնում. «Ես, օրինակ, ապրում եմ Աջափնյակ համայնքում, բուժումը ստանում եմ թիվ 1 հիվանդանոցում, արդեն գնալ-գալու խնդիրները մեծ խնդիր են առաջացնում: Ես ամուսնացած եմ, ունեմ երկու անչափահաս զավակ, վարձով եմ մնում: Բայց էսօր ես պետությունից ոչ մի բան չեմ սպասում՝ ինչ-որ աջակցություն կամ այլ բան: Ես չեմ գնացել կռիվ, որ պետությունը ինչ-որ բան տա: Պետությունից իմ միակ խնդրանքն այն է, որ ուղարկի բուժումների կամ ժամանակին ինչ պետք է՝ արվի բուժման հետ կապված»:

Հայկ Սեխիլյանը շնորհակալություն էր հայտնում իր վերադաս հրամանատարությանը, որոնց ջանքերով վիրավորումից հետո համակարգից չեն հանել եւ գործազուրկ չեն դարձրել, ինչպես արել են իր շատ ընկերների հետ. «Պահել են ծառայության մեջ: Կուզենայի, որ բոլորին էլ պահեին: Մարդիկ կան, որ գնացել են քառօրյա դեպքերի ժամանակ վիրավորվել են, աշխատանքը կորցրել են: Պետությունը տրամադրում է առաջին կարգի զինհաշմանդամության թոշակ՝ 93 հազար դրամ, բայց ամուսնացած են, ընտանիք, բան, ո՞նց հասցնի»:

Մեր հարցին՝ կան քառօրյա պատերազմի վիրավորներ, որ դժգոհում են արտերկիր ուղարկելու հանձնաժողովի որոշման հետ կապված, ըստ ձեզ, այն, որ ձեզ էլ չեն ուղարկում, դրա համար օբյեկտի՞վ պատճառներ կան, թե՞ անիմաստ ձգձգում են՝ Հայկ Սեխիլյանը պատասխանեց, որ արտերկիր մեկնելը մեծ գումարների հետ է կապված. «Անուններ չշեշտեմ հիվանդանոցների, բայց երբ ասում ենք, որ թուղթը տվեք, որ դուք էլ այստեղ չեք կարողանում բուժեք, ասում են՝ մենք դա որ տանք՝ մեր կլինիկայի հեղինակության հետ ենք խաղալու: Եթե չեք կարողանում ստեղ բուժեք՝ իմաստը ո՞րն է պահելու: Կամ մի տարի է՝ հանձնաժողովը որոշում է՝ այդ մարդուն ուղարկե՞ն դուրս, թե՞ չէ: Նմանատիպ հարցերը կուզենայինք, որ ավելի արագ ձեռնարկեին: Չի լինում այստեղ՝ ուղարկեն դուրս: Կոնկրետ ոչ մի բան չեն ասում՝ կուղարկենք, չենք ուղարկի: Արդեն մի տարի է՝ հանձնաժողովի որոշմանն եմ սպասում»:

Դանիել Դավթյանն էլ դժգոհեց, որ անընդհատ «էսօր-էգուց» են անում ու ոչ մի բացատրություն չեն տալիս, թե ինչու են այդ հարցը ձգձգում ու ինչքան:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031