Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Ծառուկյանը «ինքնաբացարկի» դիմում ներկայացրածներին հրավիրել էր հանդիպման

Մայիս 03,2017 13:24

Երեկ երեկոյան ԿԸՀ մամուլի խոսնակը հրապարակել է ինքնաբացարկի դիմումներ ներկայացրած անձանց ցանկը։ Այդ ցանկում բավականին ուշագրավ էր «Ծառուկյան» դաշինքի ինքնաբացարկ ներկայացրածների ցուցակը՝ Արարատ Զուրաբյան, Նապոլեոն Ազիզյան, Խաչիկ Մանուկյան, Վահան Կարապետյան, Լյովա Խաչատրյան, Աբրահամ Մանուկյանի որդին եւ այլք՝ թվով 23: Նրանցից ոմանք այդ ցուցակի հրապարակումից հետո հայտարարեցին, որ իրենք ինքնաբացարկի դիմումներ չեն գրել եւ առհասարակ տեղյակ էլ չեն, թե ինչ եւ ինչու է տեղի ունեցել։

Նապոլեոն Ազիզյանը ավելի վաղ քանիցս տարբեր հարցազրույցներում ասել էր, որ ինքն անպայման վերցնելու է մանդատը։

Ի դեպ, եթե այս անձանցից որոշների, օրինակ՝ Արարատ Զուրաբյան, Լյովա Խաչատրյանի պարագայում վերջիններս չեն կարողացել ապահովել ձայների այն քանակը, որը մինչ ընտրությունները պարտավորվել էին բերել դաշինքին, ապա ասենք՝ Նապոլեոն Ազիզյան, Վահան Կարապետյան, Խաչիկ Մանուկյանի եւ Աբրահամ Մանուկյանի որդու դեպքերում փոքր-ինչ անհասկանալի էին այդ իբր ինքնաբացարկները, քանի որ նրանք ոչ միայն ապահովել են խոստացված ձայների քանակը, այլ որոշ դեպքերում նաեւ գերակատարել։

Երեկ երեկոյան արդեն այս ցուցակի անձանցից շատերն ընդվզեցին՝ հայտարարելով, որ իրենք պաշտպանելու են իրենց իրավունքները։ Նապոլեոն Ազիզյանն, օրինակ, դա պատրաստվում էր անել նաեւ դատական կարգով։ Աբրահամ Մանուկյանը, մեր տեղեկություններով, որոշել է հարցերը լուծել, այսպես ասած՝ տղավարի. հենց երեկ մեր տեղեկություններով նա զանգել է Գագիկ Ծառուկյանին եւ հայտնել իր վրդովմունքը։ Գագիկ Ծառուկյանն ասել է, թեպետ ամեն ինչ այդպես ստացվեց, սակայն իրենք խնդիր չունեն միմյանց հետ, կհանդիպեն, կխոսեն եւ իրար կհասկանան։ Աբրահամ Մանուկյանը, սակայն, ասել է, որ ինքը խոսելու խնդիր չի տեսնում, բայց կատարվածը չի հանդուրժելու։

Իսկ Խաչիկ Մանուկյանը այսօր առավոտյան արդեն գնացել է Կենտրոնական ընտրական հանձնաժողով, դիմում ներկայացրել, որ ինքը ետ է վերցնելու իր անունով գրված ինքնաբացարկի դիմումը։ Ժամը 15.00-ին ԿԸՀ-ն պիտի քննի Խաչիկ Մանուկյանի դիմումը, ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն էլ Խաչիկ Մանուկյանին հավաստիացրել էր, որ օրենքի տեսանկյունից նա որեւէ խնդիր չունի եւ իր դիմումը կբավարարվի։

Քիչ առաջ Aravot.am-ին հայտնի դարձավ, որ Գագիկ Ծառուկյանը իր մոտ է հրավիրել երեկ իբր ինքնաբացարկի դիմում ներկայացրած այդ 23 անձանց, տեւական զրույցից հետո նրանք դուրս ես եկել Գագիկ Ծառուկյանի մոտից՝ հրաժարվելով իրենց արդեն հայտարարած պայքարի մեթոդներից։

Aravot.am-ին դեռեւս չի հաջողվում ճշտել, թե ինչ խորհրդակցություն է եղել Գագիկ Ծառուկյանի մոտ, որն այս մարդկանց ստիպել է «զենքերը վայր դնել»: Մեր բազմաթիվ հեռախոսազանգերը դեռեւս անպատասխան են մնում։ Այս ամենի վերաբերյալ «Ծառուկյան» դաշինքից պաշտոնական պարզաբանում ստանալ առայժմ նույնպես չի հաջողվում։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031