Լրահոս
Օրվա լրահոսը

«Միայն թեքահարթակ կառուցելով չէ». Զառա Բաթոյան

Մայիս 03,2017 13:25

«ԵԼՔ» դաշինքի անդամ Զառա Բաթոյանը մտահոգություն հայտնեց, որ Երևանը շարունակում է մնալ ոչ մատչելի հաշմանդամություն ունեցող անձանց համար:

«Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկմանը Զառա Բաթոյանը հայտարարեց. «Հիմնական խնդիրը տրանսպորտի մատչելիությունն է, քաղաքաշինական խնդիրները, որոնք ազատ տեղաշարժվելու հնարավորություն չեն տալիս տեղաշարժվելու դժվարություն ունեցող անձանց: Ուզում եմ նաև նշել, որ մատչելի միջավայրը միայն թեքահարթակը չէ: Հիմա նաև այլ կարծրատիպ ենք ձևավորել, երբ մատչելի միջավայր ասելով՝ հասկանում են թեքահարթակներ: Դրա մասին չէ խոսքը: Այո, թեքահարթակներ ինչ-որ տեղերում կառուցվում են, բայց քաղաքաշինական բոլոր նախաձեռնություններում բացակայում են ներառական մոտեցման չափանիշները»:

Զառա Բաթոյանը նկատեց, թե մեր երկրում ծրագրեր են արվում հիմնականում բոլոր քաղաքացիների համար և ինչ-որ փոքր ծրագրեր հաշմանդամություն ունեցող անձանց համար: Այսինքն՝ ներառական մոտեցման խնդիր կա, մինչդեռ իրականում ծրագիրը պետք է ներառի բոլոր մարդկանց:

Երևանի քաղաքապետարանի սոցիալական վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը վստահեցրեց, թե քաղաքապետարանը հսկայական ջանքեր է գործադրում նշված խնդիրները լուծելու համար, սակայն մտահոգություն հայտնեց, որ իրենք «խորհրդային ժամանակներից ծանր ժառանգություն են ստացել». «Այսօր Երևանում ունենք 62 հազար հաշմանդամություն ունեցող անձինք, որոնցից 2003-ը հաշմանդամություն ունեցող երեխաներն են: 2013-ի քաղաքապետարանի նախաձեռնությամբ սկսվեց արմատական բարեփոխումների իրականցման փուլ, կարողանանք հասնել մի ժամանակահատվածի, երբ մայրաքաղաքը իրական մատչելիություն կունենա հաշմանդամություն ունեցող անձանց համար:

2013-2016-ին քաղաքապետարանի կողմից մայրաքաղաքի փողոցների տարբեր հատվածներում կառուցվել են 2000 թեքահարթակներ, որոնք այլևս դարձել են որակ, քանի որ կառուցումից առաջ հրավիրեցինք այդ խնդիրներով զբաղվող հասարակական կառույցների և խնդրեցինք ներկայացնել այն առաջնահերթ փողոցների ցանկը, որտեղ անհրաժեշտ է իրականացնել թեքահարթակներ: Այսօր 73 փողոցների տարբեր հատվածներում ունենք գոգավոր ծածկույթներով հատվածներ, որոնք տեսողության խնդիրներ ունեցող անձանց զգուշացնում են մայթի մոտալուտ ավարտի վերաբերյալ: 54 խաչմերուկներում տեղադրված են ձայնային ազդանշաններով լուսացույցներ, որոնք տեղափոխման խնդիրներ ունեցող անձանց զգուշացնում են փողոցի անցման ժամանակահատվածի մասին: Վճարովի ավտոկայանատեղիներում 101 տարածքներ առանձնացված են, որոնք 1-ին, 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց և նրանց տեղափոխող մեքենաների համար են, որոնք քաղաքապետարանից ստանում են անվճար օգտվելու համար կտրոններ: Արդեն շուրջ 300 անձ նման տարբերանշան է ստացել: 25 ավտոբուսներ կահավորված են հատուկ վերելակներով հաշմանդամություն ունեցող անձանց տեղափոխման համար»:

Զառա Բաթոյանը հակադարձեց, թե նոր կառուցվող մի շարք շենքեր հարմարեցված չեն հաշմանդամություն ունեցող անձանց համար. «Օրինակ՝ Հայաստան կինոթատրոնը, որի վրա մեծ գումարներ են ծախսվել, ոչ մի կերպ հարմարեցված չէ հաշմանդամություն ունեցող անձանց համար: «Յանս» ժամանցային ակումբում մեծ ծախսեր են արվել, բայց դա ևս հարմարեցված չէ, հարմարեցված չեն նաև բազմաթիվ ռեստորաններ: Մենք վերանորոգում ենք մեր մայթերը, փոխում ենք սալիկները, բայց որևէ ձև ուղղորդող հատակներ չեն արվում, որ վերջում էլ նախազգուշացնողը դնենք: Ավտոկայանատեղիները, որոնք հաշմանդամություն ունեցող անձանց համար են, ավելի լայն պետք է լինեն, որ անձը կարողանա կողքից մոտենալ ու նստել մեքենա: Որևէ ավտոկայանատեղի, որը նշված է հաշմանդամություն ունեցողի համար, նման հարմարություն չունի»:

Զառա Բաթոյանը նաև մտահոգություն հայտնեց, որ հաշմանդամություն ունեցող անձանց համար կահավորված ավտոբուսները գնալով նվազեցին. «2 տարի շարունակ 10-ական ավտոբուս հարմարեցվեց, հետո թիվը նվազեց, դարձավ 5: Այդ ավտոբուսների երթուղու մասին տեղեկությունը հաշմանդամություն ունեցող անձը չունի: Հեռախոսահամարը կամ միացված չէ կայանին, կամ մարդը տեղյակ չէ, թե, օրինակ, թիվ 28 ավտոբուսը որ ժամին կլինի կանգառում: Վերելակներն էլ անսարք վիճակում են»:

Տիկին Զաքարյանը բավականին ագրեսիվ էր տրամադրված Զառա Բաթոյանի նկատմամբ: Նա զգուշացրեց, թե Զառա Բաթոյանն իրավունք չունի քաղաքապետի հասցեին վիրավորական արտահայտություն անել, ասել, թե ծիծաղելի էր նրա ասածները: Զառա Բաթոյանն էլ հակադարձեց, թե դա վիրավորանք չէ: Տիկին Զաքարյանը վստահեցրեց, որ քաղաքապետը միշտ իր խոսքի տերն է:

Այնուհետև Զառա Բաթոյանին հարց հղեց, թե «Ելքն» ինչ տեսլական ունի նշված խնդիրների լուծման համար: Զառա Բաթոյանը ներկայացրեց «Ելքի» ծրագիրը՝ եզրակացնելով, թե, փաստորեն, քաղաքապետարանում «Ելքի» ծրագրին ծանոթանալու դժվարություններ կան:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031