Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Բռնի իսլամացված հայ կանանց պատմությունը. Akunq.net

Մայիս 03,2017 13:10

Հայոց ցեղասպանությունից արդեն 102 տարի է անցել։ Ջարդերի, կոտորածների թեմաներից մեր ուշադրությունը սևեռեցինք հայ կանանց խնդրի վրա, որոնք բոլորովին անհայտ են Ցեղասպանության համատեքստում։ Խանեի, Ֆաթիքեի,Զեյնեի, գյուղապետուհի Ֆաթմայի ու իր աղջկա, ինչպես նաև Հավեի պատմությունը ցույց է տալիս, թե պատերազմն ու Ցեղասպանությունն ինչպես են մեկ այլ արհավիրքի վերածվում` կանանց մարմինների միջոցով։ Այս կանայք, որ չնայած ամեն բանի՝կարողացել են հաջորդ սերունդներին պատմել իրենց ապրածները, վկայությունն են առ այն, որ վերստին կինն է մշակութային հիշողության իրական կրողը։  

Թեև մեկ դար է անցել հայերի կողմից «Մեծ եղեռն» անվանված Ցեղասպանությունից հետո, Եղեռն, որին զոհ գնաց մեկուկես միլիոն հայ, այնուամենայնիվ Միություն և առաջադիմություն կուսակցության թուրքական ազգայնական հարձակումներից ամենամեծ վնասը կրած հայերը դեռևս որևէ իրավունք չեն կարողանում պահանջել իրենց ունեցվածքի նկատմամբ, և ցայսօր հստակ հայտնի չեն անգամ, թե որտեղ են գտնվում նրանց եղբայրական գերեզմանները։ Ցեղասպանության հետքը փնտրեցինք Մարդինում, որը Եղեռնից առաջ մեծաքանակ հայ ազգաբնակչություն է ունեցել։

Խանեի և Ֆաթըքեի պատմությունը

Ցեղասպանությունից հետո է բացահայտվել երկու կանանց՝ Խանեի ու Ֆաթըքեի պատմությունը։ Սա այն հայ կանանց ցավալի պատմություններից է, որոնք գերեվարվում էին, բռնի իսլամացվում, այնուհետև կնության վերցվում՝ որպես սեռական շահագործման համար ստրուկ, երրորդ կամ չորրորդ կին։ Ֆաթըքեն դեռ գրկի երեխա էր, երբ Ցեղասպանության ժամանակ մայրն իրեն տվել էր հարևանին՝ Էյնոյին, իսկ վերջինիս ամուսինը՝ Շեհմուսը, սեռական շահագործման ենթարկել նրան: Իսկ Պետոյի դուստր Խանեին գնել էին Դեր Զորի մարդկային քարավանների միջից և սեռական բռնությունների զոհ դարձրել Մարդինի Մազըդաղ գավառի Փիրան գյուղում։ Սեռական բռնությունների մասին այս պատմությունը հայ կանանց տառապանքով լի, գաղտնի պահված պատմությունների մի փոքր հատվածն է միայն ։

Պատկերացրեք, թե ինչպես եք ձեր սեփական հողում հանկարծակի սկսված իրադարձություններից հետո մի վայրկյանում օտարական դառնում, ահա Ֆաթըքեի պատմությունն էլ է այդպիսին։ Նա ծնվել է այն ժամանակ, երբ Մարդինի Փիրան գյուղի հայ բնակիչների քարավանը կոտորում էին Նևալա Փիվազա կոչված լեռնոտ տարածքում, իսկ ինքը մոր գրկում իր փոքրիկ մարմնով տեղ էր զբաղեցրել շարասյան մեջ՝ դառնալով այն յոթերորդ անձը, որին, ով գիտի, թե որ մուսուլմանն էր թրատելու՝ դրախտ ընկնելու փափագով։

«Թրատելիք կա» ասվեց թե չէ` դանդաղ քայլերթ էր սկսվում

Երբ զինվորները, դռները թակելով, ասում էին «թրատելիք կա», նույն գյուղի մուսուլմանները սրերն էին կապում, իսկ հայերն իրենց մոտալուտ մահն ազդարարող այս խոսքերով վերջին անգամ իրենց հայրենի տանն էին նայում ու ճանապարհ ընկնում։ Քանի դեռ նրանք իրենց իսկ սեփական փողոցներով միաշարք մահվան ճամփորդության էին դուրս գալիս, հետևում թողնված տները խլելուն անհամբեր սպասողների միջից, ո~վ գիտի, որ մեկն է ողբերգության զգացողություն ապրել։ Շարասյան մեջ գնացողներից մեկն էլ դեռ չանվանակոչված Ֆաթըքեն էր. ի՞նչ կարիք կար մի հաճելի անուն դնել, չէ՞ որ գերեվարված կանանց անուններն առանց այդ էլ իսլամացվում էին։ Երբ շարասյան մեջ գտնվող մայրը, մի պահ մտածելով՝ «գոնե նա փրկվի», Ֆաթըքեին բարուրի մեջ իր հարևանին՝ Էյնոյին էր տալիս, եթե ենթադրեր, թե իր աղջիկը հետագայում ի~նչ փորձությունների միջով էր անցնելու, արդյո՞ք դարձյալ Էյնոյին կվստահեր։

7 տարեկանում շահագործումն սկսվում է 

Հայ աղջկա՝ Ֆաթըքեի պատմությունը, ում իրական անունն անհայտ էր և Մուհամմեդի աղջկա անունն էր կրում, այսպես է սկսվում։ Երբ Էյնոյի ու Շեհմուսի որդեգիր Ֆաթըքեն 5 տարեկան է դառնում, մի քանի տարի անց իրենց տղայի՝ Խեթոյի հետ ամուսնացնելու համար օրօրոցախազ (բաշիքյարթմա) են անում։ Ֆաթըքեն և Խեթոն, որ մինչ այդ որպես քույր-եղբայր էին մեծացել, այսուհետ այդ փուլն ավարտելով՝ ամուսինների դեր էին ստանձնելու։ Ֆաթըքեի ողջ մանկությունը լռությամբ է պարուրվում, իսկ 7 տարեկան հասակում իր կյանքի ամենադաժան օրերն է ապրում։

Ֆաթըքեն «բաշիքյարթմա» արած Խեթոյի հոր՝ Շեհմուսի կողմից շարունակ սեռական շահագործման է ենթարկվում, սակայն որևէ մեկին այս մասին չի կարողանում պատմել։ Երբ 12 տարեկան է դառնում, ցանկանում են նրան մանկահասակ տարիքում ամուսնացնել Խեթոյի հետ, սակայն Շեհմուսը դեմ է լինում։ Ամուսնությունը 3 տարի հետաձգվում է, և ի վերջո Խեթոն փախցնում է Ֆաթըքեին, որից հետո Շեհմուսը Էյնոյին պատմում է իր ոտնձգությունների մասին, իսկ Էյնոն հետ է բերում Ֆաթըքեին ու մանկահասակ աղջկան Շեհմուսի հետ ամուսնացնում։ Էյնոն, չկարողանալով ինքն իրեն ներել իր իսկ մեծացրած աղջկան բռնի ամուսնացնելու փաստը, լքում է գյուղն ու տունը և ապաստան գտնում Մարդինի մոտակայքում՝ Քեսրա Հեսենե Քենջո բնակավայրում։ Մի քանի տարի անց Էյնոն տարածաշրջանի ամենահայտնի այլընտրանքային բժիշկն է դառնում և այստեղ բազմաթիվ հողեր գնում։ Պատերազմից հետո նոր Թուրքիայում սով է սկսվում, և Էյնոն օգտվելով այն հանգամանքից, որ Շեհմուսը ևս սովի է մատնված, Ֆաթըքեին իր մոտ է տանում և միասին են սկսում ապրել։

Դեր Զորի շարասյան գերուհին՝ Խանեն

Պետոյի (Խանա Պետո) դուստր Խանեն վաճառքի համար նախատեսված այն կանանցից մեկն էր, որոնց խումբը տեղահանել էին` Անատոլիայի(Արևմտյան ՀայաստանիԱկունքի խմբ.) շարասյունների հետ միասին Սիրիայի Դեր Զոր անապատներն ուղարկվելու պատրվակով ու զանգվածաբար կոտորել Մարդինի մոտակայքում։ Հեսենը, ով, եթե կարելի է այսպես ասել, հայ դիակների կողոպտիչների կին միջնորդ էր, գնում է Խանեին, իսկ Խանեն պահանջում է, որ 10-ամյա եղբորը ևս իր հետ տանի։

Խանեին Փիրան գյուղում, որպես «երկրորդ կին», Շեհմուսե Հեջիին են վաճառում, իսկ եղբորը Մուհամմեդ անունն են տալիս։ Խանեն կենաց մահու կռիվ էր մղում. մի կողմից փորձում էր քրդերեն սովորել, մյուս կողմից` ջանում ձերբազատվել իրեն օտարող կանանց վերաբերմունքից ու չենթարկվել նրանց ճնշումներին, մի կողմից էլ ամեն գիշեր «ամուսին» կոչված տղամարդու կողմից բռնաբարության էր ենթարկվում։ Խանեն, ինչպես գյուղացիներն են ասում, շատ գեղեցիկ ձայն ուներ՝ ճիշտ իր արտաքինի նման, և իր ողջ տառապանքները փորձում էր մեղմել հայերեն երգեր երգելով, մինչդեռ եղբայրը՝ Մուհամմեդը, շատ փոքր էր կատարվածը հասկանալու համար և նոր կյանք էր սկսում նոր անունով ու նոր կրոնով։

Նյութի մանրամասները կարդացեք Akunq.netի  կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031