Հայաստանը կարող է դառնալ կամուրջ ռուսական ընկերությունների համար Իրանի հետ համագործակցության նպատակով: Այսօր այս մասին «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում ասաց ՌԴ Առեւտրի եւ արդյունաբերության պալատի արտասահմանյան երկրների հետ առեւտրատնտեսական համագործակցության դեպարտամենտի տնօրեն Ալեքսանդր Պուշկինը:
Նրա ուղեկցությամբ մեր երկրում են գտնվում նաեւ ռուսաստանցի գործարարներ, որոնք, ինչպես նշեց Ալեքսանդր Պուշկինը, համագործակցության առաքելությամբ են Հայաստանում:
Նրա խոսքերով, ռուսական կողմը մեծ հետաքրքրություն ունի եւ իր առջեւ խնդիր է դրել կարգավորել առեւտրատնտեսական համագործակցությունը Հայաստանի հետ, որպեսզի մեկ միասնական տարածքում ներկայացված լինի Նիժնի Նովգորոդի արտադրանքը, բացի այդ երկկողմ կապեր հաստատվեն:
Ռուսական պատվիրակությունը, որի կազմում էր նաեւ Ռուսական գործարար միավորման ղեկավար Գլեբ Լավրովը, խոսեցին նաեւ մեր երկրում հնարավոր ներդրումային ծրագրերից, տուրիզմի ոլորտում համագործակցությունից:
Հարցին, թե այս պահի դրությամբ հայկական քանի՞ ընկերություն է համագործակցում Նիժնի Նովգորոդի հետ, որքա՞ն է կազմում ապրանքաշրջանառությունը, ի՞նչ ապրանքներ են արտահանվում, պարոն Պուշկինն ասաց, որ այս պահին չի կարող թվեր նշել, բայց կայուն ապրանքաշրջանառություն կա եւ այն ավելանալու միտում ունի:
«Եթե մենք ուզում ենք զարգացնել համագործակցությունը պետք է շրջանառությունը մեծացնել, եւ ստեղծել նոր համատեղ ձեռնարկություններ»:
Ասուլիսին ներկա գործարարները նշեցին, որ իրենց համար Հայաստանը նաեւ այլ շուկաների հետ է հանդիսանում կապող օղակ:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ