Լրահոս
Օրվա լրահոսը

Ե՜վ կնպաստենք ՀԱՊԿ ակտիվացմանը, եւ օգտակար կլինենք մեր երկրին. «Հայոց Աշխարհ»

Մայիս 03,2017 11:52

Երեկ նախագահ Սերժ Սարգսյանի որոշմամբ՝ Յուրի Խաչատուրովը ազատվեց Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից եւ ստանձնեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը մշտապես եղել է Ռուսաստանի ներկայացուցիչ, առաջին դեպքն է, երբ ռոտացիոն սկզբունքով ՀԱՊԿ անդամ մեկ այլ պետության ներկայացուցիչ նշանակվում է այդ պաշտոնում: Ի՞նչ դերակատարություն կարող է դա ունենալ կառույցի ու Հայաստանի համար:

Խնդրի շուրջ զրուցեցինք ԱՊՀ երկրների ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱՐԿԱՐՈՎԻ հետ։

-Նիկոլայ Բորդյուժայից հետո, այո, առաջին անգամ այդ պաշտոնին նշանակվեց Հայաստանի ներկայացուցիչը. այբբենական կարգով ՀԱՊԿ նախագահությունն անցավ Հայաստանին: Ռոտացիան ընդունված սկզբունք է, որ գործում է նաեւ միջազգային տարբեր կազմակերպություններում:

Անշուշտ, դրա կիրառումը դրական կլինի կառույցի համար: Հանձին գլխավոր քարտուղարի՝ ՀԱՊԿ-ն ունի իր դեմքը, սակայն կազմակերպության ամենօրյա աշխատանքն իրականացվում է ոչ թե գլխավոր քարտուղարի «ուղեղի», «ձեռքերի», «մկանների» միջոցով, այլ տվյալ կազմակերպության ողջ ապարատի կողմից:
ՀԱՊԿ-ը՝ որպես կոլեկտիվ անվտանգության մարմին, ունի մի ամբողջ բյուրոկրատական ապարատ, որը զբաղված է կառույցի առօրյա գործունեությամբ, իսկ դա բխում է այն փաստաթղթերից, որոնք ընդունվում են ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների կողմից: Դրանք ռազմավարական նշանակության փաստաթղթեր են, սահմանում են կառույցի գործունեությունն ու տեսլականը որոշակի ժամանակահատվածի համար:

Հաճախ է տրվում այն հարցը, թե ի՞նչ դեր կարող է ունենալ ՀԱՊԿ նախագահի պաշտոնում Հայաստանի ներկայացուցչի նշանակումը: Այդ դերում նա կարո՞ղ է առաջ մղել մեր երկրի շահերը:

-Ամեն մի կազմակերպության մեջ Հայաստանը պետք է փորձի առաջ մղել իր պետական շահը՝ անկախ նրանից, թե տվյալ կազմակերպության մեջ ո՞վ է ՀՀ ներկայացուցիչը ու ի՞նչ դեր է խաղում այնտեղ: Պարոն Խաչատուրովի համար՝ որպես ՀԱՊԿ ղեկավարի, Հայաստանի շահերն առաջ մղելը կարող է լինել ե՛ւ հեշտ, ե՛ւ դժվար:

Ի՞նչ նկատի ունեմ։ Ոչ Հայաստանի քաղաքացու կողմից արված հայտարարությունները, մասնավորաբար երբ դրանք վերաբերում են Հայաստանին, կարող են ունենալ այլ հնչեղություն, մինչդեռ այն կունենա բոլորովին այլ հնչեղություն, եթե ասողը Հայաստանից է: Ամեն դեպքում սկզբունքն այն է, որ կազմակերպության դիրքորոշումը պետք է պահպանվի, քանի որ այստեղ կարեւորը ոչ թե ղեկավարի ով կամ որ երկրից լինելն է, այլ ՀԱՊԿ-ի ռազմավարական տեսլականի իրականացումը:

Հայաստանն այն երկրներից է, որ միշտ փորձում է ակտիվ դիրքորոշում ունենալ ՀԱՊԿ-ի գործունեության մեջ, մի շարք նախաձեռնությունների հեղինակ է: Ու Հայաստանն իր այս քաղաքականությունը շարունակում է՝ անկախ նրանից, թե ինչպես են իրենց պահել կամ պահում մյուս անդամ պետությունները:

Յուրի Խաչատուրովը եղել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը, իսկ հիշյալ կառույցները պարզ է, որ առնչություն են ունեցել ՀԱՊԿ-ի աշխատանքների հետ, իրականացրել են ծրագրեր, որոնք անմիջականորեն առնչվում են ե՛ւ Հայաստանի շահերին, ե՛ւ առհասարակ ՀԱՊԿ-ի գործունեությանը: Սա նշանակում է, որ Հայաստանն ունի հնարավոր գործողությունների այն փաթեթը, որով կարող է օգտակար լինել ե՛ւ մեր երկրին, ե՛ւ նպաստել ՀԱՊԿ-ի գործունեության ակտիվացմանը:

Ստացվում է, եթե Յ. Խաչատուրովը վաղը կոշտ հայտարարություն անի Հայաստանի կամ Ղարաբաղի դեմ դիվերսիա իրականացրած Ադրբեջանի հասցեին, ՀԱՊԿ անդամ երկրներն այն կհամարեն կողմնակալություն կամ հայամետ քա՞յլ:

-Նման պատմություններ եղել են նաեւ Բորդյուժայի շուրջ, երբ նրա հայտարարությունները քննադատվեցին ՀԱՊԿ որոշ անդամ երկրների կողմից: Նրանք պնդում էին, թե դրանք իրենց հետ համաձայնեցված չեն եղել:

Անհրաժեշտ է հիշել մի բան. հարկ եղած դեպքում նման իրադարձություններին պետք է արձագանքել ժամանակին եւ կոշտ, ավելի ճիշտ՝ դիպուկ: Պարզ է, որ այն անհրաժեշտ է համաձայնեցնել բյուրոկրատական ապարատի հետ, իսկ դա ժամանակ պահանջող գործընթաց է: Մանավանդ երբ գործ ունենք այնպիսի գործընկերոջ հետ, ինչպիսին է Ղազախստանը, որի պատճառով ձգձգվեց ՀԱՊԿ ղեկավարի պաշտոնում Հայաստանի ներկայացուցչի նշանակումը:

Եվ ուրեմն, ունենալով նման գործընկերներ, կարելի է ենթադրել, որ հայտարարությունները կարող են տարբեր արձագանքներ ունենալ հենց այդ պետությունների կողմից։ Նրանք կարող են ասել, որ այդ կարծիքն իրենց հետ համաձայնեցված չի եղել: Բայց հարկ է հաշվի առնել մի պարզ բան. այս կամ այն հայտարարությունը արվում է ոչ թե անհատի կողմից, ոչ թե դա նրա մտահղացումն է, այլ պատկանում է տվյալ կազմակերպությանը:

Մենք արդեն իսկ պետք է նաեւ մտածենք հետեւյալի մասին, ինչպե՞ս ենք վերաբերվելու այն հայտարարություններին, որոնք կարող է անել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը ապագայում զբաղեցնող ոչ ՀՀ քաղաքացին, այդ թվում՝ նաեւ նույն Ղազախստանի ներկայացուցիչը:

Արմինե Սիմոնյան

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031