Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեն Սիմոնյան. «Ոչ թե միայն ասում ենք՝ «ելք կա» եւ անցնում առաջ, նաեւ կոնկրետ թաղամասին վերաբերող հարցեր ենք բարձրացնում». «Հայոց աշխարհ»

Մայիս 03,2017 11:29

«Ելք» դաշինքի Երեւանի ավագանու թեկնածու ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆՆ ընդհանուր առմամբ նորմալ է գնահատում քարոզարշավի ընթացքը՝ չհաշված, որ դրանում բացակայում է նախընտրական քարոզչության հիմնական բաղադրիչներից մեկը՝ քաղաքական բանավեճը, որպես քաղաքացու ընտրությունը կանխորոշող կարեւոր գործոն եւ միջոց։

-Լավ կլիներ՝ բանավեճ լիներ, որն ավելի լսելի է, ավելի դիտարժան եւ հնարավորություն է տալիս ակտիվացնելու ընտրողներին, ավելի շատ մարդկանց ներգրավելու ընտրական գործընթացում։ Ցավոք, հակառակ կողմը խուսափում է բանավեճից։

-Պարտադի՞ր է, որ բանավեճն անպայման առաջին դեմքերի մակարդակով լինի։

-Չէ, ինչո՞ւ։ Կարեւորը՝ համարժեք մարդ լինի. ասենք՝ մեր ցուցակի երկրորդ համարը բանավիճի իրենց ցուցակի երկրորդ համարի հետ, հինգերորդը՝ հինգերորդի, երրորդը՝ երրորդի. որեւէ խնդիր չենք տեսնում։

-Թվում էր, թե այս ընտրություններում փորձելու եք մի քայլ առաջ գնալ՝ նոր տարրեր մտցնել ձեր քարոզչական զինանոցում, բայց կարծես թե գնում եք տրորված ճանապարհով. կրկնում եք այն, ինչ անում էիք խորհրդարանական ընտրությունների ժամանակ։ Նոր գաղափարների պակա՞ս կա։

-Մենք խնդիր չենք դրել ինչ-որ հնարքների դիմելու, տարբեր հնարքների միջոցով մարդկանց մեր կողմը քաշելու. ընտրողների հետ անմիջական շփումն ենք նախընտրում։ Քննարկել ենք՝ ինչպես կազմակերպել քարոզարշավը, եղել են տարբեր կարծիքներ, բայց որոշում է կայացվել, որ անմիջական շփումն, այնուամենայնիվ, քարոզչության ամենաճիշտ եւ ամենաազդեցիկ միջոցն է։ Դրա համար էլ որոշել ենք նույն ոգով շարունակել։ Ինչքանո՞վ արդյունավետ է այդ մարտավարությունը՝ վերջում կերեւա։

-Ասել է թե՝ նախընտրական արշավի երկրորդ մասո՞ւմ էլ ականատես չենք լինի քարոզչական նորամուծությունների։

-Չեմ ասի՝ գաղտնիք է։

-Քարոզարշավի առաջին տասնօրյակն ամփոփելով՝ ի՞նչ կասեք. երեւանցիները հետաքրքրվա՞ծ են այս ընտրություններով, ընդունո՞ւմ են Երեւանի զարգացման ձեր տեսլականը, պատրա՞ստ են քվեարկել «Ելք» դաշինքի օգտին։

-Հետաքրքրությունը բավական մեծ է։ Նրանք, ովքեր խորհրդարանական ընտրություններում աջակցել են մեզ, տեսել են, որ իրենց ձայները չեն փոշիացել, եւ դա ոգեւորել է մարդկանց։ Վստահ եմ, որ նաեւ դրա շնորհիվ առնվազն կկրկնապատկենք այն ցուցանիշը, որ գրանցել ենք Երեւան քաղաքում։

-Չե՞ք կարծում, որ ընտրողների հետ ձեր շփումները խիստ հպանցիկ բնույթ ունեն. բակից բակ անցնելով՝ ոտքի վրա ներկայացնում եք քաղաքապետի ձեր թեկնածուին եւ քաղաքական թիմի մյուս ակտիվիստներին, վստահեցնում, որ մայրաքաղաքում ստեղծված իրավիճակից ելք կա՝ կոչ անելով ձայն տալ «Ելք» դաշինքին, եւ գրեթե ոչ մի խոսք ծրագրային դրույթների մասին։

-Եթե մի քիչ ավելի ուշադիր հետեւեիք մեր քարոզարշավին, կտեսնեիք, որ, նախ, մենք մեր ծրագրի սեղմագիրն ենք բաժանում մարդկանց, եւ ոչ թե միայն ասում ենք՝ «ելք կա» եւ անցնում առաջ, նաեւ կոնկրետ թաղամասին վերաբերող հարցեր ենք բարձրացնում։

Օրինակ, Շենգավիթ համայնքում խոսում էինք վերելակների մասին, ասում էինք, թե ինչքան գումար է ծախսվել Շենգավիթի վերելակների վրա, եւ ինչքան՝ Ավանի վերելակների վրա։ Հո չե՞նք կարող մտնել 30-40 կամ 100 բնակարան ունեցող շենք, ծեծել դռները, սուրճ խմել բոլորի հետ, պատմել մեր ծրագրերի մասին։

Դրա համար էլ ասում ենք՝ եկեք մարդկանց ավելի հասանելի դառնանք. բոլորի տանը հեռուստացույց կա, բոլորը ունեն Հանրային հեռուստատեսությանը հետեւելու, ինտերնետ մտնելու հնարավորություն, եւ ոչինչ չի խանգարում՝ առանց փոխադարձ վիրավորանքների, արտառոց ինչ-որ դրսեւորումների, զուտ ծրագրային բանավեճ ծավալել։

Լիլիթ Պողոսյան

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031