Մի քանի օր առաջ Հայաստանում ավարտվեց Միջինարևելյան միջազգային Էսպերանտո հանդիպումը, որն այս անգամ սկսվեց Վրաստանում:
Էսպերանտո լեզվի մասին բազմիցս խոսվել է, շատերը ծանոթ են այս ունիվերսալ միջազգային լեզվի հետ և գիտեն, որ Հայաստանում նույնպես կա այդպիսի հասարակական կազմակերպություն՝ ԱԷՄ- Հայաստանի Էսպերանտո Միություն: Ամեն տարի Հայաստանում, ինչպես նաև ուրիշ երկրներում անցկացվում են համաժողովներ, ֆորումներ, հանդիպումներ:
Սակայն 10-րդ MOEK-ը (Mezorienta Esperanto Kunveno) մեր երկրում երկրորդ անգամ է հյուրընկալում էսպերանտիստներին, որոնք եկել էին տարբեր երկրներից: Այս հանդիպումը, ինչպես միշտ լի էր տարբեր միջոցառումներով, դասախոսություններով և Հայաստանի տեսարժան վայրերի այցելություններով:
Այս անգամ ժամանել էին էսպերանտիստներ Անգլիայից, Հունգարիայից, Ճապոնիայից, Լեհաստանից, Իսպանիայից, Ռուսաստանից, Լիտվայից, Բելգիայից, Իրանից, Գերմանիայից: Միջազգային Էսպերանտո-հանդիպման բացումը տեղի ունեցավ Վրաստանում, որտեղից նրանք ժամանեցին Հայաստան:
Երևանում առաջին այցելությունը, իհարկե, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրն էր, որը անմոռանալի տպավորություն թողեց բոլորի վրա: Անմեղ զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցեցին ինչպես այն էսպերանտիստները, որոնք առաջին անգամ էին Հայաստանում, այնպես էլ նրանք, որոնք արդեն եղել էին մեր երկրում: Դասախոսությունների շարքում հյուրերը ունկնդրեցին Հայաստանում Էսպերանտո-շարժման մասին, նաև մեկ ուրիշ շատ հետաքրքիր նրանց համար ելույթ՝ անկրկնելի Հայկական գրերի ստեղծման մասին: Հյուրերից ելույթ ունեցան Միջազգային Էսպերանտո Միության նախկին նախագահ Ռենատո Կորսետին և ներկայիս փոխնախագահ Ստեֆան Մակգիլը: Իր ելույթով հանդես եկավ նաև Իրանի Էսպերանտո Միության նախագահ Նազի Սոլատը:
Հայկական Էսպերանտո Միության անդամները միշտ շատ ջերմ են ընդունում հյուրերին: Հանդիպումների ժամանակ հնչում են հայկական երգերը, ընթերցվում հայ բանաստեղծների ստեղծագործությունները՝ թարգմանված Էսպերանտո լեզվով: Հայ էսպերանտիստներից ելույթ ունեցավ նաև Հայաստանի Էսպերանտո-շարժման վետերան, Բանասիրական գիտությունների դոկտոր Կամարնիկ Գևորգյանը:
«Մինչ նոր հանդիպում: Ձեր երկիրը և Ձեր ընդունելությունը անմոռանալի են: Մենք սիրում ենք Հայաստանը» – հաճախակի հնչում էր Էսպերանտո-լեզվով:
Այդ հանդիպման շնորհիվ արտասահմանյան հյուրերը ավելի լավ ծանոթացան մեր երկրի հարուստ պատմության և մշակույթի հետ:
Դա շատ կարևոր է, երբ մարդիկ հեռանում են նորից հյուրընկալվելու ցանկությամբ: Եվ մենք նույնպես մաղթում ենք՝ «Մինչ նոր հանդիպում մեր սիրելի նոր ընկերներ:»
Մերի Տիրացույան