«Իրավունքի Եվրոպա միավորում» կազմակերպության նախագահ Լուսինե Հակոբյանն ասում է, որ 28 հազար տեղական դիտորդներից միայն «Անկախ դիտորդ» դաշինքի եւ «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության դիտորդներից են բողոքներ ստացվել, այդ թվում՝ օբյեկտիվ ընտրական իրավունքի խախտումների մասին։
– Ի՞նչ գումար է ստանում դիտորդը, ի՞նչ չափի եւ ինչի՞ համար։
– Դիտորդը չի կատարում աշխատանք որեւէ կազմակերպության համար, այդ թվում՝ եւ մեր։ Մենք աշխատանքային հարաբերությունների մեջ չենք դիտորդների հետ, ոչ էլ նրանք մեզ ծառայություն են մատուցում։ Դիտորդը ծառայություն է մատուցում հասարակությանը, ծառայում է հանրային շահին կամավորական հիմունքներով։ Այլ բան է, որ մեր կազմակերպությունները նախատեսում են դիտորդության դիմաց օգնություն, որը մենք անվանում ենք ֆինանսական խրախուսանք։ Այն սիմվոլիկ է՝ 15 հազար դրամ։ Սա չի կարող աշխատավարձ դիտարկվել։ Այո, այդ խրախուսանքի խոստումը եղել է, եւ դա վճարվում է դիտորդներին, ուղղակի դրանց վճարումը տեխնիկական պատճառներով՝ բանկային եւ այլ խնդիրների պատճառով, մի փոքր ձգձգվել է։ Չմոռանանք, որ մեր առաքելությունը մոտ 3 հազարից ավելի դիտորդներ է ունեցել, եւ տեխնիկապես բարդ է բանկերի միջոցով արագ կազմակերպել վճարումը։ Հանրաքվեի ժամանակ մենք այդ նույն խնդիրներն ունեինք բանկերի հետ, երեք անգամ քիչ էին դիտորդները, եւ համարյա մեկ ամիս պահանջվեց վճարումը կատարելու համար։ Բոլորը ստացան իրենց գումարները, հիմա էլ կստանան։
– Իսկ դուք ստուգե՞լ եք, որքանո՞վ են արդյունավետ աշխատում այս 3 հազարից ավելի դիտորդները։
Կարդացեք նաև
– Մենք քննարկում ենք, որոշակի սանդղակներ ներմուծում ապագայի համար, որպեսզի դիտորդների շրջանում էլ պահպանվի արդարությունը։ Իրականացնում ենք ստուգումներ երկրորդական զանգերի միջոցով, որովհետեւ մեծ թվով դիտորդներից ընտրության օրը տեղեկություն չենք ունեցել ու զանգերի միջոցով ենք պարզել, թե իրականում ինչ է տեղի ունեցել իրենց տեղամասերում։
Մենք նպատակ ունենք բյուրեղացնել դիտորդական առաքելությունը։ Հանրաքվեից հետո դա չարեցինք, ինչը սխալ էր։ Այսօր ունենք մի պատկեր, երբ կան անբարեխիղճ դիտորդներ։ Ապագայում այս ստուգումների համակարգը մենք կկիրառենք, իսկ խրախուսական վճարը կտրվի տարբերակված մոտեցումով, որպեսզի այն դիտորդները, որոնք բարեխղճություն են ցուցաբերել, չխրախուսվեն նույնկերպ, ինչ նրանք, ովքեր գնացել են, հորանջել են կամ կեսից լքել են ընտրատեղամասը։
Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում