Ուղիղ մեկ տարի առաջ ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության կողմից հարուցվեց քրեական գործ՝ Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի ուսանող Ա. Ի.-ի նկատմամբ:
Նրա նկատմամբ խափանման միջոց ընտրվեց ստորագրություն չհեռանալու մասին:
Ա. Ի.-ն 2016թ. ապրիլի 21-ին մկրատի գործադրմամբ բացել էր Արագածոտնի մարզի Մաստարա գյուղի 3 փողոցի սեփական տներից մեկի տան պատուհանը, մտել բնակարան եւ այնտեղից գաղտնի հափշտակել 126.000 ՀՀ դրամ ընդհանուր արժողության երեք հատ ոսկյա մատանի:
Ամբաստանյալն իրեն մեղավոր էր ճանաչել, ասել էր, թե «Կայուն եկամտի աղբյուր չունենալու պատճառով ուսումից ազատ ժամերին զբաղվել է անասնապահությամբ եւ բանվորական աշխատանքով»: Ի դեպ, դատարանը, որպես Ա. Ի.-ի անձը բնութագրող տվյալներ, պատիժը եւ պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքներ հաշվի էր առել այն, որ նա երիտասարդ է, նախկինում դատված չի եղել, սովորում է, ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում, մարտական պատրաստության բարձր ցուցանիշների, ծառայողական պարտականությունները պատշաճ կատարելու համար հրամանատարության կողմից պարգեւատրվել է պատվոգրով, հանդիսանում է «Դուքենդոյի միջազգային ֆեդերացիայի» անդամ, բազմաթիվ անգամ մասնակցել է Հայաստանի Հանրապետությունում մրցույթների եւ արժանացել մեդալների ու պատվոգրերի:
Երիտասարդի՝ 2016թ. ապրիլի իր ուսման տարեկան վարձավճարի չվճարած մասը կազմել է 152.000 ՀՀ դրամ գումար եւ չի կարողացել գումար գտնել, քանի որ հայրը գտնվում էր ՌԴ-ում՝ արտագնա աշխատանքի, գումար չէր ուղարկել: Երիտասարդը հայտնել էր, որ վարձավճարի պատճառով ինստիտուտից չհեռացվելու համար, «այլընտրանք չունենալով», որոշել է գողություն անել: Նախապես տեղյակ էր, որ տուժողն ու նրա դուստրը տանը չեն, տան բակի պարսպի վրայով հայտնվել էր նրանց բակում: Ի դեպ, հենց բակում էլ տեսել էր կիսաժանգոտ մկրատը, որով էլ բացել էր տուժողի տան պատուհանը:
«Տեսա հյուրասենյակի սեղանին դրված պլանշետը, դյուրակիր համակարգիչը, որին ուշադրություն չդարձրեցի, քանի որ գումար էր պետք»,-ասել է ամբաստանյալը:
Նա տանտիրոջ առաջին հարկի ննջասենյակում փնտրել է ոսկյա իրեր կամ գումար, սակայն չի գտել, իսկ երբ բարձրացել է տան երկրորդ հարկի ննջասենյակ, այնտեղ զարդապահարանի մեջ դրված տարբեր տեսակի բազմաթիվ ոսկյա զարդերի միջից գողացել է երեք հատ ոսկյա մատանի: Մատանիները նա թաքցրել է իրենց տանը կից կիսաքանդ շինությունում՝ հողի տակ: Դրանք չի հասցրել վաճառել, քանի որ գողությունից մեկ օր հետո նա հրավիրվում է ՀՀ ոստիկանության Թալինի բաժին, ուր խոստովանում է եւ զղջում՝ կատարվածի համար:
Կարդացեք նաև
Տուժող Ե.Մ.-ն դեպքի օրը փակել է տան բոլոր պատուհանները, բանալիով փակել տան դուռը եւ բակի դարպասի կախովի փականը, դստեր հետ գնացել են դպրոց: Դպրոցից երբ եկել է տուն, մտել է բակ, տեսել է, որ մուտքի մոտի պատուհանը գտնվում է կիսաբաց վիճակում: Նախ ստուգել է տանը եղած արժեքավոր իրերը եւ ապա հայտնաբերել է, որ զարդապահարանի ձախ կողմի դարակում իր կողմից դրված տուփի մեջ եղած մոտ 30 կտորից բաղկացած եւ մոտ 3.000.000-3.500.000 ՀՀ դրամ ընդհանուր արժեքի տարբեր տեսակի ոսկյա զարդերի միջից բացակայում են իրեն պատկանող չորս ոսկյա մատանիները: Հաջորդ օրը կատարվածի մասին հաղորդում է տվել: Ըստ տուժողի, չորս ոսկյա մատանիները միասին արժեր 200.000 ՀՀ դրամ: Չնայած մի քանի օր անց, ննջասենյակը մաքրելիս մահճակալի տակից գտել է իր ոսկյա մատանիներից մեկը: Տուժողը ամբաստանյալից որեւէ պահանջ չուներ, քանի որ գողացված մատանիները ներկայացրել էր քննիչին, որն էլ ի պահ էր հանձնել բանկին, խնդրել էր նշանակել ազատազրկման հետ կապ չունեցող պատիժ, որպեսզի նա կարողանա շարունակի ուսումը:
Արագածոտնի դատարանը Ա.Ի.-ին դատապարտեց 4 տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման. նրա նկատմամբ նշանակված պատժին հաշվակցեց արգելանքի տակ գտնվելու 3 օր ժամկետը: Նրա նկատմամբ սահմանեց փորձաշրջան 4 տարի ժամկետով:
«Առավոտի» տեղեկություններով՝ դատախազը դիմել է վերաքննիչ քրեական դատարան՝ պահանջելով բեկանել Արագածոտնի մարզի դատավճիռը, վերացնել պատիժը պայմանական չկիրառելու դատարանի դատավճիռը, եւ թողնել, որ Ա.Ի.-ն «ռեալ կրի» այն:
Մինչդեռ դատարանի դիրքորոշումը եղել էր հետեւյալը. «Ամբաստանյալի ուղղվելը հնարավոր է առանց ռեալ պատիժը կրելու, ուստի նրա նկատմամբ նշանակվող ազատազրկման ձեւով պատիժը պետք է պայմանականորեն չկիրառել եւ սահմանել փորձաշրջան»:
Ուշադրության արժանի է, թերեւս, նմանատիպ գործերում դատարանի իրավական դիրքորոշումը. «Դատարանը, որպես Ա. Ի.-ի անձը բնութագրող տվյալներ, պատիժը եւ պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքներ հաշվի է առնում այն, որ նա երիտասարդ է, նախկինում դատված չի եղել, սովորում է, արժանացել է մեդալների եւ պատվոգրերի, զղջում է կատարածի համար, տուժողը հայտնեց, որ ամբաստանյալի դեմ բողոք, պահանջ չունի եւ խնդրեց նրա նկատմամբ սահմանել ազատազրկման հետ կապ չունեցող պատիժ»:
Այսինքն՝ պատիժը ծանրացնող հանգամանքները բացակայում էին:
Դատարանը հղում էր կատարել ՀՀ վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումներից մի քանիսին: Թամարա Տեր-Գրիգորյանի գործով որոշման համաձայն. «Պատիժ նշանակելիս եւ այն կրելու նպատակահարմարության հարցը քննարկելիս դատարանը հաշվի է առնում նաեւ ՀՀ քրեական օրենսգրքի 62-րդ եւ 63-րդ հոդվածներով նախատեսված պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող եւ ծանրացնող հանգամանքները: Հանցակազմի սահմաններից դուրս գտնվելով, դրանք բնութագրում են ինչպես կատարված հանցագործությունը, այնպես էլ հանցավորի անձնավորությունը, հնարավորություն են տալիս պատկերացում կազմել հանցավորի անձնավորության եւ հանցագործության` հանրության համար վտանգավորության աստիճանի մասին` համապատասխանաբար բարձրացնելով կամ իջեցնելով այն: Դրանց գնահատմամբ է հնարավոր յուրաքանչյուր կոնկրետ գործով անհատական մոտեցում ցուցաբերել` ինչպես պատժի տեսակը եւ չափը որոշելիս, այնպես էլ այն կրելու նպատակահարմարության հարցը լուծելիս: Նշանակված պատիժը կրելու նպատակահարմարության վերաբերյալ դատարանի կողմից կայացված որոշումը պետք է հիմնված լինի կատարած հանցագործության, դրա առանձնահատկությունների, գործի կոնկրետ հանգամանքների, հանցավորի անձի, պատասխանատվությունը եւ պատիժը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքների բազմակողմանի գնահատման վրա` նպատակ ունենալով ապահովել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ մասում նշված պատժի նպատակների իրագործման հնարավորությունը»:
Իսկ Դավիթ Հովհաննիսյանի գործով որոշման մեջ էլ Վճռաբեկ դատարանը դիրքորոշում է հայտնել այն մասին, որ «Պատիժը պայմանականորեն չկիրառելու համար կարեւոր նշանակություն ունեն հանցագործության կատարման հանգամանքները, եղանակը, գործիքներն ու միջոցները, մեղքի ձեւը, հանցավորի կողմից այդ հանցագործության հանրորեն վտանգավոր հետեւանքները նախատեսելու բնույթն ու աստիճանը»:
Դատարանը հանգել էր հետեւյալին. Ա. Ի.-ի նկատմամբ պատիժը պայմանականորեն չկիրառելու միջոցով հնարավոր է հասնել սոցիալական արդարության վերականգնմանը, պատժի ենթարկված անձի ուղղմանը եւ հանցագործությունների կանխմանը:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ»
02.05.2017