Լրահոս
Օրվա լրահոսը

Ամերիկացի տենորը Երեւանում էլ «գտավ» սոպրանո Հասմիկներ

Մայիս 03,2017 13:30

Երեւանյան առաջին միջազգային օպերային փառատոնը
հուզել է Ջիվան Գասպարյանին

Երեւանի Ազգային օպերային թատրոնում ապրիլի 27-ին մեկնարկած առաջին միջազգային օպերային փառատոնի եզրափակիչ ակորդը ապրիլի 30-ին Վերդիի «Տրավիատա» օպերային ներկայացումն էր ¥ռեժիսոր՝ Գեղամ Գրիգորյան), որը ղեկավարեց բրիտանացի ճանաչված դիրիժոր Քրիս Ռուսմանը։ «Առավոտը» ապրիլի 27-ի համարում անդրադարձել էր փառատոնային ծրագրերին։

Տեսարան գրիգորյանական «Տրավիատա»-ից:

Ներկա գտնվելով «Տրավիատա»-ի գլխավոր փորձին եւ տեղեկացված լինելով, որ Ալֆրեդի դերերգով հանդես եկող օպերային աստղ, ամերիկացի տենոր Սթիվեն Կոստելոն ժամանակին հիշյալ օպերայում խաղընկեր է ունեցել օպերային դիվա Հասմիկ Պապյանին ¥Վիոլետա), հիմա էլ բեմ է բարձրանալու դարձյալ Հասմիկի հետ, բայց այս դեպքում ոչ թե Պապյան, այլ մեր թատրոնի առաջատար սոպրանո, երիտասարդ երգչուհի՝ Թորոսյանի։
Աշխարհի լավագույն օպերային բեմերում, այդ թվում՝ Քովեն Գարդեն, Մետրոպոլիտեն, Լա Սկալա եւ այլն, հանդես եկած Սթիվեն Կոստելոն նախ հիշեց Դալլասի եւ Կոլորադոյի թատրոններում «Տրավիատա»-ում իր բեմելը Հասմիկ Պապյանի հետ, նշելով հայ երգչուհու ոչ միայն հյութեղ սոպրանոն, այլեւ խաղն ու հմայքը։

Սթիվեն Կոստելոն եւ Հասմիկ Պապյանը՝ Դալլասում Դոնիցետտիի «Աննա Բոլենա» ներկայացման ժամանակ:

«Երեւանյան առաջին այս փառատոնի հրավերը, որը ստացա մաեստրո Կոնստանտին Օրբելյանի կողմից, միանգամից համաձայնեցի։ Մանավանդ որ՝ դարձյալ պետք է երգեմ սիրելի դերերգերիցս մեկը՝ Ալֆրեդը, ինչպես նաեւ մասնակցեմ մեկ օպերային երեկոյի եւս, այն էլ իր՝ Օրբելյանի ղեկավարությամբ։ Ճակատագիր է, փառատոնային օրերից մեկում դուետով հանդես եկա դարձյալ Հասմիկի հետ, բայց մեծանուն տենոր Գեղամ Գրիգորյանի դստեր, որը վերջին շրջանում հիանալի կարիերա է անում Արեւմուտքում։ Հիմա երբեմն խորհում եմ՝ եթե առաջիկայում էլ լինեն հրավերներ, ընդ որում՝ ոչ միայն Հայաստանից, ապա սոպրանո խաղընկերոջս անունը անպայման պետք է լինի Հասմի՞կ…»,- ժպիտով եզրափակեց խոսքը մեր զրուցակիցը։

Կոստելոն եւ Հասմիկ Գրիգորյանը։

«Տրավիատա»-ի ներկայացման օրը, սակայն, Կոստելոն բեմ դուրս չեկավ հիվանդության պատճառով, բայց երբ հայտարարվեց, որ նրան կփոխարինի վերջերս «Ոսկե դիմակի» արժանացած մեր օպերային թատրոնի մեներգիչ Լիպարիտ Ավետիսյանը, հանդիսատեսը բուռն ծափերով ողջունեց այդ լուրը, ինչը հաճախ չի պատահում նման դեպքերում։ Մենք քանիցս անդրադարձել ենք Գեղամ Գրիգորյանի ռեժիսուրայով բեմադրված «Տրավիատա»-ին, չկրկնվելու համար միայն նշենք դիրիժոր Քրիս Ռուսմանի իսկապես բարձրարվեստ մեկնաբանումը, որը մեզ հետ զրույցում հիացմունքով արտահայտվեց թատրոնի նվագախմբի, երգչախմբի մասին։ Ինչ վերաբերում է մեներգիչներին, այս առիթով դիրիժորի խոսքը հակիրճ էր. «Հայկական վոկալ դպրոցի փառքն ու համբավը վաղուց է տարածված աշխարհում…»։

Ջիվան Գասպարյանն ու Կոնստանտին Օրբելյանը։

Մի միջադեպ էլ տեղի ունեցավ, ինչին նույնպես հաճախ չենք հանդիպում։ Մինչ ներկայացման սկիզբը հանկարծ «որոտացին» ծափեր, որոնք ուղղված էին աշխարհահռչակ Ջիվան Գասպարյանին, որն այդ պահին հանդիսասրահում «փնտրում էր իր աթոռը»։ Իսկ ներկայացման ավարտին արդեն վարպետը մեզ փոխանցեց. «Հուզված եմ, ինչի համար մի քանի պատճառներ կան, նախ, որ փառատոնը նվիրված է իմ լավ բարեկամին՝ Գեղամ Գրիգորյանի հիշատակին, երկրորդը՝ մտերիմ եմ եղել ավագ Կոնստանտին Օրբելյանի հետ, եւ վերջերս տեսնելով, որ կրտսեր Օրբելյանի՝ մեր օպերային թատրոն գալուն պես, եթե չեմ սխալվում՝ 5-6 ամսվա ընթացքում կայացան երկու պրեմիերաներ՝ Պուչինիի «Տոսկա» եւ Խաչատրյանի «Դիմակահանդես» ներկայացումները, ինչպես նաեւ մի քանի գալա-համերգներ, հիմա էլ՝ միջազգային օպերային փառատոն…, հոգիս հպարտությամբ է լցվում, էլ չեմ խոսում «Տրավիատա»-ում այսօրվա մեր երիտասարդ մեներգիչների փայլուն կատարումների մասին»։

 

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

 

«Առավոտ»

02.05.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. «-Առավոտ»-ի հարգելի խմբագրություն,
    շնորհակալություն ամերիկացի տենոր Ստիվեն Կոստելլոյի հետ իմ լուսանկարը տեղադրելու համար:
    Խնդրում եմ ուղղեք լուսանկարի տակ սխալմամբ հայտնված մեկնաբանությունը:
    Այն ոչ թե Վերդիի «Տրավիատա»-ից է, այլ Դալլասում մեր համատեղ՝ Դոնիցետտիի «Աննա Բոլենա» ներկայացումից:
    Շնորհակալություն

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031