Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Դեռահասները համակարգչային խաղերի անդավաճան ընկերներն են

Մայիս 03,2017 13:00

Համացանցային խաղերը մեծ ազդեցություն են թողնում դեռահասի
հոգեբանության եւ վարքային մոդելի ձեւավորման վրա

Ինչպես նշվում է «Հայ դեռահասի արժեհամակարգի փոխակերպումները էլեկտրոնային լրատվամիջոցների ազդեցությամբ» գրքում՝ հատկապես վտանգավոր են համարվում հրազենային մարտերով, պայթյուն-կրակոցներով խաղերը, քանի որ դրանց ազդեցությամբ դեռահասների համար սովորական երեւույթ են դառնում բռնությունն ու ավերը: Երեխան, մեծանալուն զուգընթաց, չտարանջատելով իրական ու վիրտուալ կյանքի սահմանները, իրեն պահում է նույնքան դաժան, որքան այդ խաղերի ժամանակ:

Իսկ թե ի՞նչ կարծիք ունեն այս հարցի շուրջ եւ ի՞նչ լուծում են առաջարկում հոգեբանները, զրուցեցինք հոգեբան-հոգեվերլուծաբան Սաթեն Գրիգորյանի հետ. «Համակարգչային խաղերից կախում ունեցողները մեր օրերում շատ-շատ են, ինչը հատկապես նկատելի է դեռահասների շրջանում: Եթե անտեսենք այն ֆիզիկական վնասները, որոնք առաջանում են նստակյաց վիճակից, հոգեբանական առումով դրանք այնքան լուրջ խնդիրներ կարող են առաջացնել, որ նույնիսկ անհնար է պատկերացնել: Առաջնային խնդիրը, որն առաջ է գալիս համակարգչային խաղերով տարվելիս, իրականությունից կտրվելն է: Երեխան սկսում է նույնականանալ իր հերոսների հետ եւ ապրել վիրտուալ իրականությամբ: Երեխաներին համակարգչային կախվածությունից զերծ պահելու գործում մեծ է ծնողների դերը: Վերջիններս հնարավորինս շատ ջանք պետք է գործադրեն երեխայի առօրյան խաղերով եւ համակարգչի առջեւ նստած չանցկացնելու համար: Իհարկե, միանշանակ չի կարելի արգելել երեխային համակարգչին կամ հեռախոսին մոտենալ, որովհետեւ մեծ ցանկությունն ու անավարտության զգացողությունն ավելի մասշտաբային խնդիրների կարող են հանգեցնել, քան բուն երեւույթը, բայց դիվանագիտորեն մոտենալու պարագայում հնարավոր է երեխային իրականություն բերել: Երեխան պետք է առավել գնահատի մարդկանց հետ շփումն ու հաղորդակցումը, քանի որ դրանք ավելի օգտակար են, առավել մեծ փորձ են տալիս, լցնում են դրական լիցքերով, միօրինակ չեն եւ կառուցում են շրջապատ, որտեղ մարդն իրեն երբեք օտարված զգալ չի կարող»:

Չնայած այս ամենին, կան ծնողներ, ովքեր գերադասում են` երեխան խաղա համակարգչով ողջ օրը՝ բակ իջնելու փոխարեն: Երկու տղա դեռահասների ծնող Նարինեն մեզ հետ զրույցում անկեղծացավ, որ իր տղաների հարցում հաստատ լավագույն տարբերակը տանը ինչ-որ բանով զբաղվելն է. «Ես մտահոգվում եմ միշտ, երբ նրանք դրսում են, քանի որ նրանց այն տարիքն է, որ իրենց ժարգոնով ասած՝ «բազառներն» իրենցից անպակաս են: Միշտ ստացվում է այնպես, որ դրսում հավաքվում են ոչ թե ընկերների հետ շփվելու կամ խաղալու համար, այլ «հաշիվներ մաքրելու» եւ դա է պատճառը, որ ես նախընտրում եմ իրենք իրենց պլանշետով խաղան ու զերծ մնան հերթական անախորժ դեպքերից»: Այն փաստը, որ համակարգչի՝ մեր կյանք մտնելուն զուգընթաց ի հայտ եկան նաեւ համակարգչային ակումբներ, անհերքելի է: Չնայած 21-րդ դարի տեխնոլոգիայի օրեցօր զարգացմանը, այնուամենայնիվ, փորձեցինք շրջել քաղաքի մի քանի ակումբներով, հասկանալու համար՝ արդյոք ակտիվ եռուզեռը դեռ չի՞ նվազել. «Եթե համեմատեմ մի քանի տարի առաջվա պատկերի հետ, ապա կարելի է ասել, որ կտրուկ նվազել է երեխաների այցը համակարգչային ակումբներ: Եթե առաջ մեկ ժամ համակարգչից օգտվելն արժեր 300 դրամ եւ երեխաների ելումուտը չէր դադարում, ապա հիմա գինը 200 դրամ է, բայց օրվա մեջ 2-3 հոգի հազիվ գան: Իհարկե, հասկանալի է, որ հիմա յուրաքանչյուրի տանը համակարգիչ կա եւ դժվար թե գա ժամանակ, որ նորից ակումբներն արդիական լինեն»,- ասաց համակարգչային սրահի աշխատակից Արմենը:

Միանշանակ ճիշտ չէ համակարգիչը եւ օնլայն խաղերը միայն բացասական կողմից դիտարկելը, քանի որ դրանք ունեն նաեւ իրենց դրական կողմերը: Շատ դեպքերում համակարգիչը օգնում է զարգացնել երեխայի մտավոր կարողությունները, երբեմն էլ այն սփոփանք է լինում ծնողների համար: 13-ամյա Նարեկն իր հասակակիցներից տարբերվում է նրանով, որ «ջարդող-փշրող» խաղերի փոխարեն նախապատվությունը տալիս է այնպիսի խաղերի, որոնք զարգացնում են իր միտքը. «Ես շատ եմ սիրում օրվա մեջ մեկ ժամ դասերից հետո հատկացնել խաղերի, հատկապես խաղում եմ ինտելեկտուալ խաղեր, որոնք պահանջում են մտքի ճկունություն եւ արագություն: Այդպիսով, ես մոռանում եմ օրվա ընթացքում իմ հոգնածությունը եւ հեշտությամբ ավարտում դասերս»: Հակառակ եղբոր կարծիքին՝ 11-ամյա Արամը սիրում է բակում խաղալ հին ու սիրված մեր խաղերը` բադն ու որսորդը, 7 քար, անուն գոռոցի եւ այլն. «Ախր ո՞նց կարելի է մնալ տանը համակարգչի առջեւ, երբ պատշգամբից լսում ես ընկերներիդ ուրախ աղմուկ-աղաղակը: Ես հիմա էլ եմ շտապում միանալ ընկերներիս, կներեք»:

Նշենք, որ դեռահասների 20,5%-ն է ամեն օր խաղում համակարգչային խաղեր, 10,9%-ը` հաճախ, 18,2%-ը` հազվադեպ եւ միայն 6,3%-ն է պատասխանել` ընդհանրապես չի խաղում: Հարցումն իրականացվել է «Հայ դեռահասի արժեհամակարգի փոխակերպումները էլեկտրոնային լրատվամիջոցների ազդեցությամբ» հետազոտության շրջանակում, 2011-2013 թթ.-ին, հետազոտական խմբի կողմից, ղեկավար՝ Ա. Մենեմշյան, անդամներ՝ Զ. Սարգսյան եւ սոց. հոգեբան՝ Ա. Կոբելյան:

 

ԼԻԼԻԱՆԱ ՕՍԻՊՅԱՆ

«Առավոտ»

02.05.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031