«ՀՔԾ-ի որոշումն ամբողջովին համապատասխանում է ՀՀԿ-ի պաշտոնական դիրքորոշմանն ու ուղղված է այդ դիրքորոշումների իրականացմանը, այն է, որ ընտրակաշառքները համարվում են կամ նվիրատվություն, կամ բարեգործություն»,-անդրադառնալով խորհրդարանական ընտրությունների օրը Հանրապետական Հակոբ Բեգլարյանի շտաբում գումար բաժանելու դեպքով ՀՔԾ-ի որոշմանը՝ ասաց իրավապաշտպան Արթուր Սաքունցը:
Պարոն Սաքունցը չի համարում՝ ընտրակաշառքը ընտրությունների արդյունքների վրա լուրջ ազդեցություն ունեցող հանգամանք է, որովհետեւ. «Ոչ մի անգամ իրավական նորմերը որոշակի ազդեցություն չեն ունեցել, եթե առկա լինի քաղաքացիական ընդվզում կամ անհամաձայնություն, հերթական անգամ գործ ունենք օրենքով սահմանված նորմերի անհամապատասխանությունը գործելակերպին: Ճիշտ կլինի, որ ընդհանրապես հանեն ընտրակաշառք հասկացությունն ու ընդունեն, որ ընտրակաշառքն ընդունվում է որպես ընտրական գործընթացի օրինական գործիքներ:
ՀՀԿ-ն ընդունել է, որ ընտրակաշառքներ են կատարվում, երբ որ իրենց ներկայացուցիչները հայտարարում են, որ դա ընդամենը նվիրատվություն է կամ բարեգործություն, իրենք արձանագրել են, որ դա ընտրակաշառք է, չեն ասել ակտիվիստների, համախոհների կամ վստահված անձանց խրախուսական գումարներն են եւ այլն:
Այնպես որ նախորդ ընտրությունների ժամանակ էլ ընտրակաշառքի ուղղակի բաժանման փաստեր էին արձանագրված: Խնդիրն այն է, որ ՀՀԿ-ն որեւէ իրավական միջոցներով ընտրվելու հնարավորություն չունի, հնարավորին ձեւով աղճատում է մթնոլորտը, անվստահություն է ձեւավորում ընտրողների մեջ ընտրական ինստիտուտի նկատմամբ, դրանից հետո վերարտադրվում, ուրիշ ճանապարհ չունի: ՀՔԾ-ն, որպես իրավապահ մարմին, հանդես է գալիս ոչ թե պետության իրավապահ մարմին, այլ որպես ՀՀԿ իրավապահ մարմին»:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ ՀՔԾ-ն որոշեց որ գումար բաժանելու դեպքում ոչ ոք չի պատժվի:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ