Լրահոս
Օրվա լրահոսը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժեց Հ/Կ-ների բողոքները

Մայիս 02,2017 23:07

«Իրավունքի միավորում Եվրոպա», «Թրանսփարենսի ինթերնեշնլ», Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ հասարակական կազմակերպությունները և մի շարք դիտորդներ Կենտրոնական ընտրական հանձնաժողով բողոքներ են ներկայացրել: Բողոքով հասարակական կազմակերպությունները պահանջում են անվավեր ճանաչել տարածքային ընտրական հանձնաժողովի ընդունած որոշումը, ձեռնարկել միջոցներ խախտումները վերացրելու վերաբերյալ, խախտումներ կատարած անձանց օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկել, քննարկել խախտումների ազդեցությունը տվյալ տեղամասերում քվեարկության արդյունքի վրա և նշանակել վերաքվեարկություն:

Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանը նշեց, որ մերժումը պետք է պատճառաբանված լիներ, սակայն, նրա որակմամբ հապճեպ որոշում է կայացվել և մերժվել է վարչական վարույթ հարուցելու գործընթացը: Նա միջնորդեց, որպեսզի թիվ 10 տարածքային ընտրական հանձնաժողովի անդամները որպես վկա հրավիրվեն և զննվեն տարածքային ընտրական հանձնաժողովների գրանցամատյանները:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը հրապարակեց որոշման նախագիծը, ըստ որի առաջարկում է մերժել բողոքը, և տարածքային ընտրական հանձնաժողովի որոշումը թողնել անփոփոխ: Որոշման նախագծում նշված է, որ բողոքում դիտողություններ են և որևէ ապացույց, որ դիտորդը ցանկացել է գրանցամատյանում գրություն կատարել, և չի հաջողվել, չկա, իսկ տարածքային ընտրական հանձնաժողովի որոշումը՝ իրավաչափ:

Արամազդ Կիվիրյանն ասաց, որ սահմանափակվում է հասարակական կազմակերպության իրավունքը և նվազեցվում է նրա դերն ու նշանակությունը հասարակական կյանքում. «Հասարակական կազմակերպությունը կոչված է դրա համար, որպեսզի իրացնի իր՝ կանոնադրությամբ սահմանված գործառույթները: Ինչպե՞ս պետք է վերջինս իրացնի իր գործառույթները, եթե տվյալ դեպքում հանձնաժողովը գտնում է, որ հասարակական կազմակերպությունը իրավունք ունի դիմում-բողոք ներկայացնել այն դեպքում, եթե օրինակ խախտվել է իրեն հավատարմագրելու իրավունքը: Ստացվում է՝ ինքն ունի մեկ իրավունք. Եթե չեն հավատարմագրել, ապա այդ ժամանակ բողոքարկի: Տվյալ դեպքում իրապես կնեղացվեն հասարակական կազմակերպության իրավունքները»:

Քվեարկություն կատարվեց՝ 6 կողմ, 0 դեմ ձայներով որոշումն ընդունվեց: Մինչ քվեարկությունը Արամազդ Կիվիրյանը ցանկացավ մեկնաբանություն անել, սակայն Տիգրան Մուկուչյանը, նրան չլսելով շարունակեց խոսքը, քվեարկությունից հետո Կիվիրյանն ասա. «Կարծես թե դեժավյու լինի, տարածքային ընտրական հանձնաժողովում նմանատիպ իրավիճակ էր՝ առանց դիրքորոշում ներկայացնելու որոշումներ կայացվեցին»:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի օրակարգում հասարակական կազմակերպությունների ներկայացրած ևս մի քանի դիմում կար, որոնց քննարկումից հետո ԿԸՀ-ն մերժեց:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031