Ռուսաստանում հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն այսօր խուսափեց քաղաքական որեւէ հարցի պատասխանել:
Հարցին՝ ասում էիք՝ կսատարեք այն ուժին, ում ծրագիրը կհավանեք, ի վերջո ո՞ւմ սատարեցիք, պարոն Աբրահամյանը պատասխանեց. «Զարմանում եմ՝ երկու ժամ է աշխատում ենք մշակույթի, գիտության բնագավառից ենք խոսում, մեր մրցանակաբաշխության մասին, մեր ազգի անցյալի, ներկայի ու ապագայի մասին, այս գեղեցիկ թեմայից անցնում եք մի այլ թեմայի: Սոցիալական խնդիրները շատ կարեւոր են, մի հարց տվեք այսօրվա մասին»:
Նա պատմեց, որ շատ համալսարաններում դասախոսություններ է կարդում, խոսում է ամեն ինչի մասին. «Իմ ասածն ասում եմ… սա շատ կարեւոր է, ուշադրություն դարձրեք՝ ինչ այսօր անցկացրինք, գրողների միություն, բանաստեղծություններ, մեր լրագրողը իր շատ փոքր գումարը, որ ստացել էր, նվիրեց մի հայ ընտանիքի, որ իր կարիքն ունի, դա հերոսություն է, ես դրա մասին կուզենայի ասել, եթե կուզեք դրա մասին կասեմ, բայց եթե չեք ուզում, չեմ ասի»:
Նա նաեւ շատ կարճ ասաց, որ քաղաքականությամբ չի զբաղվում առողջական խնդիրների պատճառով. «Բժիշկներին շնորհակալ եմ, որ գնում եմ այն գրաֆիկով, ինչը նախատեսված էր, միշտ ձեր հետ եմ, երկրի հետ եմ, ինձ ամեն ինչ մտահոգում է, չեմ կարող իմ պառկած տեղն էլ հանգիստ լինեմ, քանի անգամ գիշերն արթնացել եմ՝ ասում եմ՝ այս ընտանիքին բնակարան գնեք, տարեք իրենց: Իմ ունեցած հնարավորությունների դեպքում լինեմ ձեր կողքին, առողջական խնդիրներ ունեի, դրա համար քաղաքականությամբ չեմ զբաղվում, դա չի նշանակում, որ չպետք է մասնակցենք մեր սոցիալ-տնտեսական, մշակույթի զարգացմանը վերաբերող հարցերին, խնդիրներին լուծում տալուն»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ