Երեւանի ավագանու ՀՀԿ-ի թեկնածու եւ գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր Դավիթաշեն վարչական շրջանում նախընտրական քարոզարշավի էր: Իհարկե, դժվար է այն քարոզարշավ անվանել, թեկնածու Մարգարյանի ելույթները Դավիթաշենի 2 բակերում տեւեցին 5 րոպե, իսկ ելույթները նույնությամբ կրկնվեցին, որոնք այլ վարչական շրջաններում Մարգարյանը հնչեցնում էր:
Ելույթներից հետո Տարոն Մարգարյանից լրագրողները հետաքրքրվեցին՝ Դավիթաշենում հատված ծառերի գործով ձերբակալված անձը ազատ է արձակվել, փաստաբանը պնդում է, որ դա խորը էտ է եղել, իսկ Մարգարյանը ծառահատումն անվանել է «վանդալիզմություն», Մարգարյանը պատասխանեց, ավելի ճիշտ պնդեց՝ «Դա խորը էտ չի եղել»:
Մանրամասները` տեսանյութում
Կարդացեք նաև
Aravot.am-ի այն հարցին էլ, որ Մարգարյանի մրցակից, Երեւանի ավագանու «Ելք» դաշինքի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն օրերս քարոզարշավի ժամանակ հայտարարել է, որ Տարոն Մարգարյանը Ավանի թաղապետի պաշտոնը ՀՀ նախագահից նվեր է ստացել իր ծննդյան օրը, իսկ մինչ այդ Մարգարյանն իր քաղաքական կարիերան «ստեղծել է» իր հոր՝ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի շնորհիվ, նրա աջակցությամբ պաշտոններ ստացել, պարոն Մարգարյանը պատասխանեց, որ ինքը ՀՀԿ-ի շարքերում է 1996 թվականից: Ինչ վերաբերում է պաշտոնը նվեր ստանալուն, Մարգարյանն ասաց՝ «Ես ընտրվել եմ թաղապետ, ընտրովի պաշտոնը նվեր չեն տալիս: Երեւի իրանք են ցանկացել միշտ նվերներ ստանալ»:
Մանրամասները` տեսանյութում
Aravot.am-ի այն հարցին էլ, թե ինչպես Տարոն Մարգարյանը կմեկնաբանի իր մրցակից Փաշինյանի մյուս հայտարարությանը, որ քաղաքապետը Երեւան քաղաքի բյուջեից Ավան համայնքի վերելակների նորոգման համար ավելի շատ գումարներ է ծախսել, իսկ մյուս համայնքների վերելակների համար՝ չնչին գումարներ, Մարգարյանը Փաշինյանին մեղադրեց, որ թվերը լավ չի ուսումնասիրել, քաղաքային տնտեսությանը չի տիրապետում, ֆինանսական աղբյուրներին էլ՝ թե որ աղբյուրներից են ծախսվում, տեղյակ չէ, եւ սկսեց ներկայացնել, թե այդ ծախսերն ինչպես են արվել:
Մանրամասները` տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ