«Շատ կներեք, էլի, մի հարց տամ, դուք ձեր ուժերի վրա էդքան վստա՞հ եք»,- այսօր Էրեբունի համայնքում մի բնակիչ Երեւանի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին քարոզարշավի ժամանակ այսպիսի հարց ուղղեց:
Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Էդքանից էլ կրկնակի վստահ եմ»: Կինը կասկածում էր՝ էս թաղապետերի վրա կարո՞ղ եք, էդքան ուժ ունե՞ք: Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Էդ թաղապետերին ինձ 15 րոպե է պետք, որ էլ թաղապետ չլինեն: Ես ձեզ կհրավիրեմ, վայրկյանաչափը կմիացնեք, կտենաք»: Բնակիչը ուրախացավ՝ վայ, եթե իմանամ, ձեզ ձայն կբերեմ, ախր սաղ էնքան կոռումպացված են: Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, որ թաղապետերին նշանակում եւ ազատում է քաղաքապետը եւ ինքը բոլոր այդ հղփացած, կոռումպացված թաղապետերից աշխատանքից ազատելու է 15 րոպեում:
Կինը դեռ կասկածներ ուներ. «Է՜հ, էդ ամեն ինչը մեր գլխով անցել ա, եթե դուք դրանց չենթարկվեք, նրանք ձեզ կենթարկացնենք ուժով»: Նիկոլ Փաշինյանը արձագանքեց. «Ղալա՛թ կանեն: Աստվածաշնչյան խոսք կա, ասում է՝ պիտի նայեք, նայեք ու չտեսնեք: Հիմա ահագին բան կա, որ նայում եք ու չեք տեսնում, դրա համար էլ էդպես եք ասում»:
Բնակիչը փորձեց կասկածները փարատել ու համեմատեց Նիկոլ Փաշինյանին սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հետ. «Այ ձեր նման Հրանուշ Հակոբյանը, հիշում եմ, որ նախարար դառավ, կանանց թոշակները բռնեց 63-ից սարքեց, տղամարդ-կանանց սաղին հավասարեցրեց իրար»: Փաշինյանը, լսելով իր եւ Հրանուշ Հակոբյանի համեմատությունը, ունքերը բարձրացրեց զարմանքից՝ ասաց. «Ես նախարար երբեք չեմ եղել, շատ վատ օրինակ բերեցիք»:
Կարդացեք նաև
Կինն ասում էր, որ Հրանուշ Հակոբյանն էլ մինչ նախարար լինելը շատ լավ խոստումներ էր տվել, իսկ երբ պաշտոն ստացավ՝ մոռացավ, այ այդպես էլ իր խոստումները մոռանալու է Փաշինյանը, երբ պաշտոն կստանա:
Մի տղամարդ էլ, ներկայանալով Մարուքյան եւ «Ելքի» համակիր, ասաց, որ իրենց շենքի վերելակը 25 տարի է՝ չի աշխատում: Նիկոլ Փաշինյանը մտավ շենք՝ անձամբ ստուգելու եւ տեսավ, որ վերելակն աշխատում էր: Հետո նույն բնակիչը Փաշինյանին ուղեկցեց մոտակա շենքերից մեկի բակը, որտեղ աղբ էր կուտակվել: Նրա խոսքերով՝ առնվազն 6-7 տարի է՝ այդ վիճակն է:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ