Այսօր Էրեբունի համայնքում «Ելք» դաշինքի եւ քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի քարոզարշավի ժամանակ Արցախի փողոցի բակերից մեկում նրանց առաջը կտրեցին մի քանի կանայք եւ ՀՀԿ-ի ավագանու թեկնածուներից մեկը՝ Նարեկ Մանթաշյանը:
Նրանց խոսքերով՝ «Ելք չկա, մեր քաղաքապետի թեկնածուն էլ Տարոն Մարգարյանն ա»: Կանայք միաբերան սկսեցին մեկը մեկին հերթ չտալով ասել, որ «մենք Հանրապետական ենք, էս մեր թաղն ա, դուք իրավունք չունեք սկի մեր թաղը մտնեք, էս մեր թաղն ա, մենք ենք»:
Կանայք ասում էին, որ Տարոն Մարգարյանն է մեր այգիները սարքել, պայքարում ենք Տարոն Մարգարյանի համար, ինքը մեր թեկնածուն ա, բոլորս իրեն ենք ընտրելու. «Փաշինյանն ի՞նչ ա արել մեր համար, Տարոնն ամեն ինչ անում ա»:
Կարդացեք նաև
Լրագրողների հարցին՝ ձեզ ուղղորդե՞լ են, փո՞ղ են տվել, որ գաք այստեղ ու Փաշինյանին այդպես ասեք՝ Նարեկ Մանթաշյանը պատասխանեց, որ սա իրենց թաղն է, բոլոր բնակիչները իր ընտրողներն են, որովհետեւ հարգանք ու պատիվ են իրենք վայրերում այս թաղերում. «Սենց տասը հոգով չենք գալիս ֆռում»:
Կանանցից մեկը մեզ հետ զրույցում ասաց, որ Տարոն Մարգարյանից շատ գոհ են, դրա համար են իր ձայների համար պայքարում. «Քաղաքը սիրունացրել ա, ամեն ինչ արել է»: Մեր դիտարկմանը, որ Փաշինյանն այսօր արդեն աղբի ու աղբակույտերի բազմաթիվ նկարներ է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, այդ աղբը նույնպե՞ս շատ սիրուն է՝ նա պատասխանեց. «Աղբը շատ էլ լավ գալիս տանում են, թող ստից բաներ չխոսա»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ