«Ելք» դաշինքի անդամները՝ Նիկոլ Փաշինյանը, Արամ Սարգսյանը, Էդմոն Մարուքյանը, Երեւանի ավագանու ընտրությունների թեկնածուների հետ այսօր քարոզարշավ էին անում Էրեբունի համայնքում, մասնավորապես՝ Արցախի փողոցի ներբակային տարածքներում:
Բակերում Տարոն Մարգարյանի համակիրները փորձում էին խոչընդոտել «Ելքի» քարոզարշավը եւ սադրել, հետեւում էին «Ելքին» քարոզարշավի ընթացքում: Մի երիտասարդ էլ «Ելքի» անդամների հետ փորձեց կռվի բռնվել՝ հորդորելով իրենց չլուսանկարել: Նիկոլ Փաշինյանը կանգնեցրեց եւ զգուշացրեց՝ «եթե ձեզ շարունակեք սենց պահել՝ էսօր մենք ոստիկանությունում իրար հետ կխոսանք»:
Կարդացեք նաև
Երիտասարդը, որը մեքենայից դուրս էր եկել եւ փորձում էր իրեն նկարողների հետ հաշիվ մաքրել, Փաշինյանի զգուշացումից հետո նորից նստեց մեքենան, բակում մի քանի ցուցադրական «ճռռիկ» արեց եւ հեռացավ:
Փաշինյանը տեղում զանգահարեց ոստիկանություն եւ փոխանցեց մեքենայի պետհամարանիշը. «Հանձնարարեք պետավտոտեսչությանը, որ հայտնաբերեն մեքենան եւ համապատասխան միջոցներ ձեռնարկեք եւ հետո ինձ կզանգահարեք եւ կասեք ինչ եք արել, եղա՞վ: Ես դա ձեզ ասում եմ՝ որպես այս ընտրատարածքից ընտրված պատգամավոր»:
Նիկոլ Փաշինյանն այս առնչությամբ նաեւ իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել. «Վովա ջան, սիրուն չի, 1-02-ը չի պատասխանում: Տարոն ջան, բակերում ճռռիկ անող ջահելներիդ տիրություն արա, թե չէ՝ կհրավիրեմ բանավեճի»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ