Լրահոս
Օրվա լրահոսը

«Չգիտեմ` ինչ նոու հաու է «Երկիր Ծիրանիի» կողմից այս թեզն առաջ տանելը». Արայիկ Հարությունյան

Մայիս 02,2017 17:40

«Ելք» դաշինքից Երևանի ավագանու թեկնածու Արայիկ Հարությունյանը հայտարարեց, թե «Երկիր Ծիրանիի» ավագանու թեկնածու Ստելլա Աղաջանյանի` Նիկոլ Փաշինյանի հասցեին հնչեցրած քննադատությունը ապաքաղաքական է:

Հիշեցնենք, որ «Երկիր Ծիրանի» կուսակցությունից Երևանի ավագանու թեկնածու Ստելլա Աղաջանյանը կասկածներ ունի, որ Նիկոլ Փաշինյանը մտել է քաղաքապետի համար պայքարի մեջ՝ ՀՀԿ-ին օգնելու համար:

«Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը Արայիկ Հարությունյանն այս առիթով ասաց. «Այդտեղ պատճառահետևանքային կապը բացակայում է: Միանգամայն անտրամաբանական է, ապաքաղաքական և քաղաքագիտական որևէ քննադատության չի ենթարկվում: Չգիտեմ` ինչ նոու հաու է «Երկիր Ծիրանիի» կողմից այս թեզն առաջ տանելը»:

«Ելք» դաշինքից Երևանի ավագանու թեկնածու Մանե Թանդիլյանը ի պատասխան «Երկիր Ծիրանիի» ավագանու թեկնածուի այն հայտարարությանը, թե Նիկոլ Փաշինյանն արդեն պատգամավոր է, հետևաբար կասկածելի է ավագանու ընտրություններին նրա մասնակցությունը, ասաց. «Նիկոլ Փաշինյանն այսօր ամենակարևոր դերակատարներից է քաղաքականության մեջ, «Ելքի» ամենավառ ներկայացուցիչը: Նույն տրամաբանությամբ Տարոն Մարգարյանն էլ է պատգամավոր ընտրված և նույն ձևով կարող էր նաև Զարուհի Փոստանջյանը լինել: Մենք ասել ենք, որ մենք Երևանի ավագանու ընտրություններում քաղաքական բաղադրիչը չեք թերագնահատում: Նիկոլ Փաշինյանը կլինի լավագույն քաղաքական հակակշիռն այն ԱԺ-ի, որ այսօր ձևավորվել է»:

Մանե Թանդիլյանը հավաստիացրեց, որ ջանք ու եռանդ չեն խնայում մարդկանց բացատրելու` ամենայն լրջությամբ վերաբերվեն այս ընտրություններին, քանի որ հակառակ դեպքում նրանց տեղը որոշելու են այլք. «Մենք պահելու ենք ձեր ձայնը և վճռորոշ է լինելու թե՛ Երևանի, թե՛ հանրապետության համար»:

Արայիկ Հարությունյանն էլ տեղեկացրեց, որ իրենց ծրագիրն ունեն երեք հիմնասյուներ. «Հաշվետվողականություն, ինչն այժմ բացակայում է քաղաքային իշխանությունների մոտ, արդյունավետ կառավարում և համաչափ զարգացում, ինչը ևս մեծագույն խնդիր է: Այս իշխանությունները տապալել են նաև տրանսպորտի ոլորտը, ինչը ևս մեզ համար կարևոր ոլորտ է»:

Մանե Թանդիլյանն էլ նշեց, թե ներկայացրել են առավելագույն իրատեսական ու չափելի ծրագիր:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031