Լրահոս
Օրվա լրահոսը

Արաբկիր վարչական շրջանի իրավաբանը` Վիգեն Ավետիսի քանդակի վերաբերյալ. «Ավելի լավ է խախտում լինի, քան մի երեխա վնասվի»

Մայիս 02,2017 17:20

Aravot.am-ը տեղեկացրել է, որ քանդակագործ Վիգեն Ավետիսը որոշել է դատի տալ Արաբկիր համայնքի ղեկավարին, եթե չդադարեն իր Սանասարի եւ Բաղդասարի ծնունդը քանդակ-հուշարձանն աղավաղել:

Aravot.am-ի հետ զրույցում Արաբկիր վարչական շրջանի իրավաբանական բաժնի պետ Գեղամ Հայրապետյանը նշեց, որ իրենք ընդամենը մասնակի փոփոխություններ են կատարել. «Ապակյա մասն անընդհատ կոտրվում էր ու փոխվում: Այդտեղ երեխաներ են խաղում, եւ նույնիսկ ոմանք ապակուց վնասվել են: Մեր կատարած փոփոխությունը վերաբերում է զուտ անվտանգության խնդիրներին: Ցայտաղբյուրին մոտենալիս երեխաները հենվում են, իսկ այն թեքություն ունի, եւ ընկնում են, ապակին էլ կոտրվում է: Մեր բնակլիմայական պայմաններին էլ այդ ապակին չի դիմանում, անընդհատ կոտրվում է ցրտից եւ շոգից: Այո, հեղինակին չենք հարցրել, որովհետեւ մինչեւ նրան գտնեինք, կարող է նորից մի պատահարի մեջ ընկնեինք: Ուստի, ավելի լավ է որոշակի ճարտարապետական խախտում լինի, քան վաղը մի երեխա վնասվի»:

Արաբկիր վարչական շրջանի գլխավոր ճարտարապետ Մհեր Մանթաշյանն էլ պատճառաբանեց, որ դժվար է Վիգեն Ավետիսին գտնելը, քանի որ նա արտասահմանում է բնակվում:

Մեր հարցին` եթե որեւէ փոփոխություն է արվում, արդյոք հեղինակին չպե՞տք է տեղեկացնել, ճարտարապետը պատասխանեց. «Մենք փոփոխություն արել ենք ոչ թե արձանի եւ ընդհանուր ծավալի հետ կապված, այլ այն մասի, որը վտանգ էր ներկայացնում, երեխաների հոսքը այգում մեծանալու հետ կապված, հուշարձան-քանդակն արդեն վնասվել էր: Ինքը մեկ-երկու ամիս էր դիմանում եւ կոտրվում-թափվում էր, ու որպեսզի անվտանգությունը ապահովենք, մենք նույն նյութով` տրավերտինով ենք երեսապատել: Ապակին թեք էր տեղադրված ու 4 մետր երկարություն ուներ, որը չէր կարող ջրավազանի սառելու դեպքում դիմանալ: Այսինքն, ավելի շատ վտանգ է ներկայացնում, քան լինի տրավերտինից երեսապատված սալիկներով եւ կալպակներով: Այժմ այդ մասը ավելի ցածր է: Մենք նաեւ ցայտաղբյուրն ենք ուզում վերանորոգենք, որ ջուրը նորմալ հոսի, տակի քայքայված սալիկներն էլ ենք փոխում, ոչ թե ծավալն ենք փոփոխում, որ հեղինակին հարցնենք, այլ մասնակի փոփոխություն ենք կատարում անվտանգության նկատառումներով»:

Մհեր Մանթաշյանի խոսքով, հուշարձանը նույնիսկ տեսքի են բերել. «Քաղաքապետը հանձնարարել է բարեկարգել տարածքը, հիմա մենք որտեղի՞ց գտնենք էդ մարդուն: Միգուցե դուք ճիշտ եք ասում, պետք էր իր հետ խոսել, բայց մյուս կողմից էլ մենք գաղափարը չենք փոխել, ընդամենն անվտանգության խնդիր ենք լուծել»:

 Ի դեպ, Վիգեն Ավետիսը պնդում է, որ հուշարձան – քանդակը տեսակով եզակի է, ու աղավաղումն անթույլատրելի, իսկ այդ ապակիները բետոնապատելը նշանակում է հուշարձանի ամբողջ տեսքը, իմաստը որակազրկել:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031