Ապրիլի 26-28-ը Թբիլիսիի «Աստորիա« հյուրանոցում կայացել է հայ-ադրբեջանական հանդիպում, որին մասնակցել են քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, Տավուշի մարզի եւ Ադրբեջանի Ղազախի ու Թովուզի շրջանների համայնքների ղեկավարներ եւ այլք: Հանդիպումը նախաձեռնել է բրիտանական մի կազմակերպություն՝ Շվեյցարիայի արտգործնախարարության ֆինանսավորմամբ:
Հանդիպման մասնակիցների թվում են եղել նաեւ Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի սահմանամերձ Այգեպար եւ Չինարի համայնքների ղեկավարներ Անդրանիկ Այդինյանը եւ Սամվել Սաղոյանը:
Ա. Այդինյանն այնքան էլ տպավորված չէր հանդիպումից: Նա նշեց, որ հանդիպմանը մասնակցում էին նաեւ բազմաթիվ վրացիներ: Այդինյանն ասաց, որ հաղորդակցվելու համար լեզվական խնդիր կար, քանի որ երիտասարդ ադրբեջանցիները լավ չէին տիրապետում ռուսերենին:
Չինարի համայնքի ղեկավար Սամվել Սաղոյանը հայտնեց, որ ադրբեջանցիների հետ եղել են քննարկումներ, կարծիքների փոխանակություն, միասին նստել են ճաշի սեղանի շուրջ եւ այլն:
Կարդացեք նաև
Նրան հարցրինք, թե ադրբեջանցիները հակվա՞ծ են խաղաղության: Սաղոյանն ասաց. «Ավագ սերունդը դրան ավելի է տրամադրված, երիտասարդ ադրբեջանցիներն ավելի էմոցիոնալ են, ավելի ակտիվ»:
Չինարի համայնքի ղեկավարը հայտնեց, որ Ադրբեջանում տեղական ինքնակառավարում չկա, կենտրոնաձիգ իշխանություն է, համայնքները ղեկավարողները չեն ընտրվում, նշանակվում են, նրանք ինքնուրույն ոչինչ չեն անում, ինչ «վերեւից» ասում են, կատարում են:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ