Լրահոս
Օրվա լրահոսը

«Այո, հնարավոր է, որ Նիկոլ Փաշինյանը եկել է ՀՀԿ-ին օգնելու». «Երկիր Ծիրանիի» անդամ

Մայիս 02,2017 16:38

«Երկիր Ծիրանի» կուսակցությունից Երևանի ավագանու թեկնածու Ստելլա Աղաջանյանը կասկածներ ունի, որ Նիկոլ Փաշինյանը մտել է քաղաքապետի համար պայքարի մեջ՝ ՀՀԿ-ին օգնելու համար:

«Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը նա հարցրեց` արդյոք զարմանալի՞ չէ այն, որ լինելով ՀՀ ԱԺ պատգամավոր` Նիկոլ Փաշինյանը մտել է քաղաքական պայքարի մեջ: Լրագրողների այն հարցին` դա նշանակո՞ւմ է, որ նա մտել է պայքարի մեջ ՀՀԿ-ին օգնելու համար, տիկին Աղաջանյանը դրական պատասխան տվեց. «Նա մտել է այդ պայքարի մեջ, որպեսզի ընտրողը չունենա երկու բևեռ: Այսօր ի սկզբանե բոլորը համոզված են, որ այլևս հնարավոր չէ տանել ՀՀԿ-ի իշխանությունը, անգամ ՀՀԿ-ի մեջ, հետևաբար որպեսզի այդ բևեռների պրկվածությունը մեղմվի, ներս է ընկել Նիկոլ Փաշինյանը: Այո, հնարավոր է, որ եկել է ՀՀԿ-ին օգնելու»:

«Երկիր Ծիրանի» կուսակցության Երեւանի ավագանու թեկնածու Վարուժան Անտոնյանն էլ, անդրադառնալով Տարոն Մարգարյանի քարոզարշավին, ասաց. «Դուք նկատե՞լ եք Տարոն Մարգարյանի նախընտրական ցուցապաստառի գույները` ծիրանագույն։ Սա նշանակում է իշխանափոխություն»:

Տիկին Աղաջանյանը վստահեցրեց, թե մեր երկիրը գահավիժում է, իսկ 10 տարի է Զարուհի Փոստանջյանի «անբասիր քաղաքական գործունեությունը հավատ է ներշնչում իրեն». «Անվերապահորեն վստահում եմ Զարուհի Փոստանջյանին` հաշվի առնելով նրա անկաշառությունը, կամային բնավորությունը»: Հարցին` «Երկիր Ծիրանին» ինչո՞վ է տարբերվում Նիկոլ Փաշինյանից և նրա ուժից, տիկին Աղաջանյանը պատասխանեց. «Մեր կուսակցության դեմքը կայուն, առանցքային, հզոր ներկայացուցիչը մեր առաջնորդն է` Զարուհի Փոստանջյանը, որն իր գործունեությամբ ապացուցել է, որ ինքն այնտեղ է, որտեղ կան խնդիրներ, կա ցավ, լուծելու հարց»:

Ստելլա Աղաջանյանը հիշեց նաև հուլիսյան դեպքերը: Նրա բնորոշմամբ` այդ ընթացքում տասներեք օր ջարդուփշուր էին եղել, պարալիզացվել պետական բոլոր ինստիտուտները. «Մենք տեսանք ՊՊԾ գնդի գրավումն իրականացրած հերոսներին: Իսկ այդ կապակցությամբ նույնիսկ ԱԺ արտահերթ նիստ չհրավիրվեց, երբ խայտառակ ֆիասկո էր»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031