Լրահոս
Օրվա լրահոսը

Խոսրովի անտառ պետական արգելոցի փոխտնօրեն. «Մի Բեզոարյան այծ որսացողը 15 մլն դրամ տուգանք է վճարելու» (Ֆոտոշարք)

Մայիս 02,2017 16:04

Բնության համաշխարհային հիմնադրամի «Ընձառյուծի պահպանությունը Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում լրագրողների համար կազմակերպված մեդիաարշավի ժամանակ Խոսրովի անտառ պետական արգելոցի պահպանության գծով փոխտնօրեն,պահպանության բաժնի պետ Ռաֆիկ Պետրոսյանն անդրադարձավ առկա խնդիրներին: Նշեց, որ Խոսրով պետական արգելոցը 24000 հա տարածք է, որտեղ 24 ժամ հերթապահություն են իրականացնում: Նրա ձեւակերպմամբ, այս պահին արգելոցը չունի սահմանազատման սյուներ, բուֆերային գոտի, եւ իրենք հաճախ են համայնքների հետ խնդիրներ ունենում. «Նրանք ասում են մեր տարածքն է, մենք ասում ենք մերն է, անասնատերերն էլ ասում են մեր տարածքն է»:

Ռաֆիկ Պետրոսյանի խոսքերով, 2 գյուղ գտնվում է արգելոցի տարածքում, համայնքային հողերը սեպաձեւ մտել են իրենց տարածքի մեջ, անգամ մի ընտանիքի կա, որ սեփականաշնորհման վկայական ունի, որը վերաբերում է արգելոցի Գառնի տեղամասի հենց կենտրոնական հատվածին:

Խոսրովի անտառ պետական արգելոցի փոխտնօրենը հավաստիացնում է, որ հարցը բազմիցս բարձրացվել է, խնդրին տեղյակ է նաեւ մարզպետարանը, բայց կարծում է, որ վերջնական լուծումը պետք է կառավարությունը տա. «Չունենք բուֆերային գոտի, մի կողմում Խոսրովի տարածքն է, մի քանի մետր այն կողմ մարդկանց արոտավայրերը: Ունենք նաեւ Գիլանի խնդիրը, որը Խոսրովի վարչական տարածքն է ու այնտեղ 30 ընտանիք է բնակվում, 10 ընտանիք էլ Գյոլասորում է ապրում, մենք մարդկանց չենք կարող արգելել իրենց արոտավայրերը գնալ»:

Նա նշեց, որ օրինակ, անցյալ տարի Ուրցաձոր համայնքի բնակիչների կողմից ծառահատման դեպք էր գրանցվել, տեսանկարահանվել էր, տեղեկացրել էին բնապահպանական պետական տեսչությանը:

Պարոն Պետրոսյանը հավելեց, որ Խոսրովի անտառ պետական արգելոցում պահպանությունն իրականացվում է եւ հատուկ ջոկատի, եւ տեղամասային տեսուչների միջոցով: Ընդ որում, Խոսրով արգելոցը բաժանված է 4 տեղամասի, եւ մեկ աշխատակցին մոտ 1000 հա տարածք է բաժին ընկնում: Ինչ վերաբերում է ռենջերներին, ըստ Խոսրովի անտառ պետական արգելոցի պահպանության գծով փոխտնօրենի, նրանց աշխատավարձը շատ ցածր է` պարգեւատրումներով հազիվ 80000 դրամ է կազմում, եւ սա այն դեպքում, երբ մարդիկ գիշեր-ցերեկ աշխատում են, ու կարող է գիշերվա ժամը 2-ին էլ գնան շրջագայության:

Նա նաեւ հավելում է, որ հատուկ ջոկատը ապահովված է զենքով, անհրաժեշտ միջոցներով, մեքենաների, վառելիքի, հագուստի խնդիր չունեն: Որսագողության դեպքեր էլ չեն գրանցվել: «Ժողովուրդը հասկացել, որ եթե մի Բեզոարյան այծ որսա, 15 մլն դրամ տուգանք է վճարելու»,-շեշտում է Խոսրովի անտառ պետական արգելոցի պահպանության գծով փոխտնօրենը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031