Լրահոս
Օրվա լրահոսը

Դարպաս գյուղում աշխատանք կա, բայց աշխատող չկա. «Բանվոր ու վարպետ եմ փնտրում, դժվարանում եմ, չեն գալիս աշխատելու»

Մայիս 02,2017 15:51

Լոռու մարզի Դարպաս համայնքը, որ մարզկենտրոն Վանաձորից գտնվում է 4 կմ հեռավորության վրա, ունի շուրջ 2000 բնակիչ: Գյուղում հիմնականում զբաղվում են անասնապահությամբ ու հողագործությամբ: Լավագույն դեպքում՝ աշխատանք են գտնում նաեւ Վանաձորում: Համայնքի ղեկավար Արմեն Ալոյանի խոսքով՝ աշխատող մարդը աշխատանք կարող է գտնել նաեւ հարազատ գյուղում:

«Էս պահին գյուղում շինարարական աշխատանքներ են կատարվում: Ես ընկած մարդ եմ ման գալիս, բանվոր ու վարպետ եմ փնտրում, դժվարանում եմ, չեն գալիս աշխատելու: Կամ աշխատավարձն են պատճառաբանում, որ քիչ է, կամ չեն ուզում այստեղ աշխատեն, գնում են քաղաք՝ աշխատում են, գյուղում՝ ոչ: Լավ վարպետ ճարելը շատ դժվար է: Օրը 2000-3000 դրամով չեն ուզում աշխատեն»:

Համայնքի ղեկավարի կարծիքով, գյուղացիներն ավելի շատ ցանկանում են արտերկրում աշխատել: Ասում է՝ գյուղի տղամարդկանց 30 տոկոսը մեկնել է արտագնա աշխատանքի:

 

«Աշխատող մարդու համար միշտ աշխատանք կա, կոնկրետ մեր գյուղում էլ կա: Ուղղակի մարդիկ սովորել են նպաստ ստանան, գնան Ռուսաստան, ռուսների հետ շփվեն ու գան պատմեն ռուսաստանյան կյանքից»:

Ընտանիքի հարսի աշխատավարձով ու թոշակ-նպաստով ապրող Սասունիկ Մանուկյանի 7 անձից բաղկացած ընտանիքից եւս արտագնա աշխատանքի են մեկնել: Ընտանիքի հայրն էլ, մի քանի օր է ինչ գնացել է Ռուսաստանում բախտը փորձելու: Իսկ գյուղում ընտանիքը զբաղվում է հողագործությամբ ու անասնապահությամբ:

«2 անասուն ունենք, պահում ենք: Մի 300 քառ. մ տնամերձ է, կարտոլ, սոխ ու սխտոր ենք մշակում: Տղես նոր է գնացել, Լիպեցկ է գնացել: Մի 3 տարի է, ինչ գնում է: Տարի կա լավ է, տարի էլ կա վատ է: Եթե չգնա խոպան, մենք չենք կարող ապրենք: Բարեկամի մոտ է գնացել: Շինարարությունում է աշխատելու: Թոռներիցս մեկը 3 տարեկան է մյուսը՝ 5: Մեկին մանկապարտեզ ենք տալիս, էն մյուսն էլ վարձի պատճառով չի գնում»,-ասում է 60-ամյա Սասունիկ պապն ու դժգոհում, որ հայրենի երկրում աշխատանք չկա, որ տուն ու տեղ չթողեն ու գնան այլ երկիր: Իսկ գյուղապետի առաջարկած աշխատանքից տեղյակ էլ չէ:

«Ես էլ եմ միշտ խոպան գնացել, ուղղակի արդեն մի քանի տարի է՝ հիվանդության պատճառով էլ չեմ գնում: Ուր ա՞, այստեղ գործ չկա: Գյուղապետի ասածը, երեւի նոր է բացվել: Եթե լինի կաշխատենք, ինչի՞ չենք աշխատի: Ես տեղյակ չեմ, եթե կա աշխատանքը բոլորս էլ կաշխատենք»:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031