«Էրեբունի- Երևանի 2800- ամյակի կապակցությամբ Էրեբունի արգելոց- թանգարանը իր դռները կբացի բազմաթիվ զբոսաշրջիկների առջև, »- այս մասին մայիսի 2-ին կայացած ասուլիսի ընթացքում ասաց թանգարանի տնօրեն Գագիկ Գյուրջյանը:
«Էրեբունի թանգարանը հիմնվել է 1968 թվականին։ Թանգարանի բացումը համընկել է Երևան քաղաքի 2750-րդ ամյակի տոնակատարությունների հետ։ Այն գտնվում է Արին Բերդ բլրի վրա, մի վայրում, որտեղ մ.թ.ա 782 թվականին հիմնվել է ուրարտական Էրեբունի ամրոցը»,- ասաց «Երևաննախագիծ» ՓԲԸ տնօրեն Սիրեկան Օհանյանը:
«Էրեբունին այսօր գործում է «Կարմիր բլուր» և «Շենգավիթ» մասնաճյուղերով՝ հանդիսանալով հանրության համար այցելելի միակ հնագիտական արգելոց-թանգարանը Երևան քաղաքում և կարևոր ուրարտագիտական կենտրոն տարածաշրջանում։ Թանգարանի շենքը կրկնում է ուրարտական պալատական կառույցների հորինվածքը՝ պահպանելով արտաքին խուլ պատերով ու երդիկավոր հարթ կտուրներով ներքին բակի շուրջ ամփոփված ժողովրդական բնակելի տան տրամաբանական սկզբունքը»,-նշեց թանգարանի տնօրենը:
Վերջինիս խոսքով Էրեբունի-Երևանի 2800- ամյակին Էրեբունի թանգարանն արդեն կունենա ամբողջովին կանաչապատ շրջակա տարածք, կից սրճարան և հուշանվերների սրահ: Այս ամենի համար նախատեսված է ծախսել 8 մլն դրամ:
Կարդացեք նաև
«Զբոսաշրջիկներին կգրավի և հիացմունք կպատճառի Կարմիր բլուրում գտնված 70 դույլ տարողությամբ և երկու բռնակ ունեցող պղնձե հսկայական կաթսան, որի պռունկները ագուցված են բրոնզի շերտով»,-ավելացրեց Սիրեկան Օհանյանը:
Անուշ ԳԱՍՊԱՐՅԱՆ