Լրահոս
Օրվա լրահոսը

 Վիգեն Ավետիս. «Ես կարող եմ դատի տալ Արաբկիր համայնքի ղեկավարին»

Մայիս 02,2017 14:10

Ճանաչված քանդակագործ Վիգեն Ավետիսը Ֆեյսբուքում գրառում է կատարել Արաբկիր համայնքում գտնվող իր Ծովինար՚ Սանասարի եւ Բաղդասարի ծնունդը հուշարձան- քանդակի վերաբերյալ: Քանդակագործը նշել է, որ հուշարձանն աղավաղում են` ապակին փոխարինելով բետոնով, ինչի համար պատրաստվում է դատի տալ Արաբկիր վարչական շրջանի ղեկավարին:

Aravot.am-ի հետ զրույցում արվեստագետը նշեց, որ հուշարձան – քանդակը տեսակով եզակի է, ու աղավաղումն անթույլատրելի:

 

«Ինձ որպես հեղինակի չեն դիմել, եւ ես պատահաբար լուսանկարները տեսա, որ վերականգնողական աշխատանքներ են կատարում: Բետոնապատել են պատերը, որոնց փոխարեն ապակիներ էի դրել, իսկ ապակիները շատ կարեւոր են գաղափարի համար` դա բացված ծովն է, երբ Ծովինարն աստծուց խնդրում է օգնություն, ծովը բացվում է, եւ կենաց ջուրն է այնտեղից դուրս գալիս: Այդ ապակիները բետոնապատելը նշանակում է հուշարձանի ամբողջ տեսքը, իմաստը որակազրկել: Ես հասկանում եմ, որ ապակիներ պահելը խնդրահարույց է, երեխաները կարող են կոտրել, բայց այս գործը նաեւ դաստիարակչական կողմ ունի: Հասարակական վայրում նման գործ տեղադրելը միշտ ռիսկային է, բայց արվեստի գործ դնելը պարտադիր է: Արվեստի գործի հետ պետք է վարվել սովորեցնել, երեխաները պետք է ափսոսան կոտրել այն, այդ ամենը հենց արվեստի գործի եւ հասարակության հետ կապերն են: Միքելանջելոյի Դավիթն էլ են ժամանակին վնասել, ու հասարակության զարգացումը, հոգեւոր արժեքների բարձրացումն ուղիղ կապված է արվեստի գործերի հետ շփման հետ: Եթե այդ ապակին կոտրվում է, ինչ-որ տեղ կատարում է իր առաքելությունը, այսինքն՝ արվեստի գործն իր վրա ընդունում է հարվածներ, որով դաստիարակում է հասարակությանը: Մի խոսքով, ապակիները շատ կարեւոր են ոչ միայն ճարտարապետական լուծման համար, նաեւ հասարակության հետ զգուշության, նրբության խնդիրները լուծելու առումով, այդ խնդիրների դեպքում չի կարելի կացին գործադրել: Անհրաժեշտ է ամենանուրբ ձեւով բացատրել, թե ինչ է արվեստը, եթե կոտրվել են ապակիները, այլ ապակիներ դրեք, ոչ թե էժանության համար բետոնապատեք, փչացրեք իմ թողած ժառանգությունը»,- ասաց հեղինակը:

Վիգեն Ավետիսը հավելեց. «Ոչ մի քաղաքապետ եւ թաղապետ իրավունք չունի իմ թողած ժառանգության ճարտարապետական տեսքը փոխել, դա ճարտարապետական նորարարություն է, երկրորդ նմանատիպ ավազան գոյություն չունի աշխարհում: Դա իրենց համար չէ, սերունդների համար է: Այնտեղ շատրվաններ էլ էի դրել, դրանք էլ են հանել, որովհետեւ գտել են, որ իբր անիմաստ է, բայց դրա իրավունքը չունեն, առաջին հերթին ինձ հետ պետք է խորհրդակցեն: Իրենք ոչ մի փոփոխություն անելու իրավունք չունեն, եթե իրենք չեն հեղինակը: Իսկ եթե հանկարծ որոշեն, որ այդպես են թողնելու, ես ուղղակի դատի կտամ Արաբկիր վարչական շրջանի ղեկավարին` եւ որպես արվեստի գործ վնասելու, եւ ինձ որպես հեղինակ բարոյական վնաս հասցնելու համար: Դա կառուցվել է իմ ղեկավարությամբ եւ Արաբկիր համայնքի հարկատուների միջոցներով: Կառուցվել է 2008թ., երբ համայնքի ղեկավարը Հովհաննես Շահինյանն էր: Ցավոք, այսօր նույն կերպ եկեղեցիների հետ են վարվում, իբր թե վերականգնում են, բայց իրականում որակազրկում են: Նման բարբարոսությանը եւ եվրառեմոնտներին պետք է վերջ տալ, դա հանցագործություն է»:

Aravot.am-ին Արաբկիր վարչական համայնքից խոստացան ավելի ուշ արձագանքել խնդիրն ուսումնասիրելուց հետո:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարները Վիգեն Ավետիսի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031