Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՊՏՀ Ուսանողական խորհուրդը կրկին Արցախում է

Մայիս 02,2017 14:05

Ապրիլի 29-ի վաղ առավոտյան Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Ուսանողական Խորհրդի նախաձեռնությամբ համալսարանի շուրջ 50 ուսանողներ «Մենք Արցախն ենք» ծրագրի շրջանակներում ուղևորվեցին Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Ծրագիրը մեկնարկել էր դեռ ապրիլի 28-ին` ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանի և Ուսանողական խորհրդի նախագահ Սերգեյ Խառատյանի ունեցած պաշտոնական հանդիպումով:

Ուղևորության առաջին հանգրվանը Հադրութի շրջանի Առաջամուղի զինավանն էր, որտեղ ուսանողներն արժանացան ջերմ ընդունելության։ Այցելություն կազմակերպվեց տեղի` Զաբել Եսայանի անվան հիմնական դպրոց, որտեղ ուսանողները հանդիպեցին և զրուցեցին դպրոցի տնօրեն Կարինա Մկրտչյանի և անհամբերությամբ ուսանողների խմբի ժամանմանը սպասող դպրոցականների հետ։ Ուսանողական խորհուրդը դպրոցականների համար պատրաստել էր անակնկալ նվերներ, դպրոցական պայուսակներ և գրենական պիտույքներ։

Տնտեսագիտական համալսարանի Ուսանողական խորհրդի նախագահ Սերգեյ Խառատյանը մեզ հետ զրույցում նշեց, որ միջոցառման նպատակն այս անգամ ոչ միայն բուհ-բանակ կապի ամրապնդումն է, այլ նաև սահմանամերձ գյուղերի երեխաներին երիտասարդության աջակցության փոխանցումը: «Այս «սահմանապահ աշակերտները» պետք է զգան, որ հայ երիտասարդը կանգնած է իրենց կողքին, որ հայրենիքի պաշտպանության սուրբ գործը բոլորինս է և մենք պատրաստ ենք ուժերի ներածի չափով օգնել այս շրջանների բնակչությանը` և անել ամեն ինչ, որ իրենց հասարակություն լիարժեք անդամ զգան»,- իր խոսքում նշեց Սերգեյ Խառատյանը, տեղեկացնելով որ ծրագիրը իրականացվում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հետ համատեղ և ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանի Աջակցությամբ:

Նպատակ ունենալով ուսման նկատմամբ բարձրացնելու սահմանամերձ գյուղի աշակերտների հետաքրքրվածությունն ու շահագրգռվածությունը` դպրոցի` բարձր առաջադիմություն ունեցող 3 աշակերտներ Ուսանողական խորհրդի կողմից արժանացան առանձնահատուկ նվերների՝ բջջային հեռախոսների տեսքով։ Դպրոցի տնօրեն Կարինա Մկրտչյանը բարձր գնահատեց ՀՊՏՀ Ուսանողական խորհրդի այս նախաձեռնությունը` նշելով. «Հեռավոր սահմանամերձ գյուղերում շատ հաճելի և խիստ գովելի է նմանատիպ միջոցառումների կազմակերպումը, քանի որ դրանք օգնում են կտրվել գյուղի միապաղաղ առօրյայից և նոր հետաքրքրություն են մտցնում երեխաների կյանքում»։

Արցախյան ուղևորության հաջորդ կանգառը սահմանամերձ Ջեբրաիլի զորամասն էր, որտեղ ուսանողներին հնարավորություն ընձեռվեց ընթրել զինվորականների հետ միասին, որից հետո բուհի շնորհաշատ ուսանողների կողմից կազմակերպվեց երաժշտական միջոցառում՝ նվիրված Շուշիի ազատագրման 25 ամյակին։ Կիթառի և սաքսոֆոնի նվագակցությամբ հնչեցին հայրենասիրական երգեր և մասնակիցների ուրախ երգ ու պարին միացան նաև զինծառայողները։ Ուսանողներից շատերը կարողացան հանդիպել այդ զորամասում զինծառայություն անցնող իրենց ընկերներին։

Այցելության երկրորդ օրվա ընթացքում ուսանողները եղան Արցախի պատմամշակութային մի շարք վայրերում, Ստեփանակերտ քաղաքի կենտրոնական հրապարակում, կազմակերպվեց այցելություն «Մենք ենք, մեր լեռները» հուշարձանին, իսկ տուն վերադառնալու ճանապարհին երկօրյա ճամփորդությունն ամփոփվեց Դադիվանք հոգևորական համալիր այցելությամբ։

 

Մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031