Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Իշխանությունը երկու գլուխ չի ունենում, նույնիսկ Հայաստանի պես երկրում. «Իրատես»

Մայիս 02,2017 13:15

Փաստացի մենք անցումային շրջանում ենք՝ ոչ միայն հին Սահմանադրությունից նորին, այլեւ կառավարման հին բուրգից նորին, եւ այս պահին երեք խնդիր կա քաղաքական դաշտում տեսանելի ու անտեսանելի.

1. Ի՞նչ է կատարվում իշխանության ներսում։ ՀՀԿ-ն մնո՞ւմ է մեկ մարդու կուսակցություն, թե՞ կատարվում են ոչ տեսանելի բաժանումներ ՀՀԿ նախագահի ու առաջին փոխնախագահի համակիրների։ Այս հարցը տեսանելի պատասխան կստանա միայն 2018-ի ապրիլին։ Ընթացիկ տասնյակ պատասխաններ կշրջանառվեն, բոլորն էլ հավաստի կթվան, բայց չեն լինի, քանի դեռ որոշում չեն դարձել։ Պատասխանից կախված են կուսակցության դերն ու նշանակությունը քաղաքական կյանքում եւ Սերժ Սարգսյանի ու Կարեն Կարապետյանի կարիերաները։ Բացառվում է, որ նրանք մնան երկուսով՝ իշխանությունը երկու գլուխ չի ունենում, նույնիսկ Հայաստանի պես երկրում, որ քաղաքագիտությունից շեղումները օրինաչափություն է դարձրել։ Մնալու է մեկնումեկը։ Շատ մեծ հարց է՝ իսկ Սերժ Սարգսյանը իսկապես ուզո՞ւմ է մնալ մի իրավիճակում, որից օր առաջ անվնաս ձերբազատվելը մեծ հաջողություն կհամարեր ցանկացած ողջամիտ մարդ։

2. Ի՞նչ է կատարվելու արտախորհրդարանական քաղաքական դաշտում։ Զրկվելով ֆինանսական աղբյուրներից որոշ կուսակցություններ կարող են դանդաղ անէանալ, բայց նրանց անէանալուց խնդիրները չեն անէանում։ ԱԺ-ից դուրս մնացածները դեռ միավորվելու միտումներ չեն դրսեւորել։ Լեւոն Տեր-Պետրոսյանը երկու անգամ քաղաքական նզովքներից հետո գերադասեց լռել ու սպասել իրադարձությունների ընթացքին։ ՀԱԿ-ը հայտարարեց, որ ՄԻԵԴ է դիմելու ընտրությունները անվավեր ճանաչելու հայցով։

Արթուր Բաղդասարյանից ու ՀՎԿ-ից ընդհանրապես ձայն չկա, ասես չեն էլ եղել։ Րաֆֆի Հովհաննիսյանը ԱՄՆ-ում է, «Ժառանգությունը» նորից սպասում է նրան, ինչպես իր ամբողջ պատմության ընթացքում։ ՕՐՕ-ից ընտրություններից հետո անցած մեկ ամսում հոդաբաշխ մեկնաբանություններ չեն եղել իրենց անելիքների մասին՝ նրանք գերադասում են խոսել ուրիշների մասին, եւ դա ջուր պղտորելու նույն հին հիվանդությունն է։

Տրամաբանական կլիներ նրանց միավորումը եւ որոշ ժամանակից նաեւ հայտարարությունը, որ մնում են ժողովրդի հետ ու առաջնորդելու են փողոցային ընդվզումները։ Դա, իհարկե, սիմվոլիկ հայտարարություն կլինի, եթե նրանք չգեներացնեն բողոքները։ Նույնիսկ այդ դեպքում մեծ հարց է, թե ինչո՞ւ պիտի մարդիկ նրանց հետեւից գնան ստանալու իրենց խնդիրների լուծումը։ Մնում է հին տարբերակը՝ սպասել, թե ինչ հրահանգներ կստանան նրանցից, ում շահերը սպասարկել են ու պատրաստ են սպասարկել՝ նոր իրավիճակում։

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031