Ապրիլի լույս 28-ի գիշերը ցրտահարությունից տուժել են Այրում քաղաքի, Արճիս, Լճկաձոր, Դեղձավան, Պտղավան, Բագրատաշեն, Դեբեդավան, Հաղթանակ գյուղերի պտղատու այգիները եւ ցանքեը:
Արճիսի այգեգործները ասացին, որ ցրտահարությունը հիմնականում եղել է Դեբեդ գետի ափին, ցածրադիր տեղանքում գտնվող այգիներում: Ծաղկած ընկուզենիները, սալորենիները, ծիրանենիները վնասվել են տարվա այդ ժամանակաշրջանի համար անսովոր ցուրտ եղանակի պատճառով:
Խոշորացված Այրում համայնքի ղեկավարի գյուղատնտեսության գծով խորհրդական Սեյրան Միկիչյանը հայտնեց, որ դեռեւս վնասների չափերը չեն ճշտվել: Նա ասաց. «Նոր եմ վերադարձել Հաղթանակ գյուղից, որտեղ ընդեղենի բերքը 100 տոկոսով ոչնչացված է»:
Ս. Միկիչյանը հայտնեց, որ մեծ վնաս են կրել Դեբեդի հովտի դեղձի, սալորի, տանձի, խնձորի, արքայանարնջի (կորոլյոկի) այգիները:
Կարդացեք նաև
Ս. Միկիչյանը հայտնեց, որ գյուղնախարարությունը, հիդրոմետ ծառայությունը գյուղացիներին սպասվող ցրտահարության մասին չեն զգուշացրել:
Տավուշի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Վաղարշակ Սուքոյանը հայտնեց, որ գյուղերում կկազմվեն հանձնաժողովներ, որոնք կճշտեն ցրտահարության պատճառած վնասները: Այրումի համայնքապետարանը վնասների մասին տվյալները կներկայացնի Տավուշի մարզպետարան, որն էլ դրանք կուղարկի գյուղատնտեսության ու տարածքային կառավարման եւ զարգացման նախարարություններ:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ