Հարցազրույց պիար խորհրդատու ՀԱՅԿ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻ հետ
-Ինչպե՞ս կգնահատեք Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ընթացքը, կարողացա՞վ այն խորհրդարանական ընտրությունների թափը հավաքել:
-Իհարկե ավագանու ընտրությունների քարոզարշավը բավական պասիվ եմ համարում՝ ի տարբերություն Ազգային ժողովի ընտրությունների, ինչը, սակայն, բնական է՝ պայմանավորված ընտրություններին մասնակից քաղաքական ուժերի քանակով եւ ճանաչելիությամբ, ինչպես նաեւ ընտրությունների ոչ այնքան մեծ ընդգրկունությամբ, տեղային բնույթով:
Հասարակությունն արդեն ճանաչում է թե՛ Հանրապետական կուսակցության թեկնածուներին, թե՛ «Ելք» դաշինքի ներկայացուցիչներին։ Ըստ էության նրանց առանձնապես մեծ ջանքեր հարկավոր չեն՝ մարդկանց իրենց գաղափարները լսելի դարձնելու համար: Ընտրողներն արդեն տեղյակ են, թե քաղաքական ուժերից ով ի՞նչ ներուժ ու հնարավորություններ ունի, նախընտրական ինչ մոտեցումներով է փորձում իր ձայնը լսելի դարձնել զանգվածներին:
Կարդացեք նաև
Այդ առումով թերեւս նորությունը «Երկիր ծիրանին» է, որը առաջին անգամ է հայտ ներկայացնում քաղաքական գործընթացներին մասնակցելու համար, բայց դրա առաջնորդը նույնպես քաջածանոթ է ընտրողներին:
Ամեն դեպքում, կարծում եմ, ավագանու ընտրությունները զգալիորեն զիջելու է նախորդին՝ ամեն առումով՝ ընդհուպ մինչեւ ընտրողների ներգրավվածությամբ։ Անգամ մտավախություն ունեմ, որ ընտրողների քանակը կարող է նվազագույն շեմը չհաղթահարել, ինչը կարող է ընտրությունները չեղյալ համարելու պատճառ դառնալ:
Նման ենթադրությունների տեղիք է տալիս այն, որ մայրաքաղաքի բնակիչները նույն խանդավառությամբ չեն մասնակցում ավագանու ընտրությունների քարոզարշավին, կարծես թե անտարբերություն են ցուցաբերում առաջիկա ընտրությունների նկատմամբ:
-Դա ընտրությունների հանդեպ անվստահությա՞ն, թե՞ մայրաքաղաքի նկատմամբ անտարբերության հետեւանք է:
-Երեւանի նկատմամբ անտարբերություն չկա: Գիտեք, թե որքան սրտացավ են երեւանցիները մայրաքաղաքի ամեն խնդրի համար, ինչպես են արձագանքում դրան, ուրախանում, երբ որեւէ դրական ծրագիր է իրագործվում: Հասարակության մեջ տիրող վիճակն ավելի շուտ ընտրական համակարգի նկատմամբ անվստահության հետեւանք է: Բոլորը մտածում են, որ ընտրությունների արդյունքները կանխատեսելի են, իսկ անգամ կանխատեսելի ֆիլմի ցուցադրությանը հետաքրքրություն չեն ցուցաբերում, ուր մնաց՝ ընտրություններին:
«Ելքի» եւ «Երկիր ծիրանիի» խնդիրը պետք է լիներ ընտրություններն անկանխատեսելի դարձնելը եւ ընտրազանգվածին դեպի իրենց ուղղորդելը: Դրանով իսկ նրանք կկարողանային հանրությանը հետաքրքրել այս ընտրություններով եւ շահագրգռել, որ մարդիկ հավատան սեփական քվեին ու անպայման մասնակցեն ընտրություններին: Բայց քարոզարշավն այնքան պասիվ է անցնում, որ հասարակությունը ավելի շատ հետաքրքրված է գարեջրով ու ֆուտբոլով, քան ավագանու ընտրություններով:
-Այսինքն՝ ավագանու ընտրություններին մասնակցող քաղաքական երկու ուժերը քարոզչական ճիշտ ռազմավարություն չե՞ն իրականացնում:
-Անկասկած։ Քարոզարշավը հնարավորություն է տարբերվելու մյուս քաղաքական ուժերից՝ ինչպես մատուցման եղանակով, այնպես էլ բովանդակությամբ: Այսինքն՝ քաղաքական ուժերից յուրաքանչյուրը պետք է ձգտի տարբերվել իր ծրագրերով ու գաղափարներով, ինքնատիպ լինել: Մինչդեռ այս ավագանու ընտրություններին մասնակցող բոլոր երեք քաղաքական ուժերը նույն խոստումներն են տալիս երեւանցիներին:
«Ելքն» ու «Երկիր ծիրանին» քարոզարշավի ժամանակ երեւանցիներին խոստանում են կյանքի կոչել նույն ծրագրերը, որոնց մասին նաեւ գործող քաղաքապետի թիմն է բարձրաձայնում: Կարծես թե բոլորն էլ հստակ գծված շրջանակներում են միայն քայլեր անում, ոչ մի յուրօրինակ բան չկա երեքի մոտ էլ, հանրային ուշադրությունը գրավելու համար ոչ մի հրապուրիչ գաղափար, որի շնորհիվ ուժերը կտարբերվեին միմյանցից:
Բոլորի խոստումները հիմնականում տրանսպորտի խնդիրը լուծելու համատեքստում են, ինչի մասին, ի դեպ, գործող քաղաքապետն ավելի վաղ է սկսել խոսել: Եվ խնդրի լուծման եղանակներն էլ նույն ձեւաչափում են:
Ի դեպ, նույնիսկ քաղաքական ուժերի տարբերանշաններում նմանություն կա. «Երկիր ծիրանիի» եւ Տարոն Մարգարյանի թիմի տարբերանշանների մեջ գերիշխում է ծիրանագույնը: Այդ գույնն օգտագործում է նաեւ «Ելքը»:
Հենց այդ միօրինակության պատճառով էլ նրանցից որեւէ մեկն իր ծրագրով չի տպավորվում: Եթե փողոցում հարցում անցկացնեք, կտեսնեք, որ Երեւանի բնակիչները մեծ մասամբ տեղյակ չեն ընտրական գործընթացներից, իսկ ովքեր էլ տեղյակ են, չեն կարող հստակեցնել, թե քաղաքական ուժերից որը ինչ է խոստանում, ինչ ծրագրով է ներկայանում:
Թագուհի Ասլանյան
Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում