Լրահոս
Օրվա լրահոսը

Մանկապարտեզի վարիչի կաբինետում «ժուչոկ» գցելու գործը հասավ քննչական

Մայիս 02,2017 12:23

Ինչպես տեղեկացրել ենք, Շիրակի մարզի Արթիկ քաղաքի թիվ 4 մանկապարտեզի վարիչ Հասմիկ Աջամօղլյանի կաբինետում «ժուչոկ» էին գցել՝ գաղտնալսելով նրա խոսակցությունները։ Ինչպես Aravot.am-ին պատմել էր տիկին Աջամօղլյանը, «ժուչոկ»-ը հայտնաբերվել է այն ժամանակ, երբ Արթիկի քաղաքապետարանի կողմից ստուգումներ էին անցկացվում իր գլխավորած կառույցում։ Հասմիկ Աջամօղլյանից անընդմեջ փաստաթղթեր են պահանջել, և երբ մի անգամ բացել է պահարանը՝ փաստաթղթեր հանելու, գաղտնալսող սարքն ընկել է։ Վերջինիս մեջ տեղադրված է եղել «Վիվասելի» հեռախոսային քարտ, որին միանալով՝ գաղտնալսել են բոլոր խոսակցությունները։

Քիչ առաջ Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը մեզ տեղեկացրեց, որ Aravot.am կայքի «Տարօրինակ դեպք` Արթիկի թիվ 4 մանկապարտեզում. վարիչի կաբինետում «ժուչոկ» են գցել» վերտառությամբ հոդվածը իր հանձնարարությամբ ուղարկվել է Շիրակի մարզային քննչական վարչություն ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 180-181 հոդվածներով նյութեր նախապատրաստելու ու օրենքով սահմանված կարգով ընթացքը լուծելու նպատակով։

Նշենք, որ Արթիկում տարածված խոսակցությունների համաձայն, «ժուչոկը» գցել է քաղաքային իշխանավորներից մեկը, առայժմ զերծ ենք մնում անուններ հրապարկելուց, քանի դեռ չկան ապացույցներ։ Պատճառը, դարձյալ ըստ տարածված խոսակցությունների, այն է, որ մանկապարտեզի վարիչը թե՛ ՏԻՄ, թե՛ ԱԺ ընտրություններին չի սատարել Արթիկի քաղաքային ներկայիս իշխանություններին։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031