Լրահոս
Օրվա լրահոսը

«Երկիր ծիրանին» կպայքարի կրկնուսույցների եւ հովանավորչության դեմ

Մայիս 02,2017 12:09

Երեւան քաղաքի ավագանու ընտրություններին մասնակցող երեք ուժերից մեկը «Երկիր Ծիրանի» կուսակցությունն է: Aravot.am-ը փորձեց վերլուծել, թե ինչ է այն խոստանում մշակույթի եւ կրթության ոլորտներում` նախընտրական ծրագրում: Պարզվում է, որ ի տարբերություն մյուսների, «Երկիր Ծիրանին» որոշել է զարգացնել կրոնական եւ ուսումնակրթական զբոսաշրջությունը:

«Մշակույթը ցանկացած ազգի ինքնության կարևոր հենասյունն է: Երևանն ունի հնարավորություն` ներկայանալու աշխարհին իր մշակույթով և ինքնատիպ այցեքարտով: Երևանը կարող է իրականացնել այնպիսի մշակութային քաղաքականություն, որը կամուրջ կհանդիսանա աշխարհում բնակվող բոլոր հայերի և օտարների համար: Նախադպրոցական ու դպրոցական տարիքից սկսած առաջնահերթություն պետք է համարել քաղաքացու մշակութային դաստիարակությունը՝ պահանջարկ ձևավորելով բարձր մշակույթի հանդեպ»,-ասվում է կուսակցության ծրագրում:

«Երկիր Ծիրանին» առանձնացրել է Երևանի մշակութային քաղաքականության խնդիրները ու, ըստ այդմ, նախընտրական ծրագրում խոստանում է մշակույթի, արվեստի բնագավառում խթանել ազատ մրցակցությունը, բացառել հովանավորչական կամ խտրական քաղաքականությունը, ներառյալ` անհրաժեշտ պայմաններ ստեղծել ազգային փոքրամասնությունների մշակութային կյանքի ներկայացվածության համար:

«Մշակութային» խոստումների թվում են թանգարանները, գրադարանները, մշակույթի ու արվեստի օջախները ուշադրության կենտրոնում պահելը, պայմաններ ստեղծելը երաժշտական և թատերական արվեստի զարգացման համար, նպաստելը աշխարհում հայկական մշակույթի և արվեստի գովազդմանը եւ այլն: Զարուհի Փոստանջյանն իր թիմով խոստանում է նպաստել նաեւ համահայկական մշակութային տեղեկատվական շտեմարանի ստեղծմանը` հայկական նյութական և ոչ նյութական մշակույթի ներառմամբ (լեզու, կրոն, բանահյուսություն, գրականություն, ճարտարապետություն, նկարչություն, երաժշտություն, պատմագրություն և այլն), հայկական մշակութային ողջ ժառանգության գույքագրմանը, հանրակրթական և համալսարանական հաստատություններում կրթական ծրագրերի միջոցով հայագիտության և հայրենաճանաչողության խթանմանը եւ այլն:

Նախընտրական ծրագրի «Կրթություն» խորագրի ներքո մի քանի ցանկություն է բանաձեւած. «Դպրոցի տնօրենը պետք է լինի անկախ և անկաշկանդ, մարզային ու քաղաքային իշխանությունները չպետք է խոչընդոտեն կամ սահմանափակեն տնօրենին և ուսուցչական անձնակազմին` իրենց վերապահված լիազորություններն ըստ իրենց հայեցողության կատարելիս: Ուսուցչի մանկավարժական գործունեությունը և նրա սոցիալական ապահովվածությունը կարևորագույն նշանակություն ունեն մատաղ սերնդի` ապագա քաղաքացիների դաստիարակության ու ձևավորման գործում: Հետևաբար` անհրաժեշտ է ներդնել մանկավարժների շաբաթական ծանրաբեռնվածության 18-ժամյա չափանիշը, որով կբարձրանա ուսուցչի աշխատավարձը և նրան հնարավորություն կտա զբաղվել ինքնակրթությամբ»:

«Երկիր Ծիրանիի» կրթական խոստումների թվում են դասավանդման մեթոդները և ուսումնական ծրագրերը բարձրացնելն այնպիսի մակարդակի, որ աշակերտը դպրոցում ստացած գիտելիքները կարողանա ճիշտ օգտագործել և տնային աշխատանքները կատարելիս կրկնուսույցի կարիք չունենա, դպրոցներում ամբողջապես եւ այլն:

«Երկիր Ծիրանիի» ծրագրի կրթամշակութային հատվածում ավելի շատ ցանկություններ են, քան խնդիրների լուծման մեխանիզմներ:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031