Լրահոս
Օրվա լրահոսը

«Մինուս» Երեւան. քայլք փակ շրջանով՝ լայնորեն փակված աչքերով

Մայիս 02,2017 22:00

Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի
արտգործնախարարների եռակողմ հանդիպման չոր մնացորդը

Հայկական դիվանագիտությունը վերջինն էր այս եռյակում ժամանակագրական առումով, որը հայտնեց իր մասնակցության մասին ս.թ. ապրիլի 28-ի հանդիպմանը Մոսկվայում:
Այս ռուսական նախաձեռնությանը, որի մասին նախ ակնարկեց Մարիա Զախարովան, առաջինն ընդառաջեց Բաքուն, եւ դրա մասին «դիվանագիտական աղբյուրներին» հղում անելով, իրար հերթ չտալով՝ հայտնում էին ադրբեջանական ԶԼՄ-ները: Իսկ երբ հանդիպման հայտարարված օրվանից ժամեր առաջ Ադրբեջանի ՊՆ-ն հանդիսավոր կերպով ցուցադրեց, թե ինչպես է Բաքվի նավահանգստից մեկ նավ ռուսական զրահատեխնիկա բեռնաթափվում, եւ հայտարարեց, որ այդ տեխնիկային ադրբեջանցիների կողմից տիրապետելու համար տեղում մնալու են ռուս հրահանգիչներ՝ պարզ է դառնում, որ Երեւանին հերթական անգամ Ռուսաստանն ու Ադրբեջանը փորձում են ենթարկել համատեղ շանտաժի: Պարզ է դառնում, բացի դրանից, որ այդ եռակողմ հանդիպումն ունի երկու նախաձեռնող եւ կարող է ունենալ երկու շահառու՝ «մինուս» Երեւան:

Եթե Երեւանը մինչեւ հանդիպումը կարող էր տեսականորեն կասկածներ ունենալ այս ողջ ցինիզմի խորության վերաբերյալ, ապա այն, ինչ տեղի ունեցավ հանդիպման օրը եւ հանդիպումից մի քանի ժամ անց, ուրվագծեց մի իրավիճակ, որտեղ, ըստ Ստանիսլավ Եժի Լեցի՝ կասկածելն անբարոյականություն է, երբ վստահ ես: Նույն օրը՝ ապրիլի 28-ի առավոտյան, Արցախ-Ադրբեջան շփման գծում հակառակորդի կրակոցից զոհվեց զինծառայող Մհեր Արզումանյանը, իսկ երեկոյան Ադրբեջանը սկսեց Տավուշի մարզի Կոթի եւ Բաղանիս գյուղերի գնդակոծությունը խոշոր տրամաչափի գնդացիրներից: Հայկական կողմը հանդես եկավ միայն գնահատական պարունակող հայտարարությամբ, ոչ ավելին: Բացի դրանից, հայտարարվեց, որ մայիսի 1-ին Անկարան եւ Բաքուն համատեղ լայնամասշտաբ զորավարժություններ են սկսում Ադրբեջանի տարածքում: Դե, իսկ եռակողմ հանդիպումն, ինչպես հայտնի է, ավարտվեց առանց որեւէ փաստաթղթի:
Ի՞նչ ունեցանք չոր մնացորդում: Մոսկվային պետք էր Մինսկի խմբի արեւմտյան համանախագահներին հիշեցնել եւ ցույց տալ իր «հատուկ դերը» կարգավորման գործընթացում, եւ նա հիշեցրեց եւ ցույց տվեց: Բաքվին պետք էր իր համաձայնությունը թանկ գնով ծախել ռուսներին եւ մի բան պոկել՝ դա էլ արվեց: Ի՞նչ ստացավ Երեւանը՝ այո, ոչինչ: Եթե չհաշվենք այն, որ Երեւանը «հերոսաբար» կարողացավ չնեղացնել Մոսկվային եւ թույլ տալ, որ նա իր ուզածն անի որերորդ անգամ մեր շահերի հաշվին: Բայց չենք կարող հաշվի չառնել մի այլ շատ կարեւոր հանգամանք. սա ոչ թե մի մեկուսի դրվագ է, այլ հղի է հետեւանքներով, որոնք հակասում են մեր շահերին:

Մոսկվան առանձնապես չի էլ թաքցնում, որ տանում է քաղաքականություն, որպեսզի ԵԱՀԿ կառույցները դուրս մղի հետխորհրդային տարածքից: Դա ուղղակիորեն բխում է նրա նեոկայսերական շահերից եւ տրամաբանությունից, որը մենք տեսնում ենք թե՛ Ուկրաինայում, որտեղ նրան ենթակա զինված խաժամուժը պայթեցնում է ԵԱՀԿ դիտորդների ավտոմեքենան, այլեւ մեր տարածաշրջանում, որտեղ Երեւանի ԵԱՀԿ գրասենյակի գլխին ուղղակի քար է գցում Բաքվի ձեռքերով: Ընդ որում, վաղուց է, ինչ Երեւանի գրասենյակը ղեկավարում են ռուս դիվանագետները, բայց Մոսկվան, պարզվում է, «չի կարողանում համոզել» Բաքվին, որպեսզի նա հանի իր «առարկությունները» գրասենյակի գործունեության վերաբերյալ: Իսկ Լավրովի գովասանքի խոսքերը ԵԱՀԿ հասցեին, թե Մոսկվան «տեսնում է», որ կազմակերպությունը ձգտում է հակամարտությունների կարգավորմանը՝ սա այն դեպքն է, երբ դիվանագետի խոսքերը ոչ թե արտահայտում, այլ թաքցնում են արտահայտածին հակառակ մտադրությունները:
Դրա հետ մեկտեղ բազմիցս է ասվել, որ Մոսկվային եւ Բաքվին միավորում է ձգտումը տեղափոխելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը Մինսկի խմբի եռանախագահության ձեւաչափից ռուս-ադրբեջանական գործարքի դաշտ, ինչի վերաբերյալ իր բացահայտ գոհունակությունն է մշտապես հայտնում Անկարան: Քառօրյա ապրիլյան պատերազմին հաջորդած Վիեննայի հաջողված հանդիպումը, մեր եւ տարածաշրջանային անվտանգության շահերից բխող արդյունքների ռուս-ադրբեջանական ջանքերով հաջողված լղոզումը Սանկտ Պետերբուրգում ակնհայտորեն պետք է ցույց տային Երեւանին մի պարզ բան. Երեւանին հակացուցված է ցանկացած հանդիպում կամ քննարկում Արցախի հարցի վերաբերյալ, որը նախաձեռնվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության ձեւաչափից դուրս՝ լինի դա ԵԽԽՎ-ն, թե պարոն Լավրովի հիմնարկը: Եվ որ այդ դեպքում Երեւանը ստանալու է կամ անբարենպաստ փաստաթուղթ, կամ դուրս է գալու առանց փաստաթղթի եւ թուլացած դիրքերով ու հնարավորինս ստորացված:

Այդ դեպքում հարց է ծագում. Երեւանն ինչո՞ւ է գնում նման քայլի: Պատասխանը մասամբ հայտնի է. քանի Երեւանը պահպանում է իր տարածաշրջանային այս արատավոր տեսլականը, նա ենթարկվելու է շանտաժի եւ գնալու է պարտադրված քայլերի, որոնք ոչ միայն չեն բխում Հայաստանի եւ Արցախի շահերից, այլեւ սպառնալիք են մեր ազգային անվտանգությանը: Իսկ մենք տեսնում ենք, որ Երեւանը ոչ միայն պահպանում է իր այդ արատավոր տեսլականը, այլեւ դա կոչում է «դաշնակցային պարտավորություններ», «ինտեգրացիոն պարտավորություններ ԵՏՄ առաջ» եւ լեզվաբանական ակրոբատիկայի հնարքներով համեմված այլ վտանգավոր դարձվածքներ է կիրառում՝ փորձելով փրկել դեմքը, մինչդեռ Ռուսաստանի համար այս հակամարտությունը, կառավարվող էսկալացիայի լծակի պահպանումը կենսական անհրաժեշտություն է եղել եւ մնում է այդպիսին: Իսկ ուրիշ ինչպե՞ս նա պահպանի իր ազդեցությունը:

Բայց գնալով Երեւանին դեմքը փրկելը դառնում է շատ դժվար եւ, մեղմ ասած՝ անհասկանալի միջազգային հասարակական կարծիքի համար: Ավելին, պաշտոնական Երեւանը հարցականի տակ է դնում Հայաստանի միջազգային դիրքերը, որոնք առանց այն էլ խարխլված են վերջին տարիների նմանատիպ քայլերի պատճառով:

Բոլորն են տեսնում Երեւանի այս քայլքը փակ շրջանով եւ լայնորեն փակ աչքերով: Նույնիսկ կիսաբաց աչքերը բավարար են՝ տեսնելու համար, որ Ռուսաստանին Արեւմուտքը տանում է կոշտ մեկուսացման եւ վարում զսպման հստակ քաղաքականություն, իսկ ամերիկացի նորանշանակ ուժայինները ոչ միայն Թեոդոր Ռուզվելտի խորհրդին են հետեւում՝ «խոսել ցածր ձայնով, բայց մեջքի հետեւում պահել մեծ մահակ», այլեւ այդ մահակը կարող են իջեցնել վատ հասկացողների մեջքին՝ նրանց ուշքի բերելու եւ իրականության զգացումը վերադարձնելու համար: Այս ապրիլին մենք դա տեսանք Սիրիայում, Աֆղանստանում, եւ տեսնում ենք, որ այդ մահակը կարող է գործադրվել նաեւ Հյուսիսսային Կորեայի պարագայում: Իսկ ամերիկյան զորքերի կողմից թուրք-սիրիական սահմանի պարեկության մեկնարկի փաստն իսկ ահազանգ է Ալիեւի, Էրդողանի կամ Պուտինի նման «ալֆա-որձ» բռնապետների համար, որ հանգիստ օրերն անցել են, որ Պենտագոնում լուրջ տղաներ են նստած, եւ որ պետքարտուղար Թիլերսոնի՝ շաբաթներ առաջ արած նախազգուշացումը, որ ԱՄՆ-ը եւ նրա դաշնակիցները պայքարելու են նրանց դեմ, ովքեր սպառնում են իրենց հարեւաններին եւ ապակայունացնում իրենց տարածաշրջանները, կարող է ունենալ ամենազարմանալի դրսեւորումներն այդ սպառնացողների եւ ապակայունացնողների համար:

…Ապրիլի 30-ին Երեւանում վերջապես կանգնեցվեց «Կոլցո» օպերացիայի ժամանակ հերոսաբար զոհված Թաթուլ Կրպեյանի հուշարձանը: Նա 1991 թվականին զոհվեց ոչ թե ադրբեջանական, այլ սովետական՝ ռուսական բանակի դեմ մղված մարտում, բանակի, որը բերվել էր «սովետական Ադրբեջանը» հայաթափելու համար:

Այդ օրերը վերհիշելով՝ վերհիշում ենք նաեւ, թե ինչպես էր Մոսկվան նպատակաուղղված քայլերով արմատականացնում դեռ պետություն եւ կանոնավոր բանակ չունեցող հայությանը: Սովետը չկա, բայց կայսրությունը, որից մեծ հաշվով «կաշին ու ոսկորն» են մնացել, իր տարածաշրջանային քաղաքականության ալգորիթմները պահպանում է մեկ դարից ավելի: Երեւանին անհրաժեշտ է, բոլոր դեպքերում զերծ մնալով արմատականացումից, հետեւել բացառապես ի՛ր ազգային անվտանգությունից բխող շահերին: Սակայն դա պահանջում է, որպեսզի փոխվի քաղաքականության փիլիսոփայությունը, որտեղ ներկայիս տարածաշրջանային զարգացումների նկատմամբ այսպիսի արատավոր տեսլականն ուղղակի չի կարող տեղ ունենալ:

Մենք գործ ունենք ոչ միայն մեր եւ տարածաշրջանի, այլեւ Եվրոպական անվտանգության հետ, ինչը գիտակցված քաղաքական պատասխանատվություն է պահանջում: Հայաստանը չի կարող իրեն թույլ տալ այնպիսի շռայլություն, ինչպիսին կուրությունն է քաղաքականության մեջ ամբողջ աշխարհի աչքի առաջ, եւ օր առաջ պետք է բացի աչքերը եւ դադարեցնի այս անիմաստ քայլքը փակ շրջանով:

ՌՈՒԲԵՆ ՄԵՀՐԱԲՅԱՆ

«Առավոտ»

02.05.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել