Լրահոս
Օրվա լրահոսը

Քարոզչության վերջին երկու շաբաթը

Մայիս 02,2017 10:17

Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավն ընթանում է, թեեւ պակաս ակտիվ, բայց մոտավորապես նույն սխեմայով, ինչ ԱԺ-ինը: Ինքնին հասկանալի է, որ այն ընդդիմադիր թեկնածուները, որոնք պայքարում են մայրաքաղաքի ավագանիում տեղ զբաղեցնելու համար, պետք է ասեն, որ ամեն ինչ սարսափելի է, ամեն ինչ գողացվում եւ թալանվում է, Երեւանը կործանվում է եւ այլն: Իսկ ահա իրենց՝ մայրաքաղաքում իշխանության գալու հաջորդ իսկ օրը մենք կտեսնենք կոկիկ ավտոբուսներ, որոնք վարելու են Մոցարտի օպերաների սիրահար սափրված վարորդներ: Բայց նախընտրական քարոզչությունն այդպիսինն է ոչ միայն Երեւանում եւ Հայաստանում, այլեւ ցանկացած երկրում, որտեղ ընտրություններ են անցկացվում: Մարի Լը Պենն, օրինակ, ասում է, որ Ֆրանսիան եւ ամբողջ Եվրոպան է կործանվում, որ միգրանտները կերել են երկիրը, եւ եթե վճռական քայլեր չձեռնարկվեն` վերջնականապես կուտեն: Մակրոնն էլ, բնականաբար, պատասխանում է, որ ընդդիմության քարոզչությունն ուղղված է կրքեր բորբոքելուն, ցասում առաջացնելուն, ոչ թե խնդիրները լուծելուն: Եվ երկուսն էլ յուրովի իրավացի են` մեկի գործն ամեն ինչ սրելն է, մյուսինը՝ ամեն ինչ փորձել մեղմացնել, հարթել:

Թացը չորից զանազանելու համար պետք է ոչ միայն մեդիագրագիտություն, այլեւ քաղաքական գրագիտություն: Ինչպես մեդիայի դեպքում մարդիկ, անգամ Հայաստանում, կամաց-կամաց սկսել են տարբերել ճչացող վերնագրերն ու «հավաստի աղբյուրների» վրա հիմնված հորինվածքները իրական լրատվությունից, այնպես էլ իշխանամետ ու ընդդիմադիր քարոզչության մեջ մարդիկ սովորում են տարբերակել փաստարկների ու հակափաստարկների ռացիոնալ հատիկը մաքուր քաղաքական հռետորաբանությունից: Այդ հռետորաբանությունը, ըստ բնորոշման, պետք է լինի պարզունակ եւ մակերեսային: Պահանջարկը առաջարկ է ծնում նաեւ այստեղ՝ նախընտրական քարոզչությունը ոչ մի երկրում եւ ոչ մի պարագայում չի կարող շատ լուրջ լինել, որովհետեւ ուղղված է լայն զանգվածներին: Եվ այս հասցեատիրոջը հաշվի առնելով՝ հնարավոր չէ խուսափել, ինչպես այսօրվա երիտասարդներն են ասում՝ «բլթոցներից»:

Այդ բոլոր խոսակցություններին մնացել է ընդամենը երկու շաբաթ: Դե, եւս 2-3 շաբաթ էլ, հավանաբար, կխոսեն այն մասին, թե ինչպես են ընտրությունները կեղծվել: Այդպիսով, մի քանի ամիս տեւած մարաթոնը կավարտվի: Որոշ ժամանակ կյանքը հարթ կընթանա՝ առանց ճչոցների, վանկարկումների եւ «բլթոցների»: Բայց հետո քաղաքական ուժերն «իրենց կվերագտնեն» ու կպահանջեն ցրել խորհրդարանն ու կազմակերպել արտահերթ ընտրություններ: Կամ՝ փոխել Սահմանադրությունը: Այնպես որ, երկար չենք ձանձրանա:

 

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031