Լրահոս
Օրվա լրահոսը

«Տարիներ անց Երևանի գալիք սերնդին գուցե նույնիսկ դժվար լինի հավատալ, թե այդ տեղում երբևէ եղել է աղբավայր». Տարոն Մարգարյանը՝ նուբարաշենցիներին

Մայիս 01,2017 23:35

«Մենք կիրառելու ենք աշխարհի զարգացած քաղաքների փորձն  ու, համոզվա՛ծ եղեք, որ մեր ապագայի Երևանը, ընդամենը մի քանի տարի անց, նաև աղբավայրի հարցում չի զիջի մյուս քաղաքներին», – Տարոն Մարգարյանը՝ Նուբարաշենի բնակիչների հետ հանդիպմանը

«Հանուն էկո Երևանի ծրագիրը նպատակ ունի հիմնել նոր, առողջ մշակույթ, որի հիմքում կլինի շրջակա միջավայրի պաշտպանությունն ու առողջ ապրելակերպի խրախուսումը»,- Տարոն Մարգարյանը՝ Նուբարաշենի բնակիչների հետ հանդիպմանը

Երևանի գործող քաղաքապետ, ՀՀԿ նախընտրական ցուցակը գլխավորող Տարոն  Մարգարյանը Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի շրջանակում ՀՀԿ ավագանու թեկնածուների հետ միասին նախընտրական հանդիպումներ է ունեցել  Նուբարաշեն  վարչական շրջանի բնակիչների հետ:

Նուբարաշենցիներին ներկայացնելով Հանուն Երևանի նախընտրական ծրագրի դրույթները, Տարոն Մարգարյանը հատկանշել է նոր աղբավայրի կառուցումն ու հին աղբավայրերի մեկուսացումը՝ ընդգծելով, որ դրանց ուղղությամբ այսօր արդեն հստակ քայլեր են արված:

«Մեր առաջնահերթություններից մեկը տասնամյակներ շարունակ Երևանի խրոնիկ խնդիրը դարձած ու ամենաշատը հենց նուբարաշենցիներին հուզող, աղբավայրի խնդրի լուծումն է: Խնդիր, որը մի՛շտ եք բարձրացրել մեր հանդիպումների ժամանակ, ու ես այսօր վստահորեն կարող եմ հայտարարել, որ առաջիկա 5 տարում մենք վերջնականապես կլուծենք այն:

Եվ լուծումներն էլ կլինեն միջազգային չափանիշներին համապատասխան, ինչը նշանակում է, որ այն տհաճ հոտն ու տեսարանը, որի ամենօրյա ականատեսը նախ և առաջ նուբարաշենցիներն են, այլևս կմնա որպես անցյալի վատ երազ:

Կկառուցվի միջազգային չափանիշներին համապատասխան նոր աղբավայր, իսկ ներկայիս աղբավայրն էլ կմեկուսացվի ու դրա տեղում կլինի ամբողջությամբ կանաչ տարածք:

Տարիներ անց Երևանի գալիք սերնդին գուցե նույնիսկ դժվար լինի հավատալ, թե այդ տեղում երբևէ եղել է աղբավայր:

Կկառուցվի նաև աղբի տեսակավորման և վերամշակման գործարան, ինչպես նաև արտանետվող գազերի հավաքման և այրման կայան, որը կարտադրի էլեկտրաէներգիա: Սա աշխարհի զարգացած քաղաքների փորձն է ու, համոզվա՛ծ եղեք, որ մեր ապագայի Երևանը, ընդամենը մի քանի տարի անց, նաև ա՛յս հարցում չի զիջի այդ քաղաքներին»,- նշել է Տարոն Մարգարյանը:

Երևանի գործող քաղաքապետ, ՀՀԿ նախընտրական ցուցակը գլխավորող Տարոն  Մարգարյանը վստահեցրել է, որ նոր աղբավայրի կառուցմանը զուգահեռ  մայրաքաղաքում կշարունակվի նաև աղբահանության և սանմաքրման ծառայությունների որակի շարունակական բարելավումը։

«Անշուշտ, բոլորս էլ փաստում ենք, որ մայրաքաղաքի աղբահանությունն ու սանմաքրումը միջազգային օպերատորին՝ «Սանիտեք» ընկերությանը փոխանցելուց հետո, աղբահանության կազմակերպման որակական փոփոխությունն իսկապես զգալի ու տեսանելի է, սակայն դա դեռ բավարար չէ:

Մենք հստակ խնդիր ենք դրել ընկերության առջև՝ շարունակաբար բարելավե՛լ մատուցվող ծառայության որակն ու հասնել նրան, որ բոլորս միասին գոհ մնանք կազմակերպվող բոլոր աշխատանքների որակից»,- նշել է գործող քաղաքապետն ու նկատել, որ քաղաքային տնտեսության այսպիսի աշխատատար ու բավականին խոցելի ոլորտներից մեկի՝ աղբահանության և սանմաքրման, կառավարումը միջազգային օպերատորին փոխանցելը մեկ անգամ ևս հաստատեց, որ որոշակի ոլորտներում մասնավորն ավելի՛ արդյունավետ կառավարիչ է, քան համայնքային ենթակայության համանման կազմակերպությունները:

«Սա հաշվի առնելով, մենք մեր զարգացման ծրագրով նախատեսել ենք նաև մայրաքաղաքի կանաչապատման աշխատանքների կազմակերպմանն ու իրականացմանը ներգրավել միջազգային մասնագիտացած կազմակերպություն, որի արդյունքում ակնկալում ենք Երևանում ապահովել միջազգային չափանիշներին համապատասխան և միասնական մոտեցումներով կանաչապատման  իրականացում:

Սա, բնականաբար, ենթադրելու է և՛ ժամանակակից մեքենասարքավորումների ձեռքբերում, և՛ կանաչապատ տարածքների խնամքի նորագույն մոտեցումներ, և թե՛ ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների ընդլայնում ու ավելացում», – ընդգծել է Տարոն Մարգարյանն ու հավելել, որ Հանուն էկո Երևանի ծրագիրը նպատակ ունի հիմնել նաև  նոր, առողջ մշակույթ, որի հենքում կլինի շրջակա միջավայրի պաշտպանությունն ու առողջ ապրելակերպի խրախուսումը:

Անդրադառնալով նուբարաշենցիների կողմից առանձնակի կարևորվող խնդիրներին, Երևանի գործող քաղաքապետը նշել է, որ այսօր արդեն լուծում է տրվում դրանցից ևս մեկին:

Տարոն Մարգարյանը տեղեկացրել է, որ Նուբարաշենում երկրորդ մանկապարտեզ հիմնելու ծրագրի մեկնարկն արդեն տրված է, որը նուբարաշենցի հարյուրավոր փոքրիկների հնարավորություն կտա անվճար հաճախել մանկապարտեզ:

«Հաշվի առնելով, որ այս բոլոր տարիների ընթացքում դուք բազում առիթներ ունեցել եք համոզվելու, որ մեր թիմը դատարկ խոստումներ տվող չէ՛ և մի՛շտ գործով է ապացուցել, որ բանիմաց է, փորձառու և գիտի՛ իր խոսքի արժեքն ու կշիռը, այսօր եկել ենք խնդրելու ձեզ, որ մայիսի 14-ին ձեր վստահության քվեն կրկի՛ն տաք մեր թիմին: Այս տարիների ընթացքում մենք միասի՛ն ենք ապահովել մեր սիրելի քաղաքի, մեր մեծ տան զարգացումն ու, ես վստա՛հ եմ, որ մենք միասին էլի՛ կշարունակենք մեր համատեղ աշխատանքը՝ Հանու՛ն մեր ապագայի, Հանու՛ն մեր երեխաների և Հանու՛ն Երևանի»:

«Հանուն Երևանի» նախընտրական շտաբ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031