Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուզում եմ հավատալ, որ ուղղակի Տիգրան Մուկուչյանը չի հիշում». Դանիել Իոաննիսյան

Մայիս 01,2017 20:55

«Ոչ միայն բազմաթիվ անգամներ մամուլին ենք դա ասել, այլև ես անձամբ Տիգրան Մուկուչյանին եմ ասել: Զանգել ենք 136 տնօրենի` 33 մանկապարտեզի և համապատասխանաբար 103 դպրոցի տնօրենների»,-Aravot.am-ի հարցին` ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին հետաքրքրում է, թե քանի տնօրենի է զանգել «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն, այսպես պատասխանեց կազմակերպության ծրագրերի ղեկավար Դանիել Իոաննիսյանը:

Հիշեցնենք, որ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը ՍԴ-ում լրագրողների հետ զրույցում տնօրենների հայտնի ձայնագրությունների հետ կապված մի հարց էր բարձրացրել «Մինչ օրս որևէ մեկի մոտ հարց առաջացե՞լ է, ճշտե՞լ է, իսկ քանիսի՞ն են զանգել, որ 114 տնօրենից ու վարիչից քիչ թե շատ ձայնագրություններ են բերել: Գուցե զանգել են բոլորին, և սա կազմում է ընդամենը դրա ոչ ավելի, քան 10 տոկո՞սը»:

Հետաքրքրվեցինք, եթե անձամբ Տիգրան Մուկուչյանին այդ տեղեկությունը տրամադրվել է, այդ դեպքում ինչո՞ւ է նրա մոտ նման հարց առաջացել, Դանիել Իոաննիսյանը պատասխանեց. «Ուզում եմ հավատալ, որ ուղղակի Տիգրան Մուկուչյանը չի հիշում: Մեր հետազոտության մեջ էլ կան այդ տվյալները: Ես չգիտեմ, եթե Տիգրան Մուկուչյանը չի կարդացել մեր հետազոտությունը, ինչ ասեմ: Մենք անձամբ Տիգրան  Մուկուչյանի հետ վատ հարաբերությունների մեջ չենք: Անձամբ եմ Տիգրան Մուկուչյանին ասել, թե ինչու չի վկայակոչում, չգիտեմ»:

Մանրամասնելով տնօրենների ձայնագրություններից ստացված տվյալները` Դանիել Իոաննիսյանն ասաց. «Դպրոցի տնօրեններից 19-նն են ասել, որ ցուցակ չեն հավաքում, մանկապարտեզների տնօրեններից` երեքը»:

Պարոն Մուկուչյանը շարունակում է պնդել, որ «ՍԱՍ»-ի, ինչպես նաև տնօրենների ձայնագրությունները  բավարար հիմք չէին, որպեսզի դիմեին կուսակցության` գրանցման ուժը կորցրած ճանաչելու համար:

Դանիել Իոաննիսյանը հակադարձում է, թե «բավարար հիմք է կուսակցության գրանցման անվավեր ճանաչելու համար, քանի որ ձայնագրությունը ցույց է տալիս, թե իրականում ինչպես է կուսակցությունը ձայներ հավաքում»: Պարոն Իոաննիսյանը հավելեց. «Ոչ թե քարոզարշավով, Կարեն Կարապետյանի սիրուն փողկապով, այլ այդ վարչական լծակներով»:

Հիշեցրինք այն դիտարկումները, թե համատարած գնացել ընտրել են ՀՀԿ-ին: Դանիել Իոաննիսյանը հորդորեց չմեղադրել հասարակությանը, քանի որ «չի կարծում, որ 49 տոկոսը մեծամասնություն է, և բազում մարդիկ չեն քվեարկել` հույս չկապելով ընտրությունների հետ: ՀՀԿ-ի օգտին քվեարկածներից շատերն էլ ստիպված են եղել դա անել»: Ըստ պարոն Իոաննիսյանի` ընտրություններն անցել են ոչ ազատ, ոչ արդար. «Որ Հյուսիսային Կորեայում ժողովրդի 99 տոկոսը գնում Կիմ Չենին է ընտրում, ի՞նչ է Կորեայի ժողովո՞ւրդն է վատը: Ոչ, ուղղակի Հյուսիսային Կորեայում մթնոլորտն այնպիսին է, որ չես կարող ուրիշին ընտրել»:

Հետաքրքրվեցինք`«Իրազեկ քաղաքացիների միավորումը» նոր անակնկալներ պատրաստո՞ւմ է, Դանիել Իոաննիսյանը պատասխանեց, թե «մեր տղաները փորձում են ինչ-որ հետաքրքիր բաներ գտնել»:

Իր վրա ճնշումների մասին ասաց. «Դատական գործերն են, բայց ես վստահ եմ, որ եթե դեռ չեն հասցրել փոշմանել, ապա վստահաբար կհասցնեն փոշմանել, որ այդ քայլին գնացին»:

Հստակեցրինք` տնօրենների՞ մասին է խոսքը, Դանիել Իոաննիսյանը պատասխանեց. «Ավելի շատ իրենց կազմակերպողների»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031