Այսօր Երեւանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանն իր թիմակիցների հետ քարոզարշավ իրականացրեց Նուբարաշենի քրեակատարողականի մոտ: Մոտենալով քրեակատարողական հիմնարկին՝ նա բարձրախոսով դիմեց կալանավորներին, «Սասնա ծռեր» խմբի անդամներին. «Ողջունում եմ ձեզ, այսօր այս նեղ պահին նեղ տեղում գտնվող իմ սիրելի՛ ընկերներ՝ Անդրիասը, Գեւորգը Սաֆարյան, Արմենը Բիլյան եւ շատերը, ովքեր միգուցե այստեղ չեն, բայց բոլորիդ ողջունում ենք:
Հույսով եղեք, հավատով եղեք, ազատագրումը տեղի է ունենալու եւ շուտով բոլորդ ազատվելու եք այս բանտախցից եւ բանտախուցը զիջելու եք ՀՀԿ-ի հանցագործներին, որոնց իսկական տեղը այստեղ է՝ այս բանտախցում: Այս գարշելի պայմաններում նրանց պետք է պահեն: Ճիշտ է, ես դեմ եմ մարդկանց նկատմամբ կիրառվի խտրական մոտեցում, բայց ճիշտ կլիներ, որ նրանք էլ համտեսեին այս պայմանները, այս թշվառ պայմանների մեջ նրանք էլ գտնվեին եւ իմանային ինչ կա մեր երկրում իրականում, այլ ոչ թե դուք՝ մարդիկ, որ արժանապատիվ պայքարել եք մեր իրավունքների համար»:
Կարդացեք նաև
Նա սկսեց ներկայացնել «Երկիր Ծիրանի» կուսակցության ծրագիրը, ասելով, որ այն ներառում է լյուստրացիա, որը վերաբերում է այն պաշտոնյաներին, որոնք տարիներ շարունակ մարդու իրավունքները ոտնահարել են: Փոստանջյանը ողջունեց քաղբանտարկյալներին՝ ասելով, որ ազատ են արձակվելու բոլորը:
«Երկիր Ծիրանիի» թիմակիցներից մեկն էլ, բարձրախոսով հուսադրեց կալանավորներին՝ ասելով, որ «տեղերը փոխվելու են, այն հանցագործները, որոնք ազատության մեջ են, կգան փոխարինելու ազատամիտ մտածող այն մաքրամաքուր անհատներին, ինչպիսին դուք եք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ