Զարուհի Փոստանջյանն այսօր «Երկիր Ծիրանի» կուսակցության իր թիմակիցների հետ քարոզարշավ էր իրականացնում Էրեբունի համայնքում:
Բակերից մեկում մոտենալով «բեսեդկայում» նստած երիտասարդ տղաների՝ Փոստանջյանը բաժանեց իր բուկլետները՝ ծրագրի սեղմագիրը եւ հարցրեց՝ շատ գեղեցիկ երիտասարդներ եք, ինչո՞վ եք զբաղվում: Նրանք էլ պատասխանեցին. «Դուք էլ եք շատ գեղեցիկ»: Երիտասարդները, ինչպես պարզ դարձավ զրույցից, աշխատանք չունեին: Փոստանջյանը հարցրեց՝ բանակ գնացե՞լ եք. «Բանակ գնացել, եկել եք ու գործ չունեք: Մատաղի՞ս ես ծառայել, ապրես, լավ տղա ես»: Երիտասարդներից մեկն ասաց, որ ինքը չի ծառայել, բայց հասցրել է 3 երեխա ունենալ: Փոստանջյանն էլ մաղթեց. «4-րդն էլ ունենաս, դա էլ է ծառայություն»:
Բակերից մեկում տղամարդիկ հարցրեցին՝ ե՞րբ ենք ձեզ գործի մեջ տեսնելու: Փոստանջյանը պատասխանեց. «Շուտով: Շուտով գալու ենք մաքրենք այս աղբից մեր երկիրը, գալու ենք կարգուկանոն հաստատենք»:
Շենքերից մեկի բակում հավաքված կանայք հեռվից ձեռքով էին անում Զարուհի Փոստանջյանին ու կանչում: Նրանք վստահեցրին. «Մենք ձեզ ենք տալու մեր ձայնը»: Փոստանջյանը ողջունեց. «Միասին պետք է լինենք կանանցով, ուժեղ ու ամուր»:
Կարդացեք նաև
Նուբարաշենի բնակիչ մի մեծահասակ մարդ՝ Արտյոմ անունով Մուրացանի հոսպիտալի մոտ Փոստանջյանի տեսնելով՝ ասաց. «Արտագաղթը շատ, ծնելիությունը՝ քիչ, ամուսնությունը՝ քիչ ու քիչ: Բայց չէ՞ որ մեր ազգը 11 մլն աշխարհով մեկ սփռված է: Ինչ ասեմ, հաջողություն եմ մաղթում ձեզ՝ իմ հարազատ, իմ գեղեցկուհի, ես հպարտանում եմ՝ ձեր ձայնը լսելով»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ