«Հանուն արժանապատիվ աշխատանքի և վարձատրության», «Արդար աշխատանքային հարաբերություններ», «Մենք ուժեղ ենք միասին» կարգախոսներով այսօր Երեւանի կենտրոնում աշխատանքի օրվա առիթով շրջեցին արհմիությունների ներկայացուցիչները:
«Այսօր աշխատավորների համերաշխության օրն է, մեր ձայնը միացնում ենք աշխարհի բոլոր աշխատավորների ձայնին՝ պահանջելով մեզ համար արդար աշխատանքային հարաբերություններ»,- հայտարարեց ՀՀ արհմիությունների կոնֆեդերացիայի ներկայացուցիչը:
ՀՀ պետական հիմնարկների ու ՏԻՄ աշխատողների հանրապետական արհմիության նախագահ Անահիտ Ասատրյանի համար այսօր պետք է ամեն ինչ անել՝ պետական աշխատողների բարի համբավը վերականգնել: Նա հիշեցրեց, որ անցած տարի կառավարությունը հայտարարում էր, որ անարդյունավետ կառավարում է, կառավարման ոլորտում ձրիակերներ են, որոնք պետբյուջեից գումար են միայն ստանում:
Հայաստանի Արհմիությունների Կոնֆեդերացիայի նախագահի տեղակալ Բորիս Խառատյանն էլ երթի էր դուրս եկել՝ արժանապատիվ աշխատանք պահանջով, ումից է պահանջում, ասաց՝ կառավարական մարմիններից, գործատուներից, պետությունից, բոլորից:
Կարդացեք նաև
Նույն կոնֆեդերացիայի ներկայացուցիչ Արսեն Մխիթարյանն էլ զարմացավ դիտարկումից, թե աշխատավորների օրը կա, բայց աշխատավորներ գրեթե չկան, գործազրկության ցուցանիշն էլ գնալով աճում է:
«Թեթեւ արդյունաբերության ոլորտում աշխատատեղեր են շատ բացվում, մի կողմը նայում եք, մյուս կողմը չեք ուզում տեսնել»,- կարծում է մեր զրուցակիցը:
Նրա տվյալներով, այս տարվա ընթացքում թեթեւ արդյունաբերության ոլորտում արդեն հազարից ավելի աշխատատեղ է բացվել, նախորդ տարիների համեմատ էլ այս ոլորտում նոր աշխատատեղերի թվի աճ կա. «Էն էլ շատ լավ աճ»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ