ՀՀԿ ավագանու թեկնածուներն այսօր Նուբարաշեն վարչական շրջանում էին:
Քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանը նուբարաշենցիներին խոստացավ ընտրվելու դեպքում ավելի բարեկարգ Երեւան. «Համոզված եմ, որ այս հինգ տարիների ընթացքում կտեսնենք ավելի բարեկարգ ու կանաչ Երեւան»:
Նա վստահեցրեց, որ քաղաքապետ վերընտրվելու դեպքում շարունակելու է մանկապարտեզների, սպորտ դպրոցների վերանորոգումը եւ հիշեցրեց, որ ոչ վաղ անցյալում Նուբարաշենում ընդամենը մեկ մանկապարտեզ էր, եւ բնակիչները դժգոհում էին, որ մեկը քիչ է. «Այս տարիների ընթացքում ձեռքներս ծալած չենք նստել, մտածել ենք երկրորդ մանկապարտեզը ստեղծելու մասին, այսօր ունենք այդ հնարավորությունները, մեկնարկը տրված է՝ Նուբարաշենը կունենա իր հաջորդ մանկապարտեզը եւ դա լինելու է շարունակական: Մեր երեխաներն առանց հերթերի կհաճախեն մանկապարտեզներ»:
Հաջորդ գերակա խնդիրը, ըստ Տարոն Մարգարյանի, Երեւանի քայքայվող տրանսպորտն է. «Որը բոլորիս է հուզում, մենք երեք տարի առաջ փորձեցինք մասամբ լուծում տալ, բայց մեզ չհաջողվեց, հանգիստ մեր տեղը չենք նստել, գիտակցում էինք, որ տրանսպորտի ոլորտը ճգնաժամ է ունենալու, այսօր բոլորս տեսնում ենք այդ ամենը»:
Կարդացեք նաև
Ըստ նրա, արդեն խորհրդատուներ են վարձել, նրանք կուսումնասիրեն ու լուծումներ կներկայացնեն առաջիկայում. «Երեւանցին ունենալու է ապահով տրանսպորտ, նորմալ սպասարկում ենք կարողանալու իրականացնել, ամբողջ համակարգի բարեփոխում է, ոչ թե մեկ-երկու երթուղային ավելացնելու հարց»:
Տարոն Մարգարյանը խոստացավ նաեւ, որ սոցիալական խմբերի համար լրացուցիչ բեռ չեն առաջացնելու. «Կունենանք այն քաղաքային տրանսպորտը, որը բոլորս ենք ցանկանում… եկել ենք մեր թիմով խնդրելու, որ հնարավորություն տաք շարունակենք մեր բոլոր ծրագրերը»:
Երբ ՀՀԿ-ական քաղաքապետի թեկնածուն ավարտեց իր ելույթը, նրան մոտեցան քաղաքացիներ ու ներկայանալով Նուբարաշեն վարչական շրջանի բնակիչներ՝ գովեցին նրան, շնորհակալություն հայտնեցին արած աշխատանքի համար:
Մի տարեց մարդ էլ հպարտացավ՝ տարիներ առաջ Սովետաշեն էր, հիմա՝ Նուբարաշեն:
Տարոն Մարգարյանին դիմեցին նաեւ լույսի վարձավճարի ու այլ կենցաղային հարցերով: Գովեցին նրան, խոստացան իրեն ձայն տան, քաղաքացիներից մեկը հպարտացավ, որ ոչ միայն Նուբարաշենն է գեղեցիկ, այլեւ ամբողջ Երեւանը: Մի կին էլ ողջ նուբարաշենցիների անունից խոստացավ, որ ողջ Նուբարաշենը Տարոն Մարգարյանին է ձայն տալու:
Քաղաքացիներից մեկն էլ բարեմաղթանք ասաց քաղաքապետի թեկնածուին՝ առողջ եղեք, մեզնից՝ անպակաս. «Առողջություն, երջանկություն»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ