Լրահոս
Օրվա լրահոսը

Շիրակի մարզպետի թոռնիկների համեստ կնունքը՝ Երևանի ոստիկանապետի մասնակցությամբ (Տեսանյութ, ֆոտոշարք)

Մայիս 01,2017 17:42

Այսօր Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Եպիսկոպոս Աջապահյանի ձեռամբ օծվեց Արթիկի տարածաշրջանի Լեռնակերտ գյուղի Սուրբ Հովհաննես Մկրտչի անվան եկեղեցու զանգը։ Այն բազիլիկ ոճի 4-րդ դարի կառույց է, Հայաստանի ամենահին գործող եկեղեցիներից մեկը։ «Թե՛ Արևմտյան, թե՛ Արևելյան Հայաստանում մատների վրա կարելի է հաշվել 4-րդ դարի եկեղեցի, այն էլ այսպես կատարյալ վիճակում։ Զանգը եկեղեցու համալրում է, որովհետև եկեղեցին ամեն ինչ ունի, ինչ-որ հարկն է սպասավորության, ծառայության համար, միակ պակասը զանգն էր, և փառք Աստծո, որ մեր եկեղեցու խաչի քավորի շնորհիվ համալրվում է այսօր նաև զանգով»,-ասաց Տեր Եղիշե քահանա Նազարյանը։

Իսկ եկեղեցու խաչի քավորը Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանն էր, որի անուն-ազգանունը փորագրված էր եկեղեցու զանգի վրա։ Նշենք, որ Լեռնակերտը Շիրակի մարզպետի ծննդավայրն է։ «Եթե էսօր ներդրում ես անում, ամենաճիշտ տեղը Աստծո մոտ է, մյուս տեղերում չգիտեմ արդյունքն ինչպիսին կլինի, բայց Աստծո մոտ հավիտենական ու հավերժ է»,- ասաց Հովսեփ Սիմոնյանը։ Նա նշեց, որ ամաչում է խոսել այս փոքրիկ ներդրման համար, քանի որ դա քրիստոնյա հայի հոգու պարտքն է։

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը զանգը օրհնելիս ու առ Աստված աղոթք հնչեցնելիս՝ գովաբանեց Հովսեփ Սիմոնյանին, որ չի մոռացել իր հայրենի գյուղը, առատաձեռն է գտնվել ու հոգատարություն ցուցաբերել հայրենի գյուղի եկեղեցու, հավատացյալների նկատմամբ։

Սրբազանը չանտեսեց նաև Շիրակի նախկին, Երևանի այժմյան ոստիկանապետ Սարգիս Մարտիրոսյանին, որը նույնպես մասնակցում էր իր ծննդավայրում՝ Լեռնակերտում տեղի ունեցող այս իրադարձությանը։

Արթիկի թեմի առաջնորդ Հայր Նարեկ վարդապետ Ավագյանն էլ նշեց, որ այս ամենն արվեց ոչ թե մեկ անձի կամ մեկ ընտանիքի համար, այլ ամբողջ գյուղի հավատացյալների։ «Այս զանգը, երբ որ հնչի, թող միայն ուրախության ավետիս բերի գյուղի համար, երբեք գուժկան զանգ չլինի, երբեք գույժ, ցավ, ողբերգություն չազդարարի, այլ միայն բերկրանք, ուրախություն ու ավետիս»,-ասաց Հայր Նարեկը։ Նա, ի դեպ, երբեք չի մոռանում մեծարել Միքայել Աջապահյանին։

Եկեղեցու զանգն օծելուց, կախելուց ու հնչեցնելուց հետո, եկեղեցում կնքեցին Շիրակի մարզպետի երկու թոռնիկներին՝ Հովսեփին ու Հասմիկին․ նրանք կրում են տատիկ-պապիկի անունները։

Այնուհետ ողջ գյուղով սեղան նստեցին․ եկեղեցու բակում մատաղ բաժանեցին ներկաներին։ Նշենք, որ մարզպետի թոռների կնունքը բավական համեստ էր, այս արարողության ամենաբարձրաստիճան պաշտոնյան թերևս Երևանի այժմյան ոստիկանապետն էր, որն ամբողջ ընթացքում ջերմորեն ողջունում ու զրույցի էր բռնվում իր համագյուղացիների հետ։

Մարզպետի թոռնիկների կնունքին մասնակցում էին նաև Շիրակի մարզպետարանի բավական մեծ թվով պաշտոնյաներ։ Նրանք ոսկեզօծ Աստվածաշունչ նվիրեցին մարզպետի ընտանիքին։ Եվ երբ նվերը ցույց տվեցին Միքայել Սրբազանին, վերջինս կատակեց՝ ասելով․ «Մարդ պիտի մարզպետ լինի, որ այսպիսի նվեր ստանա»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031