Լրահոս
Օրվա լրահոսը

Պահանջվում է` սաունայում աշխատելու համար բարետես աղջիկ, շաուրմա պատրաստող, անգամ աճպարար

Մայիս 01,2017 17:29

Աշխատանքի հայտարարություններում մատուցողուհու, շաուրմա պատրաստողի, մաքրուհու ու «մենեջերի» պահանջարկն ամենաշատն է: Գործատուները, սակայն, անգամ 60 հազար դրամ աշխատավարձի դիմաց այնպիսի պահանջներ են սահմանում, որ այդ հաստիքները տարիներով չեն համալրվում:

Աշխատանքի հայտարարությունները, որոնց ծանոթացանք տարբեր կայքեր այցելելով, վկայում են նաեւ, թե ինչպես են մեր երկրում համատարած խախտվում մարդկանց աշխատանքային իրավունքները: Պահակի, մատուցողուհու, հյուրանոցի աշխատակցի, մաքրուհու թափուր հաստիքներ կան, սակայն գործատուի պահանջներից մեկը 24-ժամյա աշխատանքն է: Մինչդեռ Աշխատանքային օրենսգրքով սահմանված է, որ աշխատաժամանակի նորմալ տեւողությունը չի կարող անցնել շաբաթական 40 ժամից` բացառությամբ նախատեսված այլ դեպքերի, որոնց պարագայում էլ շաբաթվա ընթացքում չի կարող անցնել 48 ժամից:

list.am-ում զետեղված հայտարարություններից մեկով, կազմակերպությունն աշխատանքի է հրավիրում մինչեւ 35 տարեկան երիտասարդ աղջկա` ինչ-որ օբյեկտում 24 ժամ աշխատելու համար:

Մեկ այլ գործատու էլ, սաունայի աշխատակից է փնտրում` հատուկ շեշտելով, որ իրեն անհրաժեշտ է մինչեւ 26 տարեկան եւ իգական սեռի աշխատակից, հետն էլ նշելով, որ եթե բարետես չլինի` չդիմի:

Օրինակ` սննդի ցանցում գանձապահ աշխատելու համար գործատուի պահանջներից մեկը սթրեսակայուն լինելն է:

Մեկ այլ հյուրանոցատեր էլ մաքրուհի է ուզում եւ պարտադիր պահանջ է համարում մաքրասեր լինելը:

Անհատի համար թիկնապահի հայտարարությունում էլ պահանջվում է, որ դիմողը լինի մարզված: 60 հազար դրամով անշարժ գույքի գործակալությունն է աշխատանքի հրավիրում 22-30 տարեկան բարետես գործավարուհու, որը պետք է ունենա բարձրագույն կրթություն, հայերենի, ռուսերենի, անգլերենի եւ համակարգչային գերազանց իմացություն: Ի դեպ, այս գործատուի պահանջներից մեկը լուսանկարի պարտադիր պահանջն է, եւ, եթե հայտին լուսանկար փակցված չլինի` գործատուն այն անվավեր կհամարի, քանի որ` «սպասարկման ոլորտ է, արտաքին տվյալները շատ կարեւոր են»:

Սպորտային ակումբներից մեկն էլ մաքրուհու հայտ է ներկայացրել, սակայն մաքրասեր լինելուց բացի, գործատուն պահանջում է, որ նա լինի «բարեխիղճ, արագաշարժ ու պունկտուալ»:

Աշխատանքի հայտարարություններում անգամ աճպարարի թափուր հաստիքներ կան, սակայն այս հմտություններով մարդկանց համար գործատուները հատուկ պահանջներ չեն նշում:

Պաշտոնական տվյալների համաձայն, 2016թ. սեպտեմբերի դրությամբ Հայաստանի տնտեսապես ակտիվ բնակչության ավելի քան 18%-ը գործազուրկ է:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031