Լրահոս
Օրվա լրահոսը

«Գյուղնախարարի ոտքերը պետք է ցեխոտվեն, որ գյուղացու խնդիրները հասկանան». ֆերմեր

Մայիս 01,2017 17:30

Ֆերմերների վստահեցմամբ` այս պահին հայկական շուկայում վարունգն ու պոմիդորը 90-95 տոկոսով տեղական են:

«Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը ֆերմերները կարծիք հայտնեցին, որ գազի գնի էժանացումն ու Թուրքիայից լոլիկի ներմուծման խոչընդոտումը դրական ազդեցություն է ունեցել գյուղացու վրա:

Դարակերտ համայնքի ղեկավարի տեղակալ, ֆերմեր Վարուժան Խուդեդանյանը նշեց. «Այս գործընթացների արդյունքում առաջին անգամ մեր գյուղացիները չեն ունենա ժամկետանց վարկեր և կմտածեն արտադրության ծավալների ավելացման մասին: Օգնություն էր նաև այն, որ նոյեմբերի 1-ից մարտի 31-ը որքան էլ գազ ծախսեին ֆերմերները, վճարում էին 100 հազար դրամ: Սա էլ իր դրական ազդեցություն ունեցավ: Այնպես որ, եթե այսպես շարունակվի, Դարակերտից ոչ մեկը չի արտագաղթի»: Պարոն Խուդեդանյանը վստահեցրեց, որ այս պահին հայկական շուկայում 90-95 տոկոսով տեղական արտադրության լոլիկ ու վարունգ է. «Մայիսի 10-15-ը Հայաստանից լոլիկի և վարունգի արտահանում կսկսվի Մոսկվա և Կրասնոդար»:

Ֆերմեր Արմեն Սիմոնյանն էլ հակադարձեց, թե միայն թուրքական լոլիկի ներկրման խոչընդոտմամբ հարցը չի լուծվում. «Գյուղատնտեսության մակարդակը պետք է բարձրացնեն: Կասկածում եմ, որ գյուղատնտեսության նախարարությունը տեղյակ է բոլոր խնդիրներից: Մի լուրջ գյուղացու, ֆերմերի հետ կլոր սեղանի շուրջ չեն նստել: Գյուղնախարարի ոտքերը պետք է կեղտոտվեն ու ցեխոտվեն, որ գյուղացու խնդիրները հասկանան ու դրանց լուծում լինի»:

Ֆերմերը նշեց, որ գյուղացին այսօր շատ խնդիրներ ունի, ուստի «միայն Եվրոպայից մասնագետ բերելով ու դասախոսություններ կարդալով` հարցը չի լուծվում»:

Նա նշեց, թե մեր ունեցած ապրանքը մեզ համար շատ է, իսկ դրսի համար` քիչ: Ֆերմերի կարծիքով` պետք է բարձրացնենք մեր արտադրողականության մակարդակը, և այդ դեպքում միայն կարող ենք Թուրքիայի հետ մրցունակ լինել, քանի որ մեր լոլիկն իր տեսքով և համային առումներով գերազանցում է թուրքականին, երկու անգամ օգտակար նյութերի քանակը նրանում բարձր է թուրքականից»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031