Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Երկիր ծիրանի». Երեւանի շենքերի հիմնական մասը կարող է օգտագործել արեւային էներգիան

Մայիս 01,2017 16:23

Այսօր ձեզ եմ ներկայացնում մեր ծրագրային դրույթները՝ աղբահանության, թափոնների վերամշակման, ինչպես նաև այլընտրանքային էներգիայի արտադրության վերաբերյալ:
ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅՈՒՆ, ԹԱՓՈՆՆԵՐԻ ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄ ԵՎ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Հայաստանում աղբահանության ոլորտի կարգավորման հարցում բացակայում է համակարգային մոտեցումը: Աղբը շարունակվում է կուտակվել տարբեր` ե՛ւ նախատեսված, ե՛ւ չնախատեսված վայրերում: Աղբավայրերի աղբի վերամշակման եւ տեսակավորման քաղաքականության ներդրման պահանջն առաջնային խնդիր է:
Աղբը Երեւանում ու այլ վայրերում այրվում է, եւ մթնոլորտ են նետվում մահացու չափաբաժնով թունավոր նյութեր:

Հայաստանում աղբակույտերի եւ աղբի վերամշակումն էկոլոգիապես անվտանգ միջոցներով առաջնային խնդիր է:

Երեւանի քաղաքապետարանը, Նուբարաշենի աղբավայրի վերամշակման ծրագրի շրջանակներում ճապոնական կոնսորցիումին հատկացնելով ընդամենը 7 հեկտար ընդհանուր 35 հեկտար կազմող աղբավայրի տարածքից, հրաժարվել է էլեկտրաէներգիայի արտադրությունից եւ համաձայնվել է միայն այրել հավաքած կենսագազը: Ճապոնական կոնսորցիումի երկու ընկերության` «Միցուի»-ն եւ «Խոկկայդոէլեկտրիկ»-ին, այրվող աղբից էլեկտրաէներգիայի արտադրություն իրականացնելու հնարավորության մերժումը Երեւանի քաղաքապետարանի կողմից հանգեցրեց նրանց կողմից ծրագրից հրաժարման: Իսկ «Շիմիզու» ընկերությանը հաջողվեց համոզել մնալ եւ շարունակել նախագիծը նման ոչ ամբողջական տարբերակով: Սույն ծրագրի շրջանակներում ճապոնական կողմը կորցրեց մեծ քանակությամբ արտանետումների նվազեցման միավորներ ձեռք բերելու հնարավորությունը, եւ հայկական կողմի հետ զրկվեց էլեկտրաէներգիայի վաճառքի եկամտից, որը կկազմեր տարեկան 300000 դոլար` յուրաքանչյուր կողմի համար:
Երեւանը նաեւ չստացավ աշխատատեղեր, նորարարական տեխնոլոգիա, որը կարելի էր օգտագործել` Գյումրու եւ Վանաձորի աղբավայրերում իրականացնելով նման էկոլոգիական ծրագրեր:

Աղբի եւ թափոնների կուտակման քաղաքականության կառավարումը պետք է ներառի հետեւյալ հիմնական բաղադրիչները.

• թափոնների գոյացման կանխում,
• թափոնների օգտագործումը երկրորդ անգամ,
• եթե թափոնների օգտագործումը հնարավոր չէ երկրորդ անգամ, ապա անհրաժեշտ է կիրառել ռեցիկլինգ (թափոնից այլ ապրանքի արտադրություն),
• թափոնները պետք է օգտագործվեն էներգիայի արտադրության համար,
• վերը նշված գործողությունների անհնարինության պարագայում` թափոնները կարող են կոնսերվացվել հատուկ աղբավայր-գերեզմանոցում:

Եվրոպական Միության կողմից այս մեթոդի կիրառումն արագորեն լուծել է թափոնների կառավարման համակարգի վերակառուցման հարցը: Այս հարցում Եվրոպական Միության երկրներից առաջատար Շվեդիան է, որի 98,6% թափոնները վերամշակվում են եւ վերածվում էլեկտրաէներգիայի: Այդ պետությունը ներկայումս ունի 31 ձեռնարկություն, որոնք թափոնների վերամշակման միջոցով ստանում են էլեկտրաէներգիա, եւ 57 ձեռնարկություն, որոնք իրականացնում են ռեցիկլինգ (թափոնից այլ ապրանքի արտադրություն): Թափոնների համալիր կառավարման շնորհիվ նրանք գրեթե վերացրել են թափոնների պոլիգոնները եւ աղբավայրերը:

Երեւանի զարգացման համար կարեւոր նշանակություն ունի նաեւ այլընտրանքային էներգիայի ներդնումը եւ զարգացումը: Այս ուղղությամբ ներդրումային քաղաքականություն վարելն առաջնահերթություն է: Երեւանն արեւային էներգիայի օգտագործման համար ունի նպաստավոր պայմաններ:

Երեւանի շենքերի հիմնական մասը կարող է օգտագործել արեւային էներգիան:
Շենքերում հնարավոր է տեղադրել արեւային վահանակներ եւ արեւային կոլեկտորներ` ջրի ջեռուցման համար:

Երեւանում աղբի ու թափոնների վերամշակման եւ այլընտրանքային էներգիայի ներդրման հիմնական խնդիրներն են.

• Երեւանում գոյացած կենցաղային աղբը տեղափոխող կազմակերպությունների պարտականությունների նկատմամբ պատշաճ վերահսկողության բացակայությունը եւ խախտումների առկայության դեպքում անպատժելիությունը,
• իրականացնել ամբողջական ծրագիր աղբավայրի եւ թափոնների վերամշակման վերաբերյալ, որը կներառի` աղբի եւ թափոնների վերամշակում, էլեկտրաէներգիայի արտադրություն եւ էկոլոգիայի բարելավում,
• խրախուսել ներդրումների իրականացումն այլընտրանքային` արեւային էներգիայի համակարգի շահագործման համար:

 

Զարուհի ՓՈՍՏԱՆՋՅԱՆ

Երեւանի քաղաքապետի թեկնածու

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031