Հայաստանի Արհմիությունների կոնֆեդերացիայի պատասխանատու քարտուղար Գառնիկ Վաղարշակյանն այսօր մայիսմեկյան տոնի առիթով կազմակերպված երթի ժամանակ միայն աշխատավորների խնդիրներն էր բարձրաձայնում:
«Աշխատանքից ազատում, նվազագույն աշխատավարձ, գործազրկություն, աշխատանքային պայմանագրեր, աշխատանքի անվտանգության խնդիրներ, խնդիրներն այնքան շատ են, որ դժվար է մի երթի ժամանակ ասել, բայց այդ բոլոր խնդիրները կուտակված են աշխատավոր մարդու առջեւ»,- ասաց պարոն Վաղարշակյանը:
Մեր հարցին՝ այսինքն այսօր տոնելու ոչինչ չունե՞ք, պատասխանեց՝ ոչ. «Այդպես էլ ասել ենք՝ սա մեզ համար տոն չէ: Քանի դեռ սոցիալական բեւեռացումը շատ է, մեծ է, չենք կարող սա համարել մեզ համար տոն… Այսօր պահանջում ենք նվազագույն աշխատավարձի ինդեքսավորում, որ աշխատող մարդը ոչ թե վարկերով ծախսեր կատարի, այլ կարողանա քայլեր կատարել իր ընտանիքի բարեկեցության համար, իսկ բարեկեցության մասին խոսելն այսօր ավելորդ է: Ընդհանրապես սոցիալապես բեւեռացված երկրում աշխատավոր մարդն իր նվազագույն աշխատավարձով կենսոլորտի վճարումները չի կարողանում կատարել, ստիպված վարկեր է վերցնում, իսկ այդ վարկեր տվողները, ավանդների տերերը մեր օլիգարխ իշխանավորներն են: Մենք այս խնդիրների նկատմամբ պետք է ուշադիր լինենք, ուշադիր լինենք նաեւ, որ ամեն մի աշխատող իր աշխատատեղում պաշտպանված լինի»:
Անդրադառնալով ՀՀ նախագահի՝ աշխատավորներին ուղղված ուղերձին, պարոն Վաղարշակյանը նկատեց, որ վերջին տարիներին առաջին անգամ ՀՀ նախագահն ու վարչապետը ուղերձ են հղել աշխատանքի օրվան նվիրված. «Հասունացել է այն խնդիրը, որ իշխանությունը դեմքով շրջվել է դեպի աշխատավոր մարդն ու այդ օրը ուղերձ է հղում»:
Նրա խոսքով, քաղաքական ուժերը ժամանակ առ ժամանակ իրենց խնդիրներն են բարձրացնում
Տեսանյութն՝ ավելի ուշ
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ