Ամփոփվել են «Ավրորա» գեղարվեստական մրցույթի արդյունքները:
Մայիսի 1-ին հայտնի դարձան «Ավրորա» գեղարվեստական մրցույթի հաղթողները: Մրցույթին՝ իր գեղանկարով, հաղթել է 7-ամյա Արփի Ղազարյանը, ով Երեւանի Իգիթյանի անվան ազգային գեղագիտական կենտրոնի սան է: Երկրորդ մրցանակն ստացավ 13-ամյա Սոֆյա Յակովլեւան՝ Ռուսաստանի Սարատով քաղաքի Գեղարվեստի մանկական ստուդիայից, երրորդ հորիզոնականում Երեւանի «Գասպարյան» արտ-ստուդիայի սան 11-ամյա Աննա Կոստանյանի գեղանկարն է: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը մասնագիտական ժյուրիի որոշմամբ հատուկ մրցանակներ է շնորհել մրցույթի երկու մասնակիցների՝ Ժասմինա Հովհաննիսյանին (11 տարեկան, Ներքին Գետաշեն,) եւ Ռուդոլֆ Ավանեսյանին (14 տարեկան,Երեւան,):
Մրցույթի հաղթողները պարգեւատրվեցին մրցանակներով եւ բացառիկ հնարավորություն ստացան մասնակցելու 2017թ. «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությանը մայիսի 28-ին, Երեւանում:
«Մրցույթին երեխաների մասնակցության թիվը շատ տպավորիչ էր: Մրցույթի միջոցով նրանք հնարավորություն ունեցան արժեւորել իրենց աշխատանքը, իմացան, որ կարեւոր գործ են անում, ոգեւորվեցին, – ասաց «Ավրորա» գեղարվեստական մրցույթի ժյուրիի անդամ Տիգրան Մատուլյանը, – մենք գնահատել ենք աշխատանքի՝ թեմային համապատասխանությունը եւ երեխայի ազնվությունը, ինչպես նաեւ աշխատանքի որակը: Բոլորն էլ լավ աշխատանքներ են ներկայացրել, բայց մենք ստիպված էինք ընտրել լավագույնները: Բոլոր երեխաներն էլ հաղթել են՝ մասնակցելով այս մրցույթին»:
Մրցույթի հաղթողները պարգեւատրվեցին Երեւանի Հովհաննես Թումանյանի թանգարանում, որտեղ նաեւ կազմակերպվել է ցուցահանդես՝ մրցույթին ներկայացված 63 լավագույն աշխատանքներով: Ցուցահանդեսն այցելուների համար բաց կլինի մինչեւ մայիսի վերջ, երբ կամփոփվեն «Ավրորա» մրցանակի հիմնական միջոցառումները:
«Ավրորա» գեղարվեստական մրցույթին, որը հայտարարվել էր 2017թ. հունվարին, մասնակցել են 7-14 տարեկան երեխաներ: Մրցույթին ներկայացվել են հազարից ավելի աշխատանքներ Հայաստանից, Արցախից, Ռուսաստանից, Ղրղզստանից, Վրաստանից, Թուրքիայից, ԱՄՆ-ից, Կանադայից, Վենեսուելայից եւ Ֆրանսիայից:
Մամլո հաղորդագրություն